ԱԽ քարտուղարը գիտի` պետական կայքերը պաշտպանված են

ԱԽ քարտուղարը գիտի` պետական կայքերը պաշտպանված են
Սեպտեմբերի 20-ին կայացել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել է հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, մասնավորապես` հանձնաժողովի անդամները ներկայացրել են տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:



Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ընդլայնվել է ինտերնետ տարածվածության աստիճանը, տեղեկատվական անվտանգության հայեցակարգի հաստատումից հետո ազգային անվտանգության ծառայության եւ պետական մյուս լիազոր մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ էականորեն բարձրացել է պետական մարմինների պաշտոնական կայքերի պաշտպանվածության մակարդակը:



<<Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մեր պետական մարմինների կայքերը հուսալիորեն պաշտպանված են>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:



Հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ծրագրին, որը նախատեսվում է ներդնել հաջորդ տարվանից: Տեղեկատվական անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարված մոնիթորինգի  արդյունքում արձանագրվել է համապատասխան օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:



Նիստում որոշվել է մշակել Հայաստանում ռադիոսարքավորումների սերտիֆիկացման կարգը, որի ընդունումն էականորեն կբարելավի այս ոլորտում Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը:



Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ