Չգիտեմ` ինչու է այսպես

Չգիտեմ` ինչու է այսպես

Պիկ ժամին տաքսին Գրողների միությունից մինչեւ «Էրեբունի» հիվանդանոց ինչքան ժամանակ կգնա` այդքան րոպե վարորդը խոսում էր Թիֆլիսի, Վրաստանի «դրախտային» կյանքից, գովում վրացական խոհանոցը, որ եւ համեղ է, եւ էժան: Նույնիսկ մի պատմություն արեց, որ Բաթումի մայրուղու վրա իրենց մեքենան խափանվել է, ՃՈ տեսուչն իսկույն մոտեցել-հետաքրքրվել է, հետո գնացել` նորոգող վարպետ է բերել, որ տեղում անհրաժեշտ գործն արել, «կողից կախած ՀԴՄ-ով իսկույն չեքը տպել-տվել է, մի կոպեկ ավել փող չի վերցրել», իսկ երբ իրենք 50 լարի «մաղարիչ» են առաջարկել, տեսուչն սպառնացել է, թե «տեղում կձերբակալի», ապա բացատրել, որ դա «իր պարտականությունն է, որի դիմաց պետությունն իրեն վճարում է բարձր աշխատավարձ»:



Պատմում էր, որ հորը սրտի ստենտավորման է տարել Թիֆլիս, մուծել է ընդամենը 1500 լարի, որի մեջ մտնում է ամբողջ ծախսը, ներառյալ «օրը չորս անգամ սնունդ էին տալիս», որ ամիսը մեկ գնում, Թիֆլիսից է առնում հոր եւ մոր անհրաժեշտ դեղերը, որովհետեւ «էնտեղ ամեն ինչ էժան է, դեղերն էլ` ֆիրմա, էստեղի նման չի, որ ասպիրինի տեղ կավիճ են ծախում»: Պատմում էր եւ ոգեւորվում, որ «հրես շաբաթավերջը գա` ընկերովի հելնելու ենք Թիֆլիս, մի լավ սրտներիս ուզած քեֆ ենք անելու, կիրակի իրիկունը հետ գանք»:



Բաղրամյան փողոց-«Էրեբունի» ԲԿ երթուղու համար նրան վճարեցի հազար հինգ հարյուր դրամ եւ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկած` հրաժեշտ տվեցի: Նրան դուր չէր եկել, որ ասել էի, թե վրացիները կորցրել են Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, բայց սուգ չեն անում, բոլոր հարեւանների, նույնիսկ Ռուսաստանի հետ կապերը պահպանում եւ խորացնում են, մանավանդ թուրքերից չեն խորշում, ունեն ազատ կոմունիկացիաներ, դրա համար էլ կյանքն այնտեղ համեմատաբար լավ է: Նրա կարծիքով, ամեն ինչի արմատը մեր «թալանչի իշխանություններն են»:



Այսօր կարդում եմ (http://www.magaghat.am/2016/), որ Ջավախքում «թուրքն արդեն քաղաք (երեւի Ախալքալաք՝ Վ. Ա.) է հասել, հայերի հազարավոր տներ դատարկ են, սոցիալական վիճակն ահավոր է, երիտասարդությունն արտագաղթում է, Բաքու-Կարս երկաթուղին ծանր է ազդում մարդկանց հոգեբանության վրա, վրացական իշխանությունները հայաթափման քաղաքականություն են վարում» եւ «եթե այսպես` հարեւանցիորեն Հայաստանի իշխանավորները շարունակեն Վրաստանի ղեկավարների հետ «սիրախաղ» անել դիվանագիտության փոխարեն, ապա եւս մի քանի տասնամյակ, եւ Ջավախքն առանց կրակոցի կհանձնենք թուրքերին, իսկ վրացիները նրանց համար խնդիր չեն»:



Ստացվում է, որ հայաստանցի հայի համար Վրաստանը դրախտավայր է, ջավախահայի համար` դժոխք, որտեղից ոտք առած փախչում է նա դեպի հիմնականում... Ռուսաստան: Իսկ Ռուսաստանում արդեն հայոց լեզվի եւ պատմության, երեխաների հայեցի դաստիարակության, տեղական եւ ավելի վերադաս պաշտոնյաների ազգային պատկանելության, սննդամթերքի թուրքական կամ ադրբեջանական լինելու հետ կապված որեւէ խնդիր չկա, այնտեղ Ռուսաստան է եւ` վերջ: Եվ դրանով ամեն ինչ ասված է:



Չգիտեմ` ինչու է այսպես. հայը հայրենիքը լքում է, հայի աչքը հարեւան Վրաստանի վրա է, բայց վրացիներին չի սիրում: Հայն ապրում է Վրաստանում, բայց համարում, որ Ջավախքը Հայաստան է եւ` վերջ: Եվ դեռ պահանջում, որ Հայաստանի իշխանավորները Վրաստանի ղեկավարների հետ խոսեն «Ջավախքը Հայաստան է եւ` վերջ» տոնով... Իրոք, չգիտեմ` ինչու է այսպես, բայց այսպես է, եւ ոչինչ առաջիկայում հազիվ թե փոխվի. Հայաստանից տարեկան 30-40 հազար մարդ է անդարձ հեռանում, իսկ վերոբերյալ մեջբերման հեղինակին, չգիտեմ ինչու, հուզում է Ջավախքի «կորստյան» ցավը:



...Իսկ վրացիները, որ թուրքերի համար «խնդիր չեն», պարզվում է` արտաքին քաղաքավարության կեղեւի տակ պաշտպանական հզոր զրահ ունեն: Հակառակ դեպքում հարյուրամյակներ ի վեր Օսմանյան եւ Պարսկական, հետո էլ` ռուսա-խորհրդային իմպերիաների լծի տակ չէին պահպանի իրենց պետականության ատրիբուտները, հավատը, լեզուն եւ սովորությունները` առանց մեծ արյունահեղության, ազգային-ազատագրական շարժման եւ հեղափոխական կուսակցությունների առաջնորդության, ինչով որ մենք ենք հպարտանում. չգիտեմ` ինչու է այսպես, որ արյունահեղությունը, սպանդը, հայրենազրկությունը մենք համարում ենք հայ ժողովրդի բնական կենսակերպ, բայց չենք դադարում երազել մի ուժեղ, արդար եւ «ոսկի քաղաքների» հայրենիք...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ