Արփինեի զգեստապահարանու՞մ են կոռուպցիոն ռիսկերը․․․

Արփինեի զգեստապահարանու՞մ են կոռուպցիոն ռիսկերը․․․


Եթե համեմատության առումով վերցնենք՝ ըստ հայտարարագրի, Արդարադատության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը մեր ամենաղքատ նախարարն է։ Իր վրա գրանցված TOYOTA PRIUS 1.8 HYBRID մի մեքենա ունի, մեկ էլ 1,5 միլիոն դրամական միջոց։ Բնակարան էլ չունի կամ ինչու պիտի ունենա։



Դա կասկածի տակ դնելու հիմք չկա, երիտասարդ աղջիկը «հարստանալու բնագավառում» նոր- նոր է աճում․․․



Նման դեպքում մտածում ես՝ կհացնի էլի, ո՞վ է ետ մնացել․․․



Բայց արի տես, որ կարելի է բոլոր դղյակատեր միլոնատերերին թողնել ու խոսել Արփինեի մասին։ Կայքերից մեկը գրում է, որ



«Դժվար է հավատալ, որ 1 միլիոն դրամ արժեցող հագուստ կրող նախկին նախարարը ընդամենը 1,5 միլիոն դրամ ունի։ Նրան հաճախ կարելի է տեսնել բրենդային թանկ խանութներում»:



Մեր ուժը Արփինեի վրա՞ է պատում։ Թե՞ Արփինեի զգեստապահարանում կարելի է գտնել բոլոր կոռուպցիոն ռիսկերը։



Հենց առաջին հայացքից էլ երևում է, որ Արփինեն նախընտրում է կրել դասական ոճի հագուստներ, դրանք համատեղում է առանձին աքսեսուարների հետ։ Ինքն էլ լրատվամիջոցներից մեկում արտահայտվել է, որ գնումներ կատարում է Հայաստանում և հաճախ օգտվում է Michael Kors, Armani բրենդներից։



Ի՞նչ կա դրա մեջ։ Մեր ջահելների մեծ մասը բրենդային խանութներից է օգտվում, լա՜վ էլ զեղչեր են լինում․․․ Հենց դա է պատճառը, որ «հոգուն հասած» մեկը գրառում էր արել՝ տո, դե լավ էլ անում է․․․



Գիտե՞ք սա ինչ է վկայում։ Որ մենք սխալ ճանապարհով ենք գնում։



Վախենում ենք անտառ մտնել, բայց անտառի շրջակայքում Քաջ Նազարի նման բարձր ձայնով գոռում ենք՝ էհեհեհե՜յ․․․



Հասմիկ Բաբաջանյան