Խաչելությունը դպրոցներում

Խաչելությունը դպրոցներում
Հունիսի 1-ին եվրոպական մեկ տասնյակ երկրներ, այդ թվում եւ Հայաստանը, վճռաբեկ բողոքով դիմել են Մարդու իրավունքների եւրոպական դատարան, պահանջելով վերացնել հանրակրթական դպրոցներում խաչելություն տեղադրելու արգելքը: Այս կապակցությամբ բուռն քննարկումներ ընթացան Հայաստանի թերեւս ամենաճանաչված ֆորումներից մեկում` "Դար" ակումբում (akumb.am): Ստորեւ բերում եմ մեկնաբանություններից մի քանիսը:



Jarre. Ես կտրականապես դեմ եմ նման օրենքի ընդունմանը: Ո՞րն է իմաստը մաթեմատիկա սովորելուց առաջ խաչակնքվելը: Կրոնը մարդու խիստ անձնական գործն է: Մարդ պիտի ազատ լինի էդ հարցում, ոչ թե պարտավորված զգա ձեւական մի բան անել: Իսկ եթե ես աթեիստ եմ ու ընդհանրապես չեմ ուզում, որ իմ երեխան տենց բաներ անի, կամ մուսուլման եմ, կամ բուդդիստ" Էդ դեպքում արդյո՞ք նման օրենքի ընդունումը չի ստեղծի արեւածագի նշած քսենոֆոբիան: Արդյո՞ք արհեստականորեն չեն ստեղծվի դասակարգումներ, որոնք այս պառակտված հասարակության մեջ (խոսքը միայն Հայաստանի մասին չէ) առանց այդ էլ շատ են ընդգծված:



Hayazn. Բոլշեւիկները երբ որ մտան Հայաստան, առաջին բանը, որ արին, եկեղեցիները քանդելն ու քահանաներին ծաղրելն էր, եւ այդ ժամանակ էր, որ Ավետիք Իսահակյանն ասաց. "Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, պատառի համար կընկնեք ծովեծով": Թեեւ Իսահակյանի ասածն իրականացավ, սակայն դա դեռեւս դաս չեղավ մեզ համար: Որեւէ մի հայկական դպրոցում` լինի դա Հայաստանում թե այլուր, հարկավոր է ոսուցանել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը, որպեսզի հետագայում վկաները, մորմոնները եւ մնացած բոլոր շեղումներն անկարող լինեն մեր ազգը պառակտել:



Chuk. Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրոնական ազատության իրավունք, ինչը նշանակում ա, որ իրեն չպետք է պարտադրվի որեւէ կրոն, որ դպրոցներում չպետք է քարոզվի որեւէ կրոն (ուսուցանվի որեւէ կրոն): Այս դրույթները քննարկումից ուղղակի դուրս են: Իսկ քննարկվում ա հարցը, թե արդյոք կարելի՞ ա որպես ձեւավորման մաս կրոնական ինչ-որ սիմվոլներ կիրառել դպրոցում, ասենք` միջանցքում դնել Բուդդայի արձանիկը կամ կախել մի խաչ` առանց աշակերտին պարտադրելու դրան երկրպագել:



Ձայնալար. Ինձ թվում ա` էս մեր թեման չի: Եւրոպացիները կրակն են ընկել մուսուլմանների ձեռը, ու էս տիպի հարցեր անընդհատ առաջանում են, մինչեւ էդ գլխաշորով դպրոց գնալն էր, հետո եսիմ ինչը: Հայաստանն էլ գնացել ա ընգել ա "չուժոյ պախմել"` ստորագրել ա: Հա, մի կողմից եթե դպրոցը բազմակրոն ա` աշակերտների ու դասատուների տեսանկյունից: Մյուս կողմից էլ, եթե շատ ընկնեն մարդու իրավունքների հետեւից, վաղը-մյուս օրը արաբներն ու թուրքերն են պարտադրելու իրանց լուսին-մուսինները գերմանացիներին ու ֆրանսիացիներին ու ոչ մի մարդու իրավունքների հետեւից էլ չեն ընկնելու:



Mkofranc. Հիմա մեր մոտ մուսուլմանները ակտիվ չեն, բայց կակտիվանան, ինչո՞ւ սպասենք, որ դանակը ոսկորին հասնի, գոնե պետք է դաս քաղենք ուրիշների սխալից, պատկերացրեք Երեւանի կենտրոնում կեսօրին գորգ են փռում ու աղոթք անում կամ էլ բարձրաձայն մլավում:



Chuk. Նման գրառումներ կարդալուց հետո մտածում եմ, որ գուցե ճիշտ է օրենք մտցնել, որը կհարկադրի դպրոցներում տեղադրել տարբեր կրոնների սիմվոլիկաներ, մասնավորապես մուսուլմանության, որպեսզի աստիճանաբար կրոնական անհանդուրժողականությունը մղվի երկրորդ պլան:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ