Եվ էթնիկ, եվ միջազգային

Եվ էթնիկ, եվ միջազգային
"Ոսկե ծիրան" փառատոնի երեկվա օրը հագեցած էր ոչ միայն ֆիլմերով եւ կինոդիտումներով, այլեւ ասուլիսներով եւ հարցազրույցներով: Ժամը 12-ին "Գոլդեն թուլիփ" հյուրանոցում կայացավ ազգությամբ թուրք գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի ասուլիսը, որին լրագրողներին ներկայացնում էր Սուսաննա Հարությունյանը: Վերջինս ասաց. "Մեզ համար մեծ պատիվ է ընդունելու իրեն այստեղ եւ երեւանյան պրեմիերայի շրջանակներում ցուցադրելու նրա վերջին՝ "Հոգու խոհանոց" ֆիլմը, ինչպես նաեւ նրա ֆիլմերի ծրագիրը, որը ներկայացված է ռետրոսպեկտիվայի տեսքով": Այնուհետեւ տիկին Սուսաննան համառոտ ներկայացրեց "Ոսկե ծիրանի" համագործակցությունը գերմանական կողմի, մասնավորապես Հայաստանում Գերմանիայի դեսպանատան եւ "Գյոթե" ինստիտուտի հետ:  Ֆաթիհ Աքինն ասաց, որ իր առաջին տպավորությունը շոգն էր, եւ որ Հայաստանն ամենաարեւելյան երկիրն է, որտեղ ինքը մինչ այժմ եղել է: Շոգի թեման հուզեց իմ կողքին  նստած կնոջը, որն ուրախ էր, որ իր հետ մի թուրք էլ է տանջվում, եւ կիսաձայն ասաց. "Բա մեր ջանը քարից ա՜":  "Առաջին հայացքից ես քաղաքը ընկալեցի հյուրընկալ, համեստ, իր մեջ խորհրդավոր ու կախարդական բան պարունակող",-այսպես արտահայտվեց ռեժիսորը Երեւանի մասին: "Ես իմ մասնագիտությունը դիտում եմ որպես մի արհեստ եւ փորձում եմ լինել լավ արհեստավոր այս բնագավառում, նկարում եմ իմ ֆիլմերն այնպես, ինչպես լավ հյուսնը կահույք է պատրաստում",-այսպես արտահայտվեց տաղանդավոր ռեժիսորն իր փեշակի մասին: Լրագրողներն իհարկե առիթը բաց չթողեցին՝ Հայոց ցեղասպանության թեման շոշափող հարց տալ թուրք ռեժիսորին: Ֆաթիհ Աքինին հարցրեցին, թե ինչ կարծիք ունի "Աղետ. ցեղասպանություն" ֆիլմի մասին, որի թեման Հայոց ցեղասպանությունն է: Ռեժիսորն ասաց, թե ծանոթ է ֆիլմում օգտագործված նյութերին, եւ իր համար ֆիլմն ինչ-որ նոր բան չի ասում, բայց իր կնոջ համար ճանաչողական նշանակություն է ունեցել: Ֆաթիմ Աքինն ասաց, որ հայ եւ թուրք ժողովրդի միջեւ կանգնած է վախը, որ մի օր այդ ժողովուրդները կհաղթահարեն այդ վախը, եւ դրան պիտի նպաստեն գրականությունն ու արվեստը: Հարց հնչեց, թե արդյոք ռեժիսորը պատրաստվո՞ւմ է այնպիսի ֆիլմ նկարել, որտեղ հայ եւ թուրք հերոսները հարաբերություններ կպարզեն: Ֆաթիհ Աքինն ասաց, որ քանի որ բոլոր մեծ ռեժիսորները բոքսի թեմայով ֆիլմ են նկարել, ինքն էլ կուզեր նկարել: Ռեժիսորը, ինչպես պարզվեց, Սյուզի Կենտիկյանի մեծ երկրպագուն է: Նա ասաց, որ կարելի էր ֆիլմ նկարել Արթուր Աբրահամի եւ Մահիդ Օրհալի մենամարտի մասին եւ ցույց տալ, թե ազգայնամոլության ֆոնին ինչքան լավ են միմյանց վերաբերվում բռնցքամարտիկները: Ընդհանուր առմամբ ազգությամբ թուրք գերմանացի ռեժիսորը, խուսափելով կոնկրետ դիրքորոշում արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ջանում էր հաճոյախոսելով դուր գալ հայ հասարակությանը: Երեւան ժամանած ամեն թուրք բախվում է նույն խնդրին, երբ հայ լրագրողները ցեղասպանությանն առնչվող հարց են տալիս, նեղը գցելով նրան, այնինչ եթե թուրքը ցանկանա դիրքորոշում արտահայտել, հարցի չի սպասի: Բայց թողնենք թուրքին եւ գանք մերոնց:  Թուրք ռեժիսորի ասուլիսից  հետո այդ նույն սրահում ասուլիս տվեցին հայ ռեժիսորները: Նրանք հիմնականում դժգոհ էին պետական աջակցությունից,  որակյալ օպերատորների ու սցենարիստների, երիտասարդ ու գործունյա պրոդյուսերների պակասից, որոնք կարող էին արտասահմանյան հիմնադրամների ու կինոարտադրողների ֆինանսական միջոցներով սնուցել հայկական կինոարտադրությունը:



Այնուհետեւ Ռալֆ Յիրիկյանն ու Հարություն Խաչատրյանը "Մանթաշանց ասպետ" մեդալով, մշակույթի նախարարությունը ոսկե մեդալով պարգեւատրեցին մի շարք գործարարների, որոնք "եղել են մշակույթի կողքին": Մինչ տեղի էր ունենում պարգեւատրման արարողությունը, մենք հայտնի կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովին հանդիպելով, առիթը բաց չթողեցինք նրա կարծիքն իմանալ հայկական կինոյի, փառատոնի մասին եւ ոտքի վրա կարճ հարցազրույց ունեցանք նրա հետ: "Այս փառատոնի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանային փառատոն լինելով, այն չի հանդիսանում այդպիսին, քանի որ Հայաստանը բարդ հարաբերություններ ունի հարեւանների հետ: Այդ պատճառով փառատոնը տարածաշրջանային փառատոնի ձեւաչափի փոխարեն ընտրել է էթնիկական ձեւաչափը, այսինքն մոլորակի վրա ապրող հայերը այս կամ այն ձեւով ներգրավվում են փառատոնին: Բայց ինչն է լավ, որ փառատոնը չի սեւեռվում դրա վրա եւ իսկապես միջազգային փառատոն է դառնում: Երեւանյան հանդիսատեսի համար այն բավական լայնորեն բացում է դեպի համաշխարհային կինոարտադրություն տանող դարպասները, միաժամանակ որոշ ծրագրերում պահպանելով նեղ հայկական առանձնահատկությունը: Ես կարծում եմ, որ դա օպտիմալ տարբերակ է: Եւ բացման արարողություն, որ Անրի Վեռնոյի 90-ամյակի հետ կապված մի տեսակ ընտանեկան տոնի էր նմանվել (ես Վեռնոյին տասնյակ տարիներ գիտեմ եւ միայն հինգ տարի առաջ եմ իմացել, որ հայ է), ուներ այն բոլոր առավելությունները, որ ընտանեկան տոներն են ունենում, եւ նույնիսկ Կլաուդիա Կարդինալեն, որ համաշխարհային աստղ է, շատ լավ ձուլվեց, մաս կազմեց այդ ընտանեկան տոնին: Թեեւ նրա այցը մի քիչ դժվարացրել էր կազմակերպիչների գործը, որովհետեւ փառատոնի մեջ արարողակարգային բաներ եղան, որոնք առաջ չկային: Ինչ վերաբերում է հայկական կինոյին, իմ սիրելի ռեժիսորներից է Հենրիկ Մալյանը, Ֆրուզե Դովլաթյանի ֆիլմերը սովետական շրջանից, Հարություն Խաչատրյանի ֆիլմերը այս շրջանից, էլ չեմ ասում այն անունները, որոնք այստեղ հնչեցին (ծիծաղում է)` Ռուբեն Մամուլյան եւ այլն",-ասաց Կիրիլ Ռազլոգովը:



Հարցրինք. "Բայց չէ որ դրանք հայկական կինոյի մաս չի կարելի համարել": "Դա հայերի ձեռքով արված համաշխարհային կինո է, ճիշտ այնպես, ինչպես ռուսական կինոն պրոդյուսերության տեսանկյունից հայերի ձեռքում է, այնպես որ, հայ ժողովրդի տաղանդը տարբեր երկրներում տարբեր ձեւերով դրսեւորվում է",-պատասխանեց հանրահայտ կինոքննադատը: