Մայա` Կարինե Քոչարյանին

Մայա` Կարինե Քոչարյանին
Բոլորն են հիշում Մհեր Մկրտչյանին հուզված պապիկի դերում` Հենրիկ Մալյանի "Հայրիկ" ֆիլմում. "Մայա՜, Մայա՜",- սեւ լայնեզր գլխարկը գլխին, աչքերը ծննդատան պատուհանին հառած՝ գոռում է Մհեր Մկրտչյանը՝ անհամբեր, թե ե՞րբ է տեսնելու նորածին թոռնիկին: Այս ֆիլմը հայկական կինոյի ամենածաղկուն շրջանում է նկարվել, դրանից հետո մեր երկրում երկար ժամանակ կամ ֆիլմեր չէին նկարահանվում, կամ նկարահանվում էին ու մնում դարակներում...



Ու դա է պատճառը, որ հարցը, թե "ուր կորավ Մայան", այդ գեղեցիկ, կերպարային դերասանուհին մեր տեսադաշտից, ե՛ւ բնական է հնչում, եւ ինչ-որ տեղ անհասկանալի: Միեւնույն ժամանակ բոլորը հիշում են Ֆրունզե Դովլաթյանի "Մենավոր ընկուզենին" ֆիլմում Երեւանից խուլ գյուղ ժամանած սիրահարված գեղեցկադեմ փեսացուին՝ դերասան Վովա Քոչարյանին, որը նույնպես կորավ այդ ֆիլմից հետո: Այս սերնդի երիտասարդ, տաղանդավոր դերասաններին չհաջողվեց մնալ հայկական կինոյում, քանի որ հայկական կինոն այնպիսի վիճակում էր, ինչպիսին մեր երկիրն էր կամ գուցե ավելի վատ: Այս երկու ֆիլմերը միմյանց հետ որեւէ տրամաբանական կապ չունեն, կապ ունեն այդ ֆիլմում խաղացած երիտասարդ դերասանները. Մայան՝ Կարինե Քոչարյանը, եւ փեսացուի դերակատարը՝ Վովա Քոչարյանը, որոնց ուսանողական ռոմանտիկ սերը հետագայում դարձել էր ամուր ընտանիք...  Կարինե Քոչարյանին մենք "գտանք", նա այժմ Երեւանում է, սակայն 94 թվականից ապրում է Նյու Յորքում, իսկ Վովա Քոչարյանը, ցավոք, մահացել է ավտովթարից 39 տարեկան հասակում: Հետագայում Կարինեն ամուսնանալով դերասան Արա Մանուկյանի հետ, մեկնել է Նյու Յորք: Այնտեղ միասին հիմնել են Նյու Յորքի հայկական "Արձագանք" հեռուստաընկերությունը, որը մինչեւ հիմա գործում է: Հեռուստաալիքն ընդամենը մեկ ժամ ներկայացնում է Նյու Յորքի հայ համայնքի կյանքը: Ամուսնու եւ հայ դերասանների հետ միասին նաեւ տարբեր հայկական կենտրոններում ներկայացումներ են բեմադրել. "Ներկայացումները ստեղծվում էին մեր ուժերով, մեկը տնից աթոռ էր բերում, մյուսը գումար էր տալիս, որ հագուստ կարվի, այսպես միայն էնտուզիազմով էինք աշխատում, հայապահպանման համար: "Հայապահպանում" բառը սփյուռքի համար մեկ խնդիրն է": Առաջին տարիները աշխարհի մայրաքաղաքում Կարինե Քոչարյանի համար մղձավանջային են անցել. "Կարոտախտն ինձ ուղեկցեց շատ երկար ժամանակ, ես շատ ծանր օրեր ունեցա, շատ ծանր հիվանդություն ունեցա, մի քանի տարի բուժվում էի քաղցկեղից": Հիմա Կարինե Քոչարյանը որեւէ ներկայացման մեջ չի խաղում. "Եթե հարցնեն՝ երջանիկ ես, թե դժբախտ, անկախ ինձնից, դժբախտության զգացում եմ ունենում միմիայն այն պատճառով, որ ես թատրոնում չեմ, որովհետեւ Սունդուկյան թատրոնն իմ տունն էր... ես էնքան շաղկապված էի այդ թատրոնի հետ: Երբ գնալուց հետո առաջին անգամ 99 թվականին եկա Հայաստան, մտա թատրոն, կուլիսներում բռնեցի պատերը, ընկա գետնին ու լաց էի լինում: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էի թատրոնից հեռանալ...":  Իսկ ի՞նչ է մտածում Սունդուկյան թատրոնն իր տունը համարող դերասանուհին այն մասին, որ թատրոնն այսօր քարուքանդ է եղել. "Թատրոնն այսօր չէ, որ քարուքանդ է եղել: Խորեն Աբրահամյանը քանդեց թատրոնը, նույնիսկ քանդեց պատմական ձմեռային այգին, սարքել տվեց անկապ ճաշարաններ, վաճառեց մեր ամբողջ դեկորները, որոնք գնացին դագաղի փայտեր դարձան... վաճառեց մեր հագուստները, թատրոնի բակում ժավելի ցեխ սարքեց... ես հասկանում եմ, որ մարդը գնում է, մնում են նրա խաղացած դերերը, նրան մեծարում են եւ այլն, եւ այլն... ես ոչինչ չունեմ նրա դեմ որպես արվեստագետ, որպես երեւույթ, բայց էսօր, որ մենք ունենք քարուքանդ եղած մայր թատրոն՝ Խորեն Աբրահամյանի "շնորհիվ" է":  "Հայրիկ" ֆիլմից Կարինե Քոչարյանը մի շատ զվարճալի հիշողություն ունի. "Նկարահանում էինք Ֆրունզի երազի տեսարանը: Գնացել կրկեսի արենայում ենք նկարում, եւ իմ գիրկը բարուր է, բնականաբար բարձով բարուր ենք սարքել: Ֆրունզը եկավ Շերենցին ասեց. "Շերենց, մեղք ա էս աղջիկը, թեւերը պոկվեց, վերցրու էդ էրեխուն, տար տիրություն արա, մինչեւ սյոմկեն սկսենք": Շերենցը լուրջ-լուրջ եկավ, ասեց. "Կարինե ջան, աղջիկ ջան, տուր էդ էրեխուն մի քիչ գրկեմ, հոգնար", ես էլ շատ զգուշորեն տվեցի, ասեցի՝ "Շերենց ջան, քնած ա, կամաց": Շերենցը, հավատալով, որ բարուրի մեջ երեխա է, վերցրեց բարձը ու գրկած ամբողջ արենայով մեկ սկսեց երգել. "Մաման մեռնի ջանիդ... մաման մեռնի ջանիդ": Ամբողջ խմբով ուշաթափվում էինք ծիծաղից: Հանկարծ նկատեց, որ մենք հռհռում ենք, բարուրը բացեց, տեսավ բարձ է ու անմիջապես էդ հոգատարության արժանի երեխան դարձավ Ֆրունզին ծեծելու գործիք: Բարուրն առավ ու սկսեց վազել Ֆրունզի ետեւից":



ՀԳ - Կարինե Քոչարյանը մայրական հպարտությամբ է խոսում իր եւ Վովա Քոչարյանի որդու՝ Հայկ Քոչարյանի մասին: Վերջինս Նյու Յորքում զբաղվում է լուսանկարչությամբ, աշխարհի տարբեր ծայրերում ցուցահանդեսներ է կազմակերպում, նկարահանում է ֆիլմեր, որոնք ամերիկյան ամենահեղինակավոր հեռուստաալիքներն են ցույց տալիս, եւ մի շարք երգերի հեղինակ է: Որդու մեջ Կարինեն տեսնում է հորը. "Պտուղը ծառից հեռու չի ընկել...",-ասում է նա: Իսկ երբ ես տեսա Հայկի լուսանկարը, ապշեցի, աչքիս առաջ միանգամից հայտնվեց "Մենավոր ընկուզենու" մեջ խաղացած Վովա Քոչարյանը, Հայկն իր հոր կրկնապատկերն է եւ շարունակում է ծնողների գործը Ամերիկայում: