Հանգստացեք, պարոնայք ընկերներ…

Հանգստացեք, պարոնայք ընկերներ…

Ինքնագովություն չլինի, տողերիս հեղինակն ապրիլյան պատերազմը կանխագուշակել է 2015-ի սեպտեմբերին (http://www.aravot.am/2015/09/07/606214/)։ Իրավիճակն էր այդպիսին, մեծ հայտնագործություն չեմ արել: Միջազգային ճգնաժամային խմբի օրերս հրապարակած զեկույցի առթիվ հայրենական մամուլում «պատերազմից հինգ րոպե պակաս» ոգով հրապարակումների պակաս չկա: Հիմք է ընդունվում ՄՃԽ տպավորությունը, որ կողմերը «պատերազմին մոտ են առավել, քան երբեք»` հրադադարի համաձայնագիր ստորագրելու պահից ի վեր:



Նման մռայլ կանխատեսումներ ՄՃԽ-ն արել է նաեւ նախկինում, նույնիսկ այն տարիներին, երբ բանակցային գործընթացն ակտիվ էր: Բայց ոչ ոք չի կարող ցույց տալ նույն խմբի նախաապրիլյան զեկույց, անգամ` վերլուծական տեղեկանք, որտեղ հնչեցված լինի պատերազմի սպառնալիքի ահազանգ:
Հապշտապ եզրակացություններ անելու փոխարեն հարկ է ուշադրության առնել այս հանգամանքը, որպեսզի հասկանալի դառնա, որ ՄՃԽ-ն բոլորովին էլ անշահախնդիր եւ անկախ կառույց չէ, տեսակետ հայտնում է այն պահին, երբ պետք է: Փորձագետների եւ իրազեկ վերլուծաբանների շրջանում կայուն տեսակետ կա, որ ՄՃԽ-ն Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ոչ պաշտոնական խորհրդատուն եւ միաժամանակ խոսափողն է:



Այս իմաստով վերջին զեկույցի գլխավոր ասելիքը, հավանաբար, ոչ թե պատերազմի սպառնալիքի ահազանգն է, այլ բանակցային գործընթացի որոշ «գաղտնիքների» հրապարակայնացումը: Եթե վերլուծաբանի ընկալմամբ կարդացվի զեկույցի եզրափակիչ մասը, ապա պարզ կդառնա, որ ՄՃԽ-ն թիրախ է ընտրել կողմերի ոչ կառավարական, հանրային եւ փորձագիտական կառույցներին եւ նրանց իրազեկում է, որ հետապրիլյան քննարկումներում շփման գծում հրադադարի պահպանման, մշտադիտարկում իրականացնող անձանց թվաքանակի ավելացման, հետաքննությունների մեխանիզմների ներդրման եւ Արցախի «շուրջ տարածքների վերադարձի, կարգավիճակի եւ տեղահանվածների, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելության» հետ կապված հարցերը բանակցվում են զուգահեռաբար, եւ մի դեպքում առաջընթացը պայմանավորված է մյուսով:



Սա է ՄՃԽ, ավելի ճիշտ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բուն ասելիքը, որը, եթե դիվանագիտականից «թարգմանվի» սովորական խոսքի, ապա մոտավորապես կունենանք հետեւյալը. «Պետք չէ պատրանքներ փայփայել, առանց տարածքների վերադարձի կարգավիճակի եւ անվտանգության հարցեր չեն լուծվելու, առանց դրանց շուրջ պայմանավորվածության տարածքների վերադարձ չի լինելու»: Ինչպես ասում են` այսքան բան: Մնացածը կողմերի որոշելիքն է:



Իսկ պատերազմ, պարոնայք ընկերներ, չի սկսվելու, հանգիստ մնացեք: Այս պնդումը հիմնավորող մի շարք գործոններ եւ հանգամանքներ կարելի է բերել, բայց դա արդեն այլ թեմա է:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ