Աղդամը պահելու ռեսուրս չունենք

Աղդամը պահելու ռեսուրս չունենք
"Հենց միայն այն փաստը, որ ՀԱԿ-ը ձեւավորվել է տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժերից, հերիք էր  կանխատեսել, որ ՀՀՇ ներսում կլինեն դժգոհություններ: Կոնգրեսի ստեղծման առաջին շրջանից ՀՀՇ-ում մարդիկ կային, որոնք չէին ուզում իրենց շրջանում տեսնել խորը ազգայնականների",- երեկ, խոսելով ներքաղաքական վերջին գործընթացներից, ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ ամենը կանխատեսելի էր: Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթով "վերադարձավ ակունքներին", այսինքն այն գաղափարին, որն առաջ էր տարվում դեռ 97-ին՝ "Պատերազմ, թե խաղաղություն" հայտնի հոդվածում: Իսկ ՀԱԿ-ի ներսում կան ուժեր, որոնք համամիտ չեն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հետ եւ այն ժամանակ էլ համամիտ չէին "Պատերազմ, թե խաղաղության" հետ: "Դրանք ավելի ազգայնական ուժերն են, օրինակ՝ "Հանրապետություն" կուսակցությունը":

Ես գիտեմ, որ "Հանրապետություն" կուսակցությունը Արցախի հետ կապված իր դիրքորոշումներում ավելի կոշտ է, քան ՀՀՇ-ն", -ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա անհիմն է համարում այն խոսակցությունները, թե իշխանությունները փորձել են "սեպ խրել" ՀՀՇ-ի ներսում, որովհետեւ ՀՀՇ ներկուսակցական խմորումները պայմանավորված են անձնական ամբիցիաներով: "Իշխանություններին դա անհրաժեշտ չէր, ես չեմ կարծում, որ ՀՀՇ-ն այնքան հզոր ուժ է, որ իշխանություններին անհրաժեշտ էր անպայման սեպ խրել": Լեռնիկ Ալեքսանյանը բնական համարեց, որ ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" պատրաստվում են ընտրություններին: Ըստ նրա՝ ներկուսակցական կյանքը հստակեցնելու փորձ է արվում: "Կադրային հարցերը դրա առաջնային մասն են կազմում: Երկու կուսակցություններում էլ կազմակերպական հարցեր են լուծվում, ես գաղափարականն առաջնային չեմ համարում: Լայն ասեմ՝ փոփոխության է ենթարկվում ղեկավարությունը ներկա քաղաքական իրողություններին համապատասխան":



Թեեւ Հանրապետականը միայնակ ընտրությունների գնալու ռեսուրսներ ունի, նրա նպատակը առաջիկա ընտրություններին ոչ թե շատ ձայներ հավաքելը, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելն է լինելու, այն ուժերի, որոնց գաղափարական եւ ծրագրային մոտեցումները համընկնում են ՀՀԿ դիրքորոշման հետ: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա Ալեքսանյանը, շեշտելով, որ արտահայտում է իր անձնական տեսակետը, ասաց, որ եթե  Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա փոխզիջում կլինի: Փոխարենը Ադրբեջանին հանձնվելիք ազատագրված շրջանների քանակը, ըստ ՀՀԿ-ականի, սկզբունքային չէ, այլ "փոքր դիվանագիտական խնդիր", որը մասնագիտական շրջաններում պետք է լուծվի: Սկզբունքային է միայն ԼՂՀ անկախության եւ անվտանգության խնդիրը:



Ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում Լեռնիկ Ալեքսանյանը, որպես ճշտապահ հանրապետական, հավատարիմ մնալով Սերժ Սարգսյանի մետեցմանը, առաջարկեց պատահական քաղաքացիներին հարցնել, թե որը կնախընտրեն՝ ԼՂՀ անկախության ճանաչո՞ւմը, թե՞ Աղդամը: Ըստ նրա՝ պատասխանն Աղդամը հանձնելու օգտին կլինի: "Հայրենասիրությունը, ռոմանտիկան շատ լավ բան են, բայց պետք է ռեալ իրականության հետ հաշվի նստել: Ասելը շատ հեշտ է՝ ոչ միայն Աղդամը չհանձնենք, Արեւմտյան Հայաստանն էլ հետ բերենք: Կա՞ն էդ հիմքերը: Ժողովրդի առաջ հերոս ձեւանալ պետք չէ, պետք է ժողովրդին կարողանալ ճիշտն ասել, դառը, բայց ճիշտը, ոչ թե կարիերայի համար ժողովրդի ականջին հաճելի բաներ ասել",-կուսակցության տեսակետը հիմնավորեց Լեռնիկ Ալեքսանյանը: