Հայկական նամականիշեր Շանհայում

Հայկական նամականիշեր Շանհայում
Հայաստանի Անկախության օրը, «Շանհայ Էքսպո-2010»-ի հայկական տաղավարում մարվեցին Հայփոստի թողարկած «Հայաստան.Անկախության տոն» երկու նամականիշերը: Նամականիշերը մարեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: Ներկայացվեց նաեւ «Աշխարհի քաղաքին» նվիրված նամականիշը, որն առաջիկա օրերին նույնպես կդրվի շրջանառության մեջ: Մարման արարողությանը ներկա էին նաեւ ՉԺՀ պաշտոնատար անձինք, բազմաթիվ այլ հյուրեր:



«Շատ մեծ խորհուրդ ունի այսօր ձեզ ներկայացնել նամականիշներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությանն ու տաղավարին, ինչը նշանակում Է շարունակականություն»,-մարման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Անկախության օրը Հայաստանն իր Ազգային օրը նշում Է նաեւ Մայր հայրենիքից մեծ հեռավորության վրա գտնվող աշխարհի մեծագույն քաղաքներից մեկում՝ Շանհայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում` քաղաքակրթությունների հատման այս հարթակում մարդկությանը ներկայացնելով Արարատ լեռանը նայող իր «Աշխարհի քաղաքի» կառուցման գաղափարը:



«Նամականիշերը տվյալ երկրի մշակույթի եւ պատմության յուրօրինակ դեսպաններն են աշխարհում եւ «Հայփոստը» մեծ կարեւորություն է տալիս այդ մշակույթը տարածելու գործին: Պատահական չէ, որ Հայաստանի անկախության օրը մենք նամականիշերը մարում ենք քաղաքակրթությունների հանդիպման այս հարթակում, «Աշխարհի քաղաքի» մակետի մոտ: Սրանով մենք ուզում ենք ընդգծել Հայաստան-Աշխարհ կապը»,- իր խոսքում նշեց <Հայփոստ> ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:



«Հայփոստ» ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն