Էդ ո՞վ է ասում, որ մարզպետները գործ չեն անում

Էդ ո՞վ է ասում, որ մարզպետները գործ չեն անում

Իշխանության վերնախավում քննարկվում է մարզպետաց դասը «բնաջնջելու» հարցը։



Քննարկումները դեռեւս սաղմնային փուլում են, չի բացառվում, որ ժամանակ անց վերնախավը հետ կանգնի այդ մտադրությունից։ Այդուհանդերձ, իշխանական շրջանակներում կարծում են, որ մարզպետներն ու նրանց ենթակայության տակ գործող մարզպետարանների աշխատակազմերը բյուջեից ավել «ուտող բերան» են։ Համայնքների խոշորացման ծրագիրը եւ նախկին շրջանների ու շրջկոմների վերականգնումն էլ իրենց հերթին են նպաստավոր պայմաններ ստեղծում՝ տարածքները կղեկավարեն խոշորացված շրջանների ընտրովի ղեկավարները, իսկ նրանց գլխին վերադաս կնշանակվի կառավարության լիազոր ներկայացուցիչը։ Քանզի, օրինակ, Շիրակի մարզում խոշորացման արդյունքում կստեղծվի 10-12 շրջան, իսկ ներկայումս նույն մարզի մարզպետարանն առնվազն 150 աշխատակից ունի, որքանո՞վ է նպատակահարմար 150 հոգանոց աշխատակազմ պահելը եւ կառավարելը, երբ կարելի է նույնն անել 10-12 համայնքապետի միջոցով։



Քննարկվում է նաեւ մարզերի միավորման եւ չորս «օկրուգներ» ստեղծելու հարցը՝ հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան, որոնցից յուրաքանչյուրում կնշանակվի կառավարության լիազոր ներկայացուցիչ, որն էլ կհամակարգի համայնքի ղեկավարների աշխատանքները։ «Տեղական իշխանիկների»՝ մարզպետների համար, բնականաբար, ցավոտ է այս հարցը քննարկելը։ Արմավիրի երկարակյաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երեկ չցանկացավ տեսական զրույց ունենալ թեմայի առնչությամբ։ «Թող օրենքը բերեն, մենք էլ կքննարկենք, օդի մեջ ոչինչ չեմ կարող ասել, չեմ կարող կարծիք հայտնել գոյություն չունեցող բաների մասին, երբ այդ իդեաները կսկսեն կյանքի կոչվել, ես անպայման կպատասխանեմ»,- ասաց Ղահրամանյանը։ Հետաքրքրվեցինք, թե ինքն արդարացվա՞ծ է համարում նման մոտեցումը, որ մարզպետներն ավելորդ են։ «Էդ ո՞վ է ասում, որ մարզպետները գործ չեն անում եւ այլն… ո՞վ է ասում»։



Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն էլ անակնկալի եկավ․ «Դուք որտեղի՞ց գիտեք, եթե մենք չգիտենք այդ մասին»։ Նա տեղեկացրեց, որ տարածքային կառավարման նախարարությունը ծրագրել է մարզպետարանի բարեփոխումների ծրագիր, որը կմեկնարկի հունիսից։ «Եկեք սպասեք, տեսնենք, թե ինչ բարեփոխումներ են մեզ սպասվում, մենք դեռ չգիտենք, թե ինչ բարեփոխումներ են սպասվում»,- հորդորեց նա։ Հարություն Սարգսյանը չի կարծում, թե մարզերի միավորում տեղի կունենա։ Նա նրբորեն նկատեց, որ համայնքների խոշորացման արդյունքում էլ ՏԻՄ աշխատակիցների որեւէ գործառույթ չի նվազել։ «Ավելի ծանրաբեռնվել է»,- ասաց նա՝ թերեւս մտածելով, որ դրանով կկարողանա կանխել մարզերի հնարավոր միավորումների արդյունքում մարզպետարանների վերացման հեռանկարը։ Մարզպետը սրանով չբավարարվեց եւ ավելի հեռուն գնաց․ «Մարզերի վերամիավորում հնարավոր չէ անել, որովհետեւ, եթե դա լինի, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է արվի, իսկ մենք Սահմանադրությամբ այս կարգի փոփոխություն չունենք, մինչդեռ Սահմանադրությամբ նախատեսվում էր համայնքների խոշորացում»։



Մեր հարցից, թե հնարավո՞ր է առանց մարզպետների եւ մարզպետարանների արդյունավետ կառավարել մարզը, Սարգսյանը վրդովվեց, «բացատրություն» պահանջեց «արդյունավետ» բառի առնչությամբ, հետո ընկավ ցայտնոտի մեջ․ «Իսկ դուք գիտե՞ք ընդհանրապես՝ ինչ է նշանակում կառավարել, արդյունավետ կառավարել, հլը խնդրում եմ ասեք… իհարկե, պիտի բացատրեք, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից դուք որեւէ բան հասկանո՞ւմ եք, եթե հասկանում եք, ասեք՝ այս հոդվածի էսինչ կետով, էն կետով»։



«Սահմանադրության հետ այդ փոփոխությունները կապ չունեն»,- վստահեցնում է նույն մարզի նախկին ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նա կարծում է, որ մարզպետարանների վերացման ծրագիրը դեռ մի բան էլ ուշացրել են․ «Մարզպետի բյուրոկրատական ինստիտուտն էֆեկտիվ չէ, որովհետեւ այն չունի իր բյուջեն, իսկ մարզպետն էլ ընտրված չէ ժողովրդի կողմից։ Գործիքակազմը վստահություն չի ներշնչում։ Ամենապարզ կոնֆլիկտի դեպքում ընտրված համայնքապետի հետ երկար գործընթաց է անցնում, կառավարությունում պետք է քննարկեն եւ այլն»։



«Կառավարության տված լիազորությունները չեն համապատասխանում քեզ հանձնարարված ամբողջ գործընթացը տիրապետելու առումով։ Մարզպետը կարող է պետական քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին խնդիրներ ունենալ ընտրված համայնքապետերի հետ։ Նա, ի վերջո, ռեալ իշխանություն չունի ներքին գործերի վարչության պետի վրա (ոստիկանապետի) կա՛մ մարզի դատախազի, կա՛մ հարկային տեսուչի եւ այլն։ Նա ընդամենը համակարգում է այդ աշխատանքները։ Այլ հարց է, որ մարզպետը լիներ ընտրովի եւ նշանակեր համայնքի ղեկավարներ․ Ռուսաստանում եւ մի քանի երկրներում նման պրակտիկա կար, որն արդարացված էր»,- ասաց Բագրատյանը՝ նկատելով, որ համայնքների խոշորացումը տանում է իր մատնանշած մոդելին։ Մի քանի համայնք միավորվում են, ղեկավար է դառնում մեկ հոգի, իսկ միավորված փոքր համայնքներում, ըստ հայեցողության, ունենում է իր ներկայացուցիչը՝ առաջարկում է Բագրատյանը՝ ասելով․ կամ էլ փոխեք մարզպետների լիազորությունները։ Բագրատյանը հընթացս ողջունեց նաեւ համայնքների խոշորացման ծրագիրը՝ նշելով, որ փոքր-փոքր համայնքներով պետական արդյունավետ կառավարում, քաղաքականություն հնարավոր չէ իրականացնել․ «Հաճախ փոքր գյուղերում ղեկավար են ընտրում մեկին, ով ամենաշատը այդ գյուղում բարեկամ ունի, բայց չունի համապատասխան կրթական ցենզ եւ այլն։ Համայնքի ղեկավարները, ըստ էության, աղբահանության եւ նման այլ հարցերով են զբաղված»։ Սակայն փաստ է, որ մարզպետաց դասը հատուկ առաքելություն ունի, որն առավելապես դրսեւորվում է ընտրությունից ընտրություն, մարզում ահաբեկչական մեթոդներով իշխանության համար ձայներ կորզելու տեսքով․ արդյոք իշխանությունը «կկտրի՞» այն ճյուղը, որի վրա նստած է։



Մեր դիտարկմանն ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց․ «Իշխանությունը վաղ թե ուշ հրաժարվելու է կառավարման համակարգում քաղաքական գործիքներից, այն այլեւս չի արդարացնում եւ նպաստում պետության կայացմանը։ Մենք ինչքա՞ն կարող ենք դիմադրել ժողովրդավարական սկզբունքներին եւ պահպանել ավելի կաստայական մակարդակի ՏԻՄ կառավարումը»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ