Ինտելեկտուալ դերասանի ֆենոմենը

Ինտելեկտուալ դերասանի ֆենոմենը
Տաղանդավոր դերասան, հրաշալի մարդ: Այսպես էին բնորոշում Վլադիմիր Մսրյանին նրա գործընկերներն ու ընկերները: "Բառերն այստեղ շատ փոքր են, որ կարծիք հայտնեն նման հանճարեղ մարդու մասին: Որպես կոլեգա՝ հրաշալի մարդ էր, քայլող դպրոց էր, որից կարելի էր սովորել, ընդօրինակել շատ բաներ",- ասաց դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 73 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանը: Նա կյանքի վերջին տարիներին տառապում էր արյան քաղցկեղով: Երեկ առավոտյան դերասանի վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ կնքել էր իր մահկանացուն:



Վլադիմիր Մսրյանը կերտել է բազմաթիվ կերպարներ եւ թատրոնում, եւ կինոյում, բայց նա հանդիսատեսին ավելի հայտնի է թատերական բեմերից, հատկապես դրամատիկական թատրոնի, որտեղ նա աշխատել ու ստեղծագործել է՝ սկսած 1970 թվականից: Դրամատիկականի բեմում մարմնավորել է Հուլիոս Կեսարի, Համլետի, Հերոստրատի եւ բազմաթիվ այլ կերպարներ: Մսրյանին հատկապես հաջողություն եւ ճանաչում բերեց "Նիկոլո Պագանինի" ֆիլմում գլխավոր հերոսի՝ Պագանինիի կերպարը: Նրա գործընկերները մեծ ցավ էին ապրում եւ դժվարանում էին խոսել իրենց ընկերոջ մասին: "Փայլուն մարդ, հանճարեղ դերասան: Աշխարհահռչակ մի դերասան, որն այդքան կատարյալ կերտել է Պագանինիի դերը: Ներկայիս շատ դերասաններ պետք է շատ ճանապարհ անցնեն, որ կարողանան նրա պես խաղալ եւ հասկանալ, թե ինչ է նշանակում դեր ասվածը",-ասաց դերասան Վարդան Հովսեփյանը:



Թատերագետ Լեւոն Մութաֆյանն էլ այսպես բնորոշեց իր ընկերոջը. "Վլադիմիր Մսրյանը 20-րդ դարավերջի ազգային թատրոնի ու կինոյի այն խոշորագույն անհատականություններից մեկն էր, որն իր արվեստում խտացնում էր ազգայինն ու եվրոպականը՝ այդ ամենի մեջ ներառելով նաեւ ռուսական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթները, ստեղծելով բացառիկ մի ներդաշնակություն, որը հաստատում էր ինտելեկտուալ դերասանի ֆենոմենը մեզանում: Իր խաղաղհոգի առանձնահատկություններով նա կարողանում էր կենդանի պահել ողբերգակների դպրոցի այն սկզբունքները, որոնք, բացառելով կիրքը՝ որպես ինքնարտահայտման ձեւ, կարեւորում էին բանականության ողբերգությունը, հզոր անհատի ողբերգությունը:



Հիրավի մեծ դերասան էր Վլադիմիր Մսրյանը: Խաղալով 30-ից ավելի դերեր՝ Մսրյանը հաստատում էր հզոր անհատի կռիվն ու պայքարը ժամանակի դեմ եւ հաստատում այն միտքը, որ կեցության բաղադրիչը բանականության սիմֆոնիան է": Ի դեպ, թատերագետը գիրք ունի գրած դերասանի մասին: Գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ "Վլադիմիր Մսրյան": Լույս է տեսել 2008 թվականին, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի պատվերով ու հովանավորությամբ:



Վլադիմիր Մսրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 26-ին, ժամը 19-ին, դերասանի տանը, հուղարկավորությունը՝ Երեւանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում: Նրա վերջին հրաժեշտը տեղի կունենա  Օգոստոսի 27-ին, ժամը 12-14-ը՝ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: