Նախկին եւ ներկա նախագահները քույր քաղաքում

Նախկին եւ ներկա նախագահները քույր քաղաքում
Գլենդել-Կապան քույր քաղաքների միության նախկին նախագահ Արթին Մանուկյանն ու ներկա նախագահ Խաչիկ Խալաթյանն այս օրերին Կապանում են: Նրանք ափսոսանք հայտնեցին վերջերս ԱՄՆ-ում ձերբակալված հայ հանցագործների խմբի մասին։ «Մեկ անգամ եւս արատավորեցին սփյուռքում ապրողներիս անունը։ Մեզ հիմա այլ կերպ կնայեն»,-ասացին նրանք: Առաջարկեցինք պատմել իրենց տպավորությունների մասին  հայաստանյան մարզերից։ Ըստ գլենդելցիների, մարզերում կյանքը երեկոյան ժամերին կարծես կանգ է առնում։ Չկան զբաղմունքի վայրեր կամ էլ չեն սպասարկվում։



Երեկոյան ուշ ժամերին ամերիկահայերը նախընտրում են չճաշել, ուստի սրճարանում պիցցա պատվիրեցին։ Մատուցելուց եւ համտեսելուց հետո նրանք հրաժարվեցին ուտելուց։ Այլ բան պատվիրեցին, կարծես ինձ՝ մարզաբնակ լրագրողիս  ապացուցելով  սպասարկման որակը։ Եռօրյա աշխատանքային այցը Գլենդել-Կապան քույր քաղաքների համագործակցության շրջանակներում է։ Նախկին ու ներկա նախագահները եկել են կատարված աշխատանքներին ծանոթանալու, քննարկելու անելիքները։ Ըստ Արթին Մանուկյանի՝ Սյունիքի մարզկենտրոնը շատ է փոխվել։



Փողոցային լուսավորություն, աղբահանության իրականացում եւ այլն։ «Տարբերությունը զգացվում է։ Ամեն բան կարծես կարգավորվում է։ Ասեմ, որ Գլենդելն է աջակցել քաղաքի աղբահանությանը՝ տրամադրելով աղբարկղեր»,-ասաց Ա. Մանուկյանը։ Գլենդելցիների ներդրմամբ  քաղաքի թիվ 8 եւ թիվ 4 մանկապարտեզներում կատարվում են խոհանոցի, սանհանգույցների նորոգման աշխատանքներ: Նման ծրագրեր կարվեն նաեւ  թիվ 1 եւ թիվ 3 մանկապարտեզներում: Միության նոր նախագահ Խաչիկ Խալաթյանն աշխատում է քիչ խոսել։ Ծանոթանում է դեռ մարզին, քաղաքին, մարդկանց նիստուկացին։ «Ժպտում են, հյուրասիրում, չգիտեմ, չեմ ուզեր հավատալ, որ կեղծություն են անում»,-ասում է պարոն Խաչիկը։ Նախագահներին ընդունեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը։



Այցի շրջանակներում պետք է լուծում տրվի Կապանի ծննդատան մասնաշենքի նորոգման հարցին։  Մոտ 3 տարի առաջ գլենդելցիները հանգանակություն են կազմակերպել՝ նորոգելու մասնաշենքը, եթե այն դառնա համայնքային ենթակայության մասնաշենք, որպեսզի շենքը չմասնավորեցվի։ Սակայն առայսօր հարցն առկախ է մնում։ Գլենդելցիները չնայած հասցրել են լինել Կապանի բժշկական կենտրոնում, բայց, նրանց  խոսքով, կենտրոնի հետ կապված որոշման մասին մանրամասներ կհաղորդեն ԱՄՆ մեկնելուց առաջ։ «Մի շարք հանդիպումներ ունենք, ավարտենք, ելքը պարզ կլինի»,-ասացին նրանք։