Չգիտե՞ս ինչու է այդպես

Չգիտե՞ս ինչու է այդպես

Արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Նովրուզ Մամեդովը զարմացած է «հայկական հրետակոծության հետեւանքով Ալխանլու գյուղում խաղաղ մարդկանց դաժան սպանության» առթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ պետությունների առաջնորդների անտարբերությունից: «Կարծում եմ՝ եթե այդ բնագավառին (մարդու իրավունքների պաշտպանությանը` Վ. Ա.) «մեծ ուշադրություն» դարձնող մի շարք խոշոր տերությունների պաշտոնական ներկայացուցիչները լինեին արդար եւ անկեղծ, ապա, անկասկած, վերաբերմունք կարտահայտեին Ալխանլուում խաղաղ քաղաքացիների սպանությանը: Ցավոք, դա այդպես չէ»,- Ֆեյսբուքի իր «պատին» գրել է նա։



Տպավորություն է, որ, ինչպես Ֆեյսբուքի օգտատերերից մեկն է դիպուկ նկատել, հուլիսի 4-ի միջադեպը նվեր էր Ադրբեջանին: Հակառակորդը կարծես նման առիթի էր սպասում, որպեսզի անցնի քարոզչական հարձակման եւ «հաշիվներ պարզի» ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության հետ: Ինչպես հասկացվում է Նովրուզ Մամեդովի գրառումից, Բաքվում հուզված եւ վշտացած են ոչ թե կատարվածի, այլ դրա շուրջ արձագանքների բացակայության համար:



Եվ հենց այստեղ է ադրբեջանցի պաշտոնյայի «տարակուսանքի» պատասխանը. միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւ խոշոր տերությունները, մեղմ ասած, չեն հավատում միջադեպի ադրբեջանական բացատրությանը: Ալիեւյան ռեժիմը կարող է հիմարի տեղ դնել սեփական ժողովրդին, բայց ո՛չ միջազգային հանրությանը: Ադրբեջանի իշխանությունն ընդունակ է ոտնակոխ անել մարդկային վիշտը եւ բարոյականությունը, պարտադրել, որ Ալխանլուի բնակիչները թութակի պես կրկնեն այն, ինչ հնարվել է Բաքվում: Ադրբեջանական լոբբին հնարավորություն ունի այստեղ-այնտեղ վարձահրավիրել մեկ-երկու օրակարգից դուրս մնացած «վերլուծաբանի» կամ թոշակառու «խորհրդարանականի», բայց ընդհանրության մեջ հանրային կարծիք ձեւավորելու փորձերը տապալված են: Աշխարհը գիտի, որ հայկական կողմը խաղաղ բնակչությանը չի թիրախավորել, դիտավորյալ չի կրակել քաղաքացիական անձանց ուղղությամբ: Մեծ հաշվով՝ եթե դիտարկենք, ապա վերջին տարիներին շփման գծում ադրբեջանական կողմի նախահարձակ եւ սադրիչ պահվածքի համապատկերին նույնիսկ խիստ կասկածելի է` նշված անձինք իրոք վիրավորվել եւ զոհվել են Ալխանլու գյուղո՞ւմ` կոնկրետ հուլիսի 4-ի երեկոյան ժամերի՞ն:



Այս վերաբերմունքի համար մեղավորն Ադրբեջանն է, պետական այն հրեշավոր մեքենան, որն առհասարակ կեղծարար է, Արցախի հարցում, շփման գծում իրավիճակի մասին տեղեկատվական քաղաքականության մեջ` հատկապես: Ինչո՞ւ հուլիսի 4-ի միջադեպին Ադրբեջանի համար սպասելի արձագանքներ չկան` հարցադրման պատասխանը չպետք է գաղտնիք լինի Նովրուզ Մամեդովի համար. Ալիեւի ռեժիմը միջազգայնորեն կորցրել է վստահությունը, նրա ոչ մի խոսք հավատ չի ներշնչում: Սա ադրբեջանցիների համար պետք է դառը դաս լինի: Այդ ժողովուրդը պետք է կարողանա դուրս գալ ռեժիմի պարտադրած վիճակից: Այլապես նա դատապարտված է կրելու հետագա ողբերգությունների ծանրությունը, ենթարկվելու վերջնական դեգրադացիայի, ինքնափլուզման, բարոյական կանիբալիզմի, երբ ստիպված է մարսել հարազատի կորստյան մասին ռեժիմի իրեն պարտադրած «բացատրությունը»:



Միջազգային հանրությունը մի խնդիր ունի` Ադրբեջանի ժողովրդին փրկել ալիեւյան ռեժիմի լլկումից: Եթե դա չարվի ամենամոտ ապագայում, ապա որոշ ժամանակ անց մարդկային այդ «տականքը» կվերածվի վրեժխնդիր զանգվածի, եւ Ադրբեջանը կճարակի քաղաքացիական ընդվզումների հրդեհը: Դա վտանգ է ոչ միայն այդ երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ