Տո դուք ո՜ւր, Կոսովոն ո՜ւր... կամ Հաագայի անո՞ւն լսեցիք

Տո դուք ո՜ւր, Կոսովոն ո՜ւր... կամ Հաագայի անո՞ւն լսեցիք
Կոսովոյի անունը ՀՀ քաղաքական գործիչների բերանն ընկավ մեկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, մեկ էլ հիմա, երբ Հաագայի դատարանը կայացրեց իր խորհրդատվական նշանակության որոշումը երկրամասի անկախության ճանաչման օրինականության վերաբերյալ: Մինչ Հայաստանի ինքնահռչակ քաղաքագետները կրկին "քննարկում" են երկու տարվա հնամաշ տեսակետները՝ մեզ համար նախադեպ լինել-չլինելու համատեքստում, Ղարաբաղում կյանքի նշույլներ երեւացին: Հանրահավաքի գաղափարը, ինչպես արդեն գիտենք, սատկեց սաղմնային վիճակում, իսկ ահա Բակո Սահակյանը մի քանի "դարակազմիկ միտք" հայտնեց, փորձելով ապացուցել, որ իր գոյությունն արդարացված է ու նույնիսկ կարեւոր:



Հայաստանից գեղի նախագահի նստավայր գործուղված լրագրողների առջեւ տարուբերվելով, Բակոն Հաագայի դատարանի որոշումը գնահատեց որպես կարեւոր իրադարձություն ու նույնիսկ բացատրեց. այն  քաղաքական նոր իրավիճակ է ստեղծում: Տես է, գիտի, թե ինչ բան է քաղաքական իրավիճակը: Ըստ Բակո Սահակյանի, այդ իրավիճակը հետեւյալն է. "Հայաստանի ակնհայտորեն կառուցողական քաղաքականությանն ի պատասխան, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում՝ ձախողելու բանակցային գործընթացը": Մյուս կողմից էլ ասում է, որ մենք, այսինքն իրենք, ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակը "չեն դիտում նախկին ԼՂԻՄ տարածքների շրջանակներում", իսկ մնացածը կներկայացնեն բանակցություններին մասնակցելու դեպքում:



Հետո անմեղսունակի կեցվածքով ասում է, որ "Հայաստանի նախագահը չի իրականացնում ծայրահեղ քաղաքականություն, որը ողջունվում է ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության կողմից": Այդ դեպքում ի՞նչ կարիք կա բանակցային գործընթացին մասնակցելու սպառնալիք նետել մթնոլորտ, "մնացածը ներկայացնելու" վճռականությամբ: Մնացած ի՞նչը: Հետո էլ ի՞նչ կարիք կա Կոսովոն մատի փաթաթան դարձնելը, եթե չեք կարողանում նվաճել ձեր անկախությունը, ինչպես Կոսովոն՝ մի հարցնող լինի: Հիշեցնենք, որ 2007-ի աշնանը Մոսկվա կատարած այցի ժամանակ դեռեւս վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ առկա բոլոր փաստաթղթերում Ղարաբաղն ամբողջությամբ այդ "ամբողջականության" սահմաններից ներս է: Բայց վերադառնանք Կոսովոյին:



2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը  հուշում էր. "Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը որոշակի առումով դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից` առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումներին դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում:



Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում": Հետո տեսանք, թե ինչ հրաշագործություններ՝ շախմատային, ֆուտբոլային ու ո՞վ գիտի էլ ինչ չբացահայտված դիվանագիտական մտքի թռիչքներ արձանագրեց Սերժ Սարգսյանը, որը չհամարձակվեց ներկայանալ ոչ միայն Ղարաբաղում պատրաստվող  հուժկու հանրահավաքին, այլեւ հանրահավաքի "գաղափարն" անգամ նահատակեց Ռուսաստանից հնչած ճակատագրական զանգից հետո: ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն էլ առաջարկում է հարցի լուծման իր տարբերակը: Նա հավաստիացնում է, որ անկախ այն բանից՝ Կոսովոն նախադեպ են համարում, թե ոչ, հօգուտ հայկական կողմի ԼՂ հարցի լուծման ելքերը կան, պարզապես պետք է փոխել մոտեցումները:



"Սկսենք նախադեպից: Այսօրվա բանակցային տրամաբանության եւ օրակարգի պայմաններում Կոսովոյի նախադեպը կիրառելի չէ, որովհետեւ ընդունելով Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային գործընթացի հիմք, հայկական կողմը խոստովանել է, որ օկուպացվել են տարածքներ, եւ այդ տարածքներից պետք է դուրս բերվեն զինված ուժերը: Եվ սա է պատճառը, որ ըստ էության խնդիրը դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Քանի դեռ Հայաստանը կամ դուրս չի եկել բանակցային գործընթացից այս օրակարգով, կամ շատ լուրջ նորամուծություններ չի կատարել այս օրակարգում եւ փիլիսոփայությունում, որոնք կտրականապես կփոխեն բանակցությունների փիլիսոփայական հիմքը, Կոսովոյի նախադեպը կիրառելի չի լինի",-պարզաբանեց Արման Մելիքյանը:



Հիշեցնենք, որ նա նույնպես 2008-ին անդրադարձել էր Կոսովոյի հարցին ու ասել, որ մեզ համար միեւնույն պիտի լինի՝ նախադեպ է, թե ոչ, եւ որպես հարցի լուծում՝ առաջարկել բնակեցնել "գրավյալ" տարածքներն ու ճանաչել ԼՂ Հանրապետությունը: Մեզ հետ զրույցում նա կրկին պնդեց հարցի լուծման այս տարբերակը: "Լեւոն Տեր-Պետրոսյանն օրինակ՝ ասում է, որ այդ հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, Դուք պնդում եք Ձեր տեսակետը, միթե ներկայիս իրավիճակը թույլ է տալիս ասել նույն բանը, եւ եթե այո, ինչպե՞ս պիտի դա արվի" մեր հարցին Արման Մելիքյանը պատասխանեց. "Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը չէի ուզենա մեկնաբանել, քանի որ ակնհայտ է, որ նրա հայտարարությունները ավելի շատ քաղաքական համատեքստում պետք է դիտարկել եւ ոչ թե կոնկրետ լուծումների:



Բայց այսօր հայկական կողմը լուրջ բացթողումներ թույլ տվեց, երբ ձեւավորվում էր ընդհանուր օրակարգը, եւ Հայաստանն ու ԼՂ-ն, կոպիտ ասած՝ քցեցին հայ փախստականներին, ու նրանց խնդիրը չդարձավ բանակցությունների օրակարգի հարց, ու, ըստ էության, համաձայնեցին հակամարտության այն ժամանակագրության հետ, որը սկսեցին հաշվել 90-ականներից՝ Ադրբեջանի ու միջնորդների ջանքով": Իսկ լինելով ԼՂ ԱԳ նախարար,  ինչո՞ւ չի մշակել ԼՂ արտաքին քաղաքական հայեցակարգ, որը մինչ այսօր էլ գոյություն չունի, Արման Մելիքյանը պատասխանեց. "Գիտե՞ք, շատ բաներ, օրինակ արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող 3 օրենքներն էլ մենք նախապատրաստեցինք եւ անցկացրեցինք ԱԺ-ում:



Ցավոք, չհասցրեցինք անցկացնել քաղաքացիության մասին օրենքը, որովհետեւ որոշակի դիմադրություն կար: Բայց մենք ստեղծեցինք այն իրավական բազան, որի հիման վրա գործում է ԼՂ արտաքին գերատեսչությունը: Նաեւ հայեցակարգ էր պատրաստված, բայց Ղարաբաղը դեռեւս ինքնակազմակերպման խնդիր ունի լուծելու, որովհետեւ նախ չկան համապատասխան մասնագետներ, հետո էլ դուրս է արտաքին քաղաքական, դիվանագիտական ասպարեզից":