Ի՞նչ կասեր ամուսինը կնոջը՝ եթե հասցնե՜ր․․․

Ի՞նչ կասեր ամուսինը կնոջը՝  եթե հասցնե՜ր․․․


Արժեքային համակարգերը ոնց որ թե խախտվել են և երբեմն տրվող գնահատականներից ուղղակի սարսափում ես։ Վերցնենք կենցաղային բնույթի սպանություներից վերջինը։



Բուն սպանությունը դատապարտելու փոխարեն երևան են գալիս «հրեշտակներ», ովքեր սկսում են պատճառներ որոնել ու փորձել արդարացնել սպանությունը։



Ինչու՞ է այդպես, սիրելի ընթերցող, երբ մանրերը դարձնում ենք առաջնային, իսկ գլխավոր խնդրի մասին մոռանում։



Վերջին դեպքով փորձեմ պարզել միտքս։ Կինը մարդուն կացնահարել է քնած ժամանակ։ Նման գործողության կողքին կարելի՞ է դնել ու քննարկել, թե ամուսինը նրան բռնության էր ենթարկել կամ մի ուրիշ բան։ Ես չեմ արդարացնում բռնությունը, ոչ էլ համոզված եմ դրա մեջ, այլ չեմ հասկանում, թե նման պարագայում ինչպես կարելի է մի կողմ դնել դաժան, անմարդկային գործողությունը և փորձել քաղաքական ինչ որ հարց լուծել՝ դատապարտել բռնությունը, ծեծը, կնոջը ստորացնելը և մոռանալ կատարած հանցագործության ողջ սարսափը։ Առավել ևս, երբ մարդը մահացած է ու իրեն պաշտպանել չի կարող։ Առավել ևս, երբ այդ գործողությունը կատարվել է ամուսնու քնած ժամանակ։



Ասացված կա՝ «Օձը, որ օձ ա ՝ քնած մարդուն չի կծում»։ Ժողովրդական նման իմաստություններն իրական հիմք ունեն՝ մեր ավանդույթների ոսկով զտված, ինչպե՞ս կարելի է դրանք մոռանալ ու ընկնել «բանծիկների ետևից»։



Հանրությունը բուն գնահատական պիտի տա սպանությանը, նման երևույթի նկատմամբ արտահայտի իր անահանդուրժողականությունը և ոչ թե լրատվամիջոցների հետ միասին սգա՝ կանայք այդպես պիտի անեն, որ տղամարդիկ հասկանան․․․Ուղղակի ապշում ես․․․



Ուշադիր հետևում էի այդ դեպքին տրվող գնահատականներին, փորձում սթափ մի բան գտնել։ Գտա երկու ծայրահեղություն՝ մի կողմը սվինները հանած մեղադրում է, մյուս կողմն էլ զրահը վերցրած պաշտպանում։ Ու ոչ մեկի մտքով չի անցնում՝ իսկ եթե կինը հոգեպես առո՞ղջ չէ․․․Կա՞ նման մի դատաբժշկական եզրակացություն, որը կվկայի կնոջ առողջ լինելու մասին։



Եթե այո, ուրեմն մի կողմ թողնենք այդ կնոջը, անգամ բռնությունը, եթե նրա նկատմամբ եղել է, ու միասին դատապարտենք նման հանցանքը։ Կենտրոնանանք բուն հանցանքի վրա։   



Քնած մարդուն կացնահարելը։



Չփորձենք պատճառ փնտրել։



Մտովի պատկերացնենք՝ Ի՞նչ կասեր ամուսինը կնոջը, եթե հասցներ․ 



«Օձը, որ օձ ա ՝ քնած մարդուն չի կծում»։



Քնած մարդն ու անպաշտպան երեխան նույնն են։



 Հիշեցնենք, որ 017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Սպանության գործով ձերբակալված է կինը։ 




Հասմիկ Բաբաջանյան