Հասարակությանը մոլորեցնում են՝ քննարկելով «Լեզվի մասին» օրենքը

Հասարակությանը մոլորեցնում են՝ քննարկելով «Լեզվի մասին» օրենքը
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ իր դժգոհությունն արտահայտելով այն հարցի առնչությամբ, որ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում կրկին քննարկման է դրվելու «Լեզվի մասին» օրենքի լրամշակված տարբերակը։ Նախաձեռնությունը հիշեցնում է, որ պաշտոնական բոլոր հայտարարություններով խոստացվել է այդ օրենքում փոփոխություններ չկատարել։ Ստորև ներկայացնում ենք նախաձեռնության հաղորդագրությունը։



«Ս.թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցան երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Դրանց ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց հետևյալը. «...օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի և կոալիցիոն գործընկերների հետ: ... առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները: Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»:



Նույն միտքը բազմիցս կրկնեցին քննարկման մյուս կազմակերպիչները՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:



Ազգային ժողովի պաշտոնական կայքում քննարկումների մասին պատմող ամփոփագրում հղում կատարելով նախարար Աշոտյանի խոսքին՝ նշվում է, որ «Քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը: Փոփոխություններ կառաջարկվեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում



Նույնատիպ հայտարարություններ են արել նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլն:



Գրեթե բոլոր լրատվամիջոցները, անդրադառնալով այս հարցին, ներկայացրել են հիշյալ մոտեցումը որպես իշխանությունների վերջնական որոշում, ինչին որևէ պաշտոնական առարկություն չի հնչել:



Լսումներից անմիջապես հետո «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մեջբերելով համապատասխան օրենքների կետերը, հիմնավորվում էր հիշյալ թեզի տկարությունն ու օրենսդրական ակնհայտ հակասությունները: Հայտարարությունում նաև կոչ էր արվում մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից:



Հակառակ սեփական հայտարարություններին, ըստ երևույթին, այդպես էլ չգտնելով միայն «Հանրակրթության մասին» օրենքով օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորությունը, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի թիվ 45 նիստում քննարկման է դրվելու նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանում ասված է. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Վերջինս նախատեսում է օտարալեզու 11 դպրոցների բացման հնարավորությունը, ինչը, մեր համոզմամբ, միայն առաջին փուլն է լինելու:



Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանը մոլորեցնելու, վերջինիս հանդեպ բացահայտ արհամարհանքի, ստի, կեղծիքի աննախադեպ դրսևորում, որի՝ տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ հեղինակներն ակնհայտորեն լավ չեն հաշվարկել իրենց քայլերը: Եվս մեկ անգամ մեր համախոհներին կոչ ենք անում մշտազգոնության՝ աչքի տակ ունենալով այս անփառունակ օրինակը»:



Tert.am