Եթե  դու դատված չես եղել, ուրեմն նրանցից ես եղել, ովքեր ցուցմունք են տվել նախկինների դեմ

Եթե  դու դատված չես եղել, ուրեմն նրանցից ես եղել, ովքեր ցուցմունք են տվել նախկինների դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտարարեց 4 մլրդ դրամից ավելի՝ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հափշտակության գործով նախաքննության ավարտի մասին։ Այս գործով 6 մեղադրյալ կա, որոնց անունները կոմիտեն չի հրապարակում։ 

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ հափշտակության  գործով հիմնական մեղադրյալները կադաստրում տարբեր պաշտոններ զբաղեցրած, այդ թվում՝ Էրեբունու կադաստրի հաշվառման բաժնի նախկին պետ Գարիկ Մհերյանն է եւ Կադաստրի պետական կոմիտեի արխիվի պետ Հասմիկ Ասատրյանը։ Վերջինս ընդամենը 1 տարի ԿԳՄՍ փոխնախարար աշխատած Քրիստինե Ասատրյանի քույրն է։ 

Նրանք կալանավորվել էին դեռ անցյալ տարի։ Սակայն այն ժամանակ մեղադրյալների թիվը 11-ն էր։ Փաստորեն, 11 մեղադրյալից մնացել է 6-ը։ 

Ըստ տարածված հաղորդագրության, Մհերյանը՝  Գ. Մ.-ն, հափշտակել է Երեւանի տարբեր հատվածներում գտնվող պետական եւ համայնքային 13 հողամաս: «Դրանց նկատմամբ իրավունք ձեռք բերելու շուրջ նա ․․․ տարբեր քաղաքացիների անվամբ կեղծ փաստաթղթերի միջոցով հողամասեր գրանցելու նպատակով ստացել է նրանց անձնագրերի պատճենները, անհրաժեշտ այլ տվյալներ եւ դեռեւս չպարզված հանգամանքներում եւ անձանց միջոցով կազմել է հողամասերի կեղծ կադաստրային գործեր»,- ասված է հաղորդագրությունում: Կադաստրային գործերում բազմաթիվ կեղծված փաստաթղթեր են հայտնաբերվել՝ Երեւանի քաղաքապետի կեղծ որոշումներից մինչեւ սեփականության իրավունքի կեղծ վկայականներ, որոնք նույնիսկ տեղադրվել են կոմիտեի արխիվում, մատյաններից էջեր են պատռվել, փոխարինվել նորերով, հափշտակված հողամասերը հետագայում օտարվել են տարբեր անձանց եւ այլն: Հասմիկ Ասատրյանն էլ օգնել է կեղծիքներ իրականացնելու հարցում։ 

Այս նկարագրությունն ընթերցելիս զուգահեռ է առաջանում 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործի հետ։ Խաչատուրովը, ինչպես հայտնի է, մեղադրվում է փողերի լվացման մեջ մի քրեական գործով, որը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասն է։ Ըստ մեղադրանքի՝ ՊՆ-ին պատկանող Արմաշ համայնքի Երեւանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, որը 18 մլն դրամով է գրավադրել։ 

Այս գործով, որպես մեղադրյալներ, արդեն մոտ 2 տասնյակ անձ է ներգրավվել՝ ՊՆ տարբեր օղակների, կադաստրի կոմիտեի միջին օղակների նախկին աշխատակիցներ, չինովնիկներ, որոնք գլուխները կախ՝ իրենց գործն են արել եւ չեն էլ ճանաչել Գրիգորի Խաչատուրովին։ 

Նրանցից մեկը՝ կադաստրի նախկին աշխատակից, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այդ մեղադրանքները «կարել» են՝ առանց խորանալու։ «Մեկ անձի ցուցմունքներով բազմաթիվ մարդկանց դեմ գործեր են հարուցվում, ուղղակի՝ որպեսզի ասեն, որ գործ են արել։ Իմ մեղադրանքը կարճվելու է, վստահ եմ։ Ես մասնակցել եմ այդ գույքի պետական գրանցմանը, բայց պետական գրանցումը ոչ մի կապ չունի փողերի լվացման հետ։ Բոլորն էլ գիտեն, որ «Խաչատուրովի գործ» կոչված փուչիկը պայթելու է դատարանում։ Ես անձամբ նրան չեմ ճանաչել, չնայած մեծ պատիվ կհամարեի նրան ճանաչել։ Մարդիկ կան, որ Գրիգորի Խաչատուրովի կողքին թեկուզ դատարանում կանգնելու համար գոհ են, ուրախանում են, որ էս գործերով իրենք երեւան։ Սա ինձ հիշեցնում է Վրաստանի իրավիճակը, երբ այնքան շատ մարդ դատվեց ու քրեական հետապնդման ենթարկվեց Սահակաշվիլու ժամանակ, որ նրանից հետո սկզբունք կար՝ եթե  դու դատված չես եղել, ուրեմն նրանցից ես եղել, ովքեր ցուցմունք են տվել նախկինների դեմ։ Լրիվ այս անեկդոտիկ վիճակն է հիմա»,- ասաց մեր զրուցակիցը։