Գիսանե տաճարի գանձերը

Գիսանե տաճարի գանձերը
"Սա պատմություն է մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրն ապրում է առասպելի մեջ: Մեկի առասպելը մեռած աստվածների մասին է, մյուսինը` ապրող: Մեկինը չիրականացած սիրո երազի մասին է, մյուսինը` իրականացած: Մեկինը կորցրած հայրենիքի մասին է, մյուսինը` վերագտած: Մեկն ապրում է իր առասպելի մեջ, մյուսը` ուրիշի": Այսպես է սկսվում Գառնիկ Սահակյանի "Գիսանե տաճարի գանձերը" գիրքը: Սա Գառնիկ Սահակյանի երկրորդ գիրքն է, երկուսն էլ լույս են տեսել Լոս Անջելեսում: Հեղինակն ապրում եւ ստեղծագործում է Ամերիկայում: Նա հայոց լեզու է դասավանդում Գլենդելի համայնքային քոլեջում:



Երեկ Սիրահարների այգում՝ նեղ, ընկերական միջավայրում, գարեջրի սեղանի շուրջ գիրքը ներկայացվեց ընթերցողին: Ներկա էին միայն հեղինակի ընկերներն ու մի քանի ընթերցող, որոնք հասցրել էին կարդալ գիրքը: Սկզբում հեղինակը ցանկացել էր գրքի շնորհանդեսը կազմակերպել Գրողների միությունում, սակայն հետո մտքափոխվել էր: "Ես լսեցի՝ ասում էին, որ սփյուռքահայերը գալիս են այստեղ, գիրք են գրում, հրատարակում եւ ինքնագովեստով են զբաղվում: Այդ պատճառով էլ որոշեցի, որ շնորհանդես չի լինելու, գիրքը ձրի կբաժանեմ: Բայց հետո Վահան Իշխանյանն առաջարկեց այս տարբերակով կազմակերպել, ու գաղափարն ինձ շատ դուր եկավ",- ասաց առանձնակի համեստությամբ աչքի ընկնող հեղինակը: Գիրքը լավ է ընդունվել հատկապես Գլենդելում:



"Գիրքն այնտեղ գտել է իր ընթերցողին",-ասաց նա: Հեղինակը կարծում է, որ Հայաստանում էլ այն լավ կընդունվի ու հաստատ կգտնի իր ընթերցողին: Գրքի քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ, քանի որ քչերն էին հասցրել ընթերցել այն, բայց ով էլ հասցրել էր կարդալ, շատ դրական եւ գովեստով էր խոում գրքի մասին: "Սա ունիկալ գիրք է հայ գրականության մեջ: Այստեղ զուգահեռներ են տարվում անցյալի ու ներկայի միջեւ, թե ինչպես է ապրում անցյալը մեր մեջ: Վեպում կան տարբեր ժանրեր՝ եւ արկածային, եւ դետեկտիվ, ամեն ինչ հիմնված է պատմական փաստերի վրա: Շատ հետաքրքիր ներկայացվում է եւ Հայաստանը, եւ սփյուռքը:



Գիրքը շատ նման է "Կոդ Դա Վինչի" վեպին: Վեպում կան կոդեր, որոնք օգնում են բացել մեր իրականության շատ մութ կողմեր: Շատ հետաքրքիր է կարդացվում: Երբ ես սկսեցի կարդալ գիրքը, մոռացա, որ Գառնիկն իմ ընկերն է, որ նա է հեղինակը, եւ ամբողջությամբ խորացա գրքի մեջ",-ասաց "Ինքնագիր" գրական ակումբի  նախագահ Վահան Իշխանյանը: Գիրքը լույս է տեսել բացառապես հեղինակի միջոցներով, հազար օրինակով եւ շուտով կհայտնվի նաեւ մեր գրախանութներում, ու հայ ընթերցողը հնարավորություն կունենա ճանաչել Գառնիկ Սահակյանին: