Հանրահավաքները վերսկսվում են

Հանրահավաքները վերսկսվում են
Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի երեկվա նիստի սկզբում քննարկվել են աշխարհաքաղաքական հարցեր՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքայի, մի խոսքով, տարածաշրջանում բոլոր խաղացողների նոր մոտեցումները մասնավորապես Ղարաբաղի հարցում: Քննարկվել են նաեւ Կոնգրեսի անելիքներն այս իրավիճակում: Որոշվել է, որ ընդդիմությունը վերսկսում է ակտիվ հանրահավաքային պայքարը: Առաջին հանրահավաքը կանցկացվի սեպտեմբերի 17-ին՝ Ազատության հրապարակում: Դրանից հետո պարբերաբար հանրահավաքներ կլինեն: Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀԱԿ-ը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելելու է  մարզեր: Մինչ այդ՝ օգոստոսի 1-ին, Կոնգրեսի հիմնադրման 2-րդ տարեդարձի առթիվ հավաք կլինի Սարյան պուրակում:



ՀԱԿ երեկվա քաղխորհրդի նիստը փակ էր: Նիստից դուրս եկած կոնգրեսականները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին: Մեզ հետ զրուցեց Լեւոն Զուրաբյանը: Հարցին, թե վերլուծություն ներկայացվե՞ց՝ հանրահավաքային դադարն ինչ տվեց ընդդիմությանը, դադարի ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եւ բացթողումներ եղան, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. "Չէ, եկեք ոչ թե դադարի կատեգորիայով մտածենք, այլ հանրահավաքների կատեգորիայով: Ընդդիմության պայքարն ընդհանրապես բաղկացած է շատ բաղադրիչներից": Ապա շարունակեց. "Դա եւ ծրագիր մշակել, եւ ներկայացնելն է ժողովրդին՝ այդ թվում ալտերնատիվ կառավարման ծրագիր, որ հասարակությունը սկսի ընկալել ընդդիմությանը որպես մի ուժ, որը կարող է ստանձնել երկրում պետական կառավարման պատասխանատվությունը: Դա մի կարեւոր գործ է, որ մենք անում ենք՝ սկսած "100 քայլ" տնտեսական ծրագրից, առողջապահության ծրագիրը, այսօր ընդունեցինք կենսաթոշակային մեր նախագիծը, որը շուտով կհրապարակվի մամուլում, մյուսը կլինի գիտության եւ կրթության ծրագիրը եւ այլն":



Զուրաբյանի խոսքով՝ Կոնգրեսն այսօր նաեւ ամրացնում է իր կառույցները. փորձում է ամեն շրջանում քաղաքական կենտրոններ ունենալ, որտեղ ժողովուրդը կհավաքվի, կստանա ինֆորմացիա եւ կիմանա Կոնգրեսի ասելիքը: "Հանրահավաքային պայքարը մոբիլիզացնում է մարդկանց մեր այս ծրագրերն իրականացնելու ուղղությամբ: Մենք հանրահավաքային բաղադրիչը գործածում ենք այն ժամանակ, երբ համարում ենք ամենաարդյունավետը",- հավաստիացրեց ՀԱԿ համակարգողը: Իսկ  ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում որոշում կայացվեց վերսկսել հանրահավաքները: Զուրաբյանն ասաց. "Մենք համարում ենք, որ սեպտեմբերի 17-ից հանրահավաքների վերսկսումը առավելագույնս կօգնի մեր ծրագրերի իրականացմանը՝ հասարակությանը այդ նպատակների շուրջ մոբիլիզացմամբ: Քաղաքական իրավիճակն ինքը կթելադրի, թե ինչ հաճախականությամբ են լինելու հանրահավաքները": Հնարավո՞ր է բողոքների արդյունք է նաեւ, որ շարժումն ակտիվացել է: "Աբսուրդ",- հայտարարեց Զուրաբյանը: "Կոնգրեսում գոյություն ունեն որոշումների ընդունման շատ ավելի լուրջ մեխանիզմներ, քան մի քանի հոգու փնթփնթոցը":



Մեր դիտարկմանը, թե սեպտեմբերին հնարավո՞ր է նոր քաղաքական ուժ ի հայտ գա նաեւ ընդդիմադիր դաշտում, ՀԱԿ համակարգողն այսպես պատասխանեց. "Ես նմանատիպ բան չգիտեմ: Ինչ ուզում են, թող անեն: Ի վերջո դեմոկրատիան ենթադրում է, որ ցանկացած մարդ սահմանադրորեն ունի իրավունք միավորվելու ինչ-որ քաղաքական ուժի մեջ: Դա բոլորի իրավունքն է, ով ցանկանում է, թող էդ իրավունքն իրագործի": Հարցին, թե ՀՀՇ ներքին խնդիրները քննարկվե՞լ են նիստում, Զուրաբյանը բացասական պատասխան տվեց. "Ոչ: Խնդիրներ չեն եղել, եղել է մեկ մարդու բողոք իր չընտրվելու կապակցությամբ, եւ դրա շուրջ ստեղծված լարվածությունն արդեն հարթված է: ՀՀՇ-ում ձեռք է բերված համախմբվածություն":



Բայց այնտեղ էլի դժգոհներ կային՝ նկատեցինք մենք: Կոնկրետ ո՞վ,- հարցրեց Զուրաբյանը ու, չստանալով հարցի պատասխանը, շարունակեց. "Անոնիմկայով եք զբաղվում: Եթե անուններ չեք տալիս, վերականգնում եք սովետական շրջանի անոնիմկաների ավանդույթները: Ես գիտեմ մեկ անուն՝ Կարապետ Ռուբինյանը, մնացած դժգոհությունները, կներեք, անոնիմկայի ստատուսից բարձր չեն, եթե այդպիսիք կան":