Դեմ են Թուրքիայի անդամակցությանը

Դեմ են Թուրքիայի անդամակցությանը
Եվրոպական ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները հայտարարել են, որ իրենք դեմ են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը եւ որ այդ հարցով պահանջելու են Եվրամիության երկրներում հանրաքվե անցկացնել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Ավստրիայի «Ազատություն», Բելգիայի Ֆլամանդական ազգային շահերի, Շվեդիայի դեմոկրատական ու Դանիայի ժողովրդական կուսակցությունների ղեկավարները հայտարարել են, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, եւ որ Եվրոպայի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան այդ հարցում հայտնելու իրենց կարծիքը:



Նշենք, որ Թուրքիան վերջերս հաճախակի է դժգոհում Եվրամիությունից`  նշելով, որ ոչ մի երկիր այդքան երկար չի սպասել անդամակցության համար, որքան Թուրքիան: Վերջինիս անդամակցության վերաբերյալ եվրոպական երկրները տարակարծիք են, դեմ են արտահայտվում հատկապես Գերմանիան ու Ֆրանսիան: Իսկ Դանիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Մորթեն Մեսերշմիդտն առաջարկել է հանրաքվե անցկացնել Ռումինիայից մինչեւ Դանիա, Իտալիայից մինչեւ Ֆինլանդիա, եւ կոչ արել, որ Թուրքիայի անդամակցության հարցով քաղաքական խորհրդակցությունները չսահմանափակվեն Եվրահանձնաժողովի շրջանակներով, այլեւ կարծիք հայտնեն նաեւ Եվրոպայի քաղաքացիները: