Սա պետություն ա, հո քմահաճույքների երկիր չի՞

Սա պետություն ա, հո քմահաճույքների երկիր չի՞

"Գրանդ հոլդինգի" ճակատագրի վերաբերյալ տարատեսակ կանխատեսումներ են շրջանառվում: Ըստ որոշ լուրերի՝ ընկերության հարաբերությունները սրված են վարչապետի ու Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ:  Խոսում են, թե պատրաստվում են նրանցից խլել "Ար" հեռուստաընկերությունը, լուրջ խոչընդոտներ են ստեղծում արտահանման ու ներմուծման համար: Վարդանյաններին են վերագրում ու արդեն անցյալ ժամանակով խոսում "Էյ Այ Յու Արիա" մասնավոր բուհի մասին, որը կրթության եւ գիտության նախարարի ու լիցենզավորման վարչության որոշմամբ վերջերս զրկվեց լիցենզիայից: "Գրանդ հոլդինգի" շուրջ ստեղծված իրավիճակի մասին է մեր զրույցը ընկերության նախագահ, Աժ պատգամավոր Հրանտ Վարդանյանի հետ:



- "Էյ Այ Յու Արիա"  մասնավոր համալսարանը Ձե՞զ Է պատկանում:



- Չէ, չէ: Էդ համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի պարսկագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանին էր պատկանում: Ես իրեն ուղղակի տարածք եմ տվել, որ աշխատի: Մեր տարածքում աշխատում են, մենք էլ նրանց բարեգործական հիմունքներով օգնում ենք: Եթե չեն կարում աշխատեն ու պիտի փակեն, իրանց պրոբլեմն ա, Ասատրյան Գառնիկը շատ ճանաչված անձնավորություն ա, զանգեք, թող ինքը բացատրի:



- Իսկ այդ համալսարանի ստեղծման մեջ ներդրում ունե՞ք:



- Ես ի՞նչ կապ ունեմ, կարող ա՞ դրանից ես մի երկու կոպեկ փող աշխատեմ, ուղղակի դա բարեգործական աշխատանք էր, քանի որ կրթության հետ էր կապված, լուրջ մասնագետին օգնել եմ, իսկ շարունակությունը իր պրոբլեմն է:



- Իսկ տարածքը վարձակալությա՞մբ էիք տվել:



- Չէ, բարեգործական էր, ընդամենը օգնել եմ: Հիմա վաղը եթե ես եկեղեցի կառուցեմ, ու Վեհափառը չկարողանա ժողովրդին հրավիրի եկեղեցի՝ Աստծուն ձայն տան, ես պիտի նեղվե՞մ:



- Լուրեր են շրջանառվում, թե Ձեզանից ուզում են խլել նաեւ "Ար" հեռուստաընկերությունը: - Գիտեք, "Ար" հեռուստաընկերությունը, արտասահմանյան ռեյտինգ չափող մի կազմակերպության տվյալներով, 5-6-րդ տեղն է: Եթե մեր իշխանությունները կփորձեն 6-րդ համարի հեռուստաալիքը փակել, Աստված իրենց հետ, դա իրանց պրոբլեմն ա ու մեր ժողովրդի, ես ոչ մի պրոբլեմ չունեմ: Բայց ես չեմ կարծում, որ այդ քայլին մեր կառավարությունը կգնա, եթե 20-ից մի քանիսը պիտի փակվի, ու մենք 6-րդ տեղն ենք, ինչի՞ պիտի մերը փակվի: Սա պետություն ա, հո քմահաճույքների երկիր չի՞, որ ինչ ուզեն անեն:



- Պարոն Վարդանյան, Դուք չգիտե՞ք, որ պետությունը ռեյտինգով չի առաջնորդվում, այլ սուբյեկտիվ նկատառումներով: "Ա1+"-ը վերջի՞ն տեղում էր, որ փակեցին: - Դե "Ա1+"-ը քաղաքական հեռուստաընկերություն էր, օպոզիցիոն, իսկ մենք այլ հարցեր ենք բարձրացնում, փորձում ենք ժողովրդին օգտակար լինել, ոչ կուսակցություն ենք, ոչ քաղաքական խմբավորում ենք, ոչ մի բան: Մենք գործարար աշխարհ ենք, որը նաեւ այդ հեռուստաընկերության ծախսերն ա իր վրա վերցնում:



- Դե, մեկին քաղաքական, մյուսին էլ անձնական պատճառներով կփակեն: - Մենք փորձում ենք ծառայել հանրությանը: Կփակեն՝ մենք էլ կփորձենք համոզել, որ հարկավոր ենք մեր հասարակությանը, չենք կարողանա համոզենք՝ թող փակեն, եթե հասարակությունը գտնի, որ մենք իրենց պետք ենք, տարբեր առիթներով պիտի համոզի, որ մենք իրենց պետք ենք: Մենք մեր հաղորդումներով փորձում ենք մեր նոտան ունենալ:



- Ի դեպ, Ձեր հեռուստաընկերության եթերում  սերիալներ չկան, անձնական բացասական վերաբերմունքո՞վ է պայմանավորված: - Դուք չեք կասկածում, չէ՞, որ Վարդանյան Հրանտը այնքան գումար կունենա, որ կարա հարյուր հատ սերիալ բաց թողի: Մենք ընդամենը փորձում ենք ինչ-որ ձեւով ազգայինը պահենք: Գիտեք ինչ, սերիալները իմ համար անընդունելի են՝ եւ հայկական, բրազիլական եսիմինչական. որ նայում ես, զզվելդ գալիս ա, ոչ դաստիարակում ա, ոչ էլ երիտասարդ սերնդի համար օգտակար աշխատանք ա տանում: - Դուք միջամտո՞ւմ եք եթերի բովանդակությանը, ցուցումներ տալի՞ս եք՝ ինչ ժանրի հաղորդումներ լինեն, կամ լրատվական թողարկումներին: - Գիտեք, ռազմավարական առումով կա, բայց ամենօրյա՝ չէ, որ ասեմ ես ամեն օր մեր հեռուստաալիքները նայում եմ ու ուղղություն տալիս՝ ոչ, բայց ռազմավարական առումով կա, օրինակ հատուկ վերաբերմունք կա եկեղեցու, բանակի, պետականության հանդեպ: - Ձեր եթերում էլ գերակշռում են հնդկական ֆիլմերը, Դուք սիրո՞ւմ եք հնդկական ֆիլմեր: - Շաբաթ-կիրակի օրերն են միայն, մեր հեռուստաալիքը նայողների 60 տոկոսը նայում են, մենք այդ ստատիստիկան արել ենք, բայց ոչ մեկը չի ասում, որ նայում ա, մի հատ սինդրոմ կա, որ ամաչում են: Կարծում են, թե հնդկական ֆիլմը ռաբիզ ա, ու ամաչում են նայեն: Բայց շատ մեծ աուդիտորիա նայում է, ես էլ անձամբ շատ եմ սիրում:



- Պարոն Վարդանյան, Ձեր հարաբերությունները լարվա՞ծ են վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի հետ:



- Դա հերթական ուտկան ա, լրիվ նորմալ հարաբերություններ են Գագիկ Խաչատրյանի եւ վարչապետի հետ, չնայած մենք ունենք տարաձայնություններ սիգարետի նոր օրենքի հետ կապված, որը մշակման փուլում ա, աշխատում են դրա վրա, բայց էն ուղղությունը, որ վարչապետն ա ընտրել, իմ համար անհասկանալի ա: Բայց մենք բանակցում ենք: - Կոնկրետ ի՞նչն ընդունելի չէ Ձեզ համար:



- Դե հարկերի փոփոխությունը, ինչը որ կառավարությունն առաջարկում ա, տեղական արտադրությանը չեն խթանում, ավելի շատ ներմուծմանն են խթանում, սակայն դա դեռ նախագիծ է: Կարծում եմ՝ վերջում նորմալ կլինի:



- Իսկ Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ Ձեր հարաբերություննե՞րը:



- Եթե այս տեմպերով երկու ամիս էլ շարունակվի, լրիվ կախպերանանք: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք, հիմա ինքը ինձ հնարավորություն ա տվել 80 աշխատատեղ կրճատենք, բոլոր պահակներին կրճատելու եմ, որովհետեւ հարկային տեսուչները եկել են, պահակների գործը լրիվ կատարում են: ...Արկղ առ արկղ ստուգում են նրանց տեսուչները, նայում են թղթաբանությունը, որ հանկարծ նույնիսկ մի հատ ստորակետի սխալմունք չլինի: - Իսկ այն լուրե՞րը, թե մաքսատանը խոչընդոտում են Ձեր արտադրանքի արտահանմանը եւ շոկոլադն այնքան են պահել, որ փչացել է: - Դա շոկոլադ ներմուծողների կամ արտադրողների հերթական բլեֆն ա, ընդհանրապես մենք մի տարի ա՝ չենք արտահանել, ես էլ թերթերում կարդացի, զարմացա, զանգեցի "Գրանդ քենդիի" կոնֆետի գործարանի դիրեկտորին, հարցրի, ասեց՝ մենք վերջին 8-9 ամսվա ընթացքում չենք արտահանել ու խնդիր չենք ունեցել: