Նոր աստղի անունն է Անաիսա

Նոր աստղի անունն է Անաիսա
Եվա Ռիվասի պրոդյուսեր Հայկ Մարկոսյանը Եվային հայկական շոու-բիզնեսի բաղձալի բարձունքներ "բրթելու" փորձերից, "Եվրատեսիլին" մասնակից դարձնելուց հետո հիմա էլ զբաղվում է Անաիսա անունով երգչուհու, այսպես ասած՝ "ռասկրուտկայով": Մենք շարունակ հաղորդագրություններ ենք ստանում այս նորահայտ "աստղի" մասին: Պրոդյուսերական կենտրոնը նախ նրա կենսագրությունն էր ուղարկել մեզ, ապա երգի բառերը, հետո հայտնեցին, որ արդեն ավարտվել են նրա "Աստղերն ասում են" երգի տեսահոլովակի նկարահանումները: Երգի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, ռեժիսորը՝ Արամ Շահբազյանը:



Տեսահոլովակի պրեմիերան կկայանա շուտով, Հանրային հեռուստաընկերությամբ: Մենք փորձեցինք Հայկ Մարկոսյանից պարզել, թե ով է Անաիսան եւ որտեղից է հայտնվել. "Ինքը Հայաստանում է ծնվել՝ Աշտարակ քաղաքում, ուղղակի փոքր տարիքից տեղափոխվել են Ռուսաստան՝ Վիբորգ քաղաք, այնտեղ է մեծացել, երաժշտական դպրոց է հաճախել եւ ինստիտուտն էլ է այնտեղ ավարտել: Առաջ հիմնականում ռուսերեն երգեր էր կատարում: Առաջին հայալեզու երգը Արմենն է Մարտիրոսյան գրել նրա համար: Անաիսան վերջերս է Հայաստան եկել, երկրորդ երգն ենք պատրաստում":



Հնարավո՞ր է, որ Անաիսան մասնակցի "Եվրատեսիլին": Հայկ Մարկոսյանը պատասխանեց. "Այդ մասին խոսք անգամ չկա, ես այդ հարցը տվել եմ իրեն, Անաիսան դեմ է, ինքը չի ցանկանում: Միակ նախագիծը, որ ունենք, մի քանի հայերեն երգեր ձայնագրելն է եւ հայկական երգերով ալբոմ պատրաստելը":  Ինչպիսի՞ն են Անաիսայի ձայնային տվյալները. "Աննա Մայիլյանն է համաձայնվել նրա հետ պարապել՝ ձայնային տվյալները լսելուց հետո": Իսկ Եվայի հետ այլեւս չե՞ն աշխատում. "Ոչ: Եվայի հետ աշխատանքները մենք դադարեցրել ենք, մեր օգնության կարիքը ինքը եվրատեսիլյան շրջանում ուներ":