Հատվել է ոչ թե 11, այլ 116 ծառ

Հատվել է ոչ թե 11, այլ 116 ծառ
Դեռեւս օգոստոսի 31-ին մենք ներկայացրել էինք, որ «Լոռի» հանգստյան տնից 2 կմ հեռավորության վրա շուրջ 10 օր է՝ կատարվում են զանգվածային ծառահատումներ: Այցելելով համոզվեցինք, որ ահազանգող քաղաքացին իրավացի է, եւ դրանք կրում են զանգվածային բնույթ: Գուգարքի անտառտնտեսության պետը նշեց, որ դրանք անօրինական են, ու որ այդ վայրում օրինական հատատեղ չկա: Հաջորդ օրը տպագրված մեր հոդվածին արձագանքելով՝ բնապահպանության նախարարությունը բացահայտել էր չարագործին եւ պարզել, որ ապօրինաբար հատվել է 11 ծառ, ինչն ուղղակի աբսուրդ է: Սեպտեմբերի 9-ին «Անտառային պետական մոնիտորինգ» կենտրոնի դաշտային բաժինը որոշել էր տեղում մոնիտորինգ անել՝ պարզելու իրականությունը:



Մոնիտորինգին ներկա էին նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, մեզ ահազանգող քաղաքացին եւ լրագրողներ: Դեռ կես ժամ չէինք բարձրացել, երբ գտանք այն 11 հատված ծառերը, որոնք հայտնաբերել էր հանձնաժողովը, ծառերը կնքված էին, համարակալված: Երբ հասանք մասսայական ծառահատումների վայրը, մոնիտորինգի աշխատակիցները սկսեցին չափել կոճղերի տրամագիծը, հերթով գրանցել հատված ծառերի թիվն ու տեսակը: 1 ժամվա ընթացքում մոտ 80 հատված ծառ հայտնաբերեցինք, ինչից երեւում էր, որ դա մասշտաբային ծառահատում է:



Անտառի մեկ այլ հատվածում հայտնաբերեցինք եւս 28 ծառի կոճղ: Ընդհանուր թվով հաշվեցինք 116 ծառ` բոխի, հաճարենի, նաեւ ընկուզենի ու տանձենի: Հարցազրույց խնդրեցի «Անտառային պետական մոնիտորինգ» կենտրոնի տնօրեն Հայկ Խուդաբաշյանից, որը հրաժարվեց, միայն նշեց, որ տվյալները ներկայացվելու են բնապահպանական տեսչություն: Աշխատանքն ավարտելուց հետո, երբ իջնում էինք, «Լոռի» հանգստյան տան մոտ մեզ դիմավորեցին անտառապետն ու 2 ոստիկաններ, որոնք նախ փորձում էին համոզել, որ թվերը չհրապարակենք, քանի որ, ըստ իրենց, «անտառապետի տունն եմ քանդում, որ դուշման եմ հետ գցում» եւ նման բաներ, իսկ ոստիկաններն էլ կրկնում էին. «Որ անտառապահին դատեն, դո՞ւ ես իրա երեխեքին պահելու»:



Չեմ կարծում, որ մարդուն դատեն առանց ապացույցների` հիմնվելով միայն լրագրողի հոդվածի վրա: Իսկ հատված ծառերն արձանագրել է նաեւ Մոնիտորինգի կենտրոնը: Իմացանք նաեւ, որ մեզ ահազանգող քաղաքացուն եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խմբին էլ էին խնդրել նման բան: Իսկ ամենավերջում՝ գիշերվա 11-ի կողմերը, եկավ նաեւ իրենց տնօրինությունը, որոնք իրենց մարզային գրասենյակում իսկական գողական «ռազբորկա» կազմակերպեցին՝ «հարց-պատասխանի» տեսքով:



Էդվարդ  ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ