Զերծ մնացեք ապօրինի շինարարությունից

Զերծ մնացեք ապօրինի շինարարությունից
Երեկ "Գլենդել Հիլզ" ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը "Զերծ մնացեք ապօրինի շինարարությունից" վերտառությամբ հաղորդագրություն է տարածել` կապված Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակելի շենքերի հետ: Հիշեցնենք, որ այդ շենքերի շինաշխատանքներից որոշակի դժգոհություններ կան, եւ վերջերս բնակարաններից մեկի առաստաղն էր փլվել:



"Գյումրիի Մուշ 2 թաղամասում շահագործման հանձնված բնակարանների երաշխիքային սպասարկման շրջանակներում մեր ընկերության ներկայացուցիչներն արձանագրել են ապօրինի շինարարության, նախագծային փոփոխությունների մի շարք դեպքեր: Մասնավորապես, արձանագրվել են դռների տեղափոխման, նկուղ փորելու փորձեր, որոշ դեպքերում հատակն "ուսումնասիրելու" նպատակով այն քանդվել է, մուտքերից շատերում աստիճանավանդակների տակ խորդանոցներ են կառուցվում եւ այլն: Լուսանկարներից մի քանիսը կցվում են: Այդպիսի դեպքերից մի քանիսը կանխվել են:



Նախագծային փոփոխություններն առանց համապատասխան մարմինների փորձաքննության եւ թույլտվության, ինչպես նաեւ ապօրինի շինարարությունն արգելվում է օրենքով: "Գլենդել Հիլզ" ՓԲԸ մասնագետները տեղեկացնում են, որ այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն տուգանքի ենթակա են, այլ նաեւ վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը եւ վտանգում շենքերի սեյսմակայունությունը: Բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ինքնագործունեությունից եւ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում խորհրդակցել պատկան մարմինների հետ:



Տեղեկացնում ենք նաեւ, որ ընկերությունը երաշխիքային սպասարկման շրջանակներում վերացնում է շինարարական թերությունները, որոնք կարող էին չնկատվել ստուգումների ընթացքում, օգնում է համապատասխան կառույցներին` կոմունալ ծառայությունների մատակարարման փորձարկումներում, սակայն միեւնույն ժամանակ հստակեցնում ենք, որ ընկերությունը չի փոխհատուցելու նախագծային փոփոխությունների, ինքնագործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների վերականգնման ծախսերը, ինչպես նաեւ միջոցներ չի հատկացնում լամպերի, դռան զանգի մարտկոցի, դռան դիտանցքի եւ նման այլ բաների համար":