ԱՄՆ դեսպանը հետաքրքրված է ուրանով

ԱՄՆ դեսպանը հետաքրքրված է ուրանով
Երեքշաբթի Կապանում գտնվող ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ուրանի շահագործման խնդրին եւ նշել, որ ինքը փորձագետ չէ, բայց պետք է ամեն ինչ ծանրութեթեւ արվի որոշում կայացնելուց առաջ: Ըստ դեսպանի, այդ հանքավայրերի շահագործումը որոշ առումներով շահավետ է, կստեղծվեն նոր աշխատատեղեր, տնտեսական աճ կապահովվի։ Սակայն կարեւոր են մարդկանց անվտանգությունն ու առողջությունը։ Լրագրողներից բացի, դեսպանը ուրանի թեման նախօրեին քննարկել էր հակաուրանյան շարժմանը միացած 3 ՀԿ-ի հետ: Այդ հանդիպմանը չէր հրավիրվել Կապանի "Ազատամարտ" կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, որն առաջինը սկսեց պայքարել ուրանի հանքերի բացման դեմ: Թեման քննարկվեց նաեւ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում: Մեր ունեցած տեղեկություններով, դեսպանը մանրամասն հետաքրքրվել է՝ իրականում թե՞ժ է այս կառույցում գործող հեռախոսագիծը, թե՞ պարզապես ծրագիր են իրականացնում: Ի դեպ, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այս անգամ Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ Մ. Յովանովիչի բոլոր հանդիպումներն անցան փակ դռների հետեւում։ Կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ  կանանց հիմնախնդիրներով զբաղվող մի ՀԿ-ի ներկայացուցիչներ։



Չգիտես ինչու, միայն նրանց հետ է դեսպանը  քննարկել  կապանցի կանանց հուզող հարցերը։ Հետաքրքիր է, թե  ինչպես են ընտրվում այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպեն ընդհանրապես դեսպանների եւ մասնավորապես Մարի Յովանովիչի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակություն կոչվածի` ավելի շատ  դրամաշնորհներով  հետաքրքրված մասն է հիմնականում արժանանում դիվանագետների հետ հանդիպմանը: Մամուլի ասուլիսում տիկին դեսպանը փորձեց փարատել մեր կասկածները։ Պարզվեց, որ դեսպանատունն է ընտրում դեսպանի զրուցակիցներին։  Թե ինչ չափանիշներով՝ չասվեց։ Ամեն դեպքում, դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ եղել է Մեղրիում ու Ագարակում, հանդիպել քաղաքապետերի հետ։



Միայն Ագարակի մաքսակետում Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ 400 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է արվել, սարքավորումներ են ձեռք բերվել, վերապատրաստվել են աշխատակիցները։ "Անվտանգ սահման ունենալը կարեւոր է",-ասաց տիկինը։ Այս անգամ էլ ժամանակը սուղ էր, ու ԱՄՆ դեսպանը չհասցրեց շրջել Կապանում։ Բայց մարդկանց հետ զրույցից հասցրել էր պարզել, որ կյանքը որոշ չափով լավացել  է. կոմբինատն աշխատում է, փողոցներն ու բակերը մաքուր են։ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հետ հանդիպմանն էլ դեսպանը կիսեց իր այս մտքերը։ Խոսեցին նաեւ "Դինո գոլդ մայնինգ քամփնիի" գործունեության, համայնքում իրականացրած սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում ներդրումների մասին։ Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ուրանի խնդրին։ Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում Կապան կայցելի ավելի երկար ժամանակով, իսկ քաղաքապետը  կրկին առաջարկեց դեսպանին ոչ աշխատանքային այցով լինել Սյունիքում, որպեսզի վայելի Կապանա տան գեղատեսիլ բնությունը։



Արմեն  ԴԱՎԹՅԱՆ