Շենքի մի մասը դարձել է աղբավայր

Շենքի մի մասը դարձել է աղբավայր
Վանաձորի ծայրամասային շատ թաղամասեր այսօր գնալով վերածվում են աղբավայրերի։ Մի մասը կենցաղային աղբի համար է ծառայում, մյուսը՝ շինարարական։ Շինարարական աղբանոցի է վերածվել առավելապես Տարոն 4 մին-էներգո թաղամասը, որին բազմիցս անդրադարձել ենք, սակայն, ինչպես ասում են, տեղաշարժ չկա։ Բազմաբնակարան ու վթարային շենքի չբնակեցված 1-4-րդ հարկերն ու շքամուտքերը լցված են տարիներով կուտակված աղբով։ Նման իրավիճակում են հայտնվել Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի մի քանի շենքեր, որոնք աղբավայր են դարձել։



Նման շենքերից է Գրիբոյեդով 6 շենքը, որը, բնակիչների հավաստմամբ՝ արդեն 5 տարուց ավելի է, այդ վիճակում է։ Շենքի հարեւանությամբ աղբարկղեր կան դրված, սակայն բնակիչներն աղբը լցնում են հենց շենքում: «Դե սաղ էլ տեսնում են աղբը լցրած ա, բերում ու վրեն են լցնում»,-ասում են բնակիչները, գիտակցելով, որ շենքը աղբավայր դարձել է իրենց մեղքով: Սակայն կա նաեւ Վանաձորի քաղաքապետարանի մեղքը. «Հազար անգամ զանգել-կանչել ենք, մի քանի տարին մեկ հազիվ գալիս են, գալուց էլ աղբը իրար վրա են կիտում ու գնում»:



Իսկ քաղաքապետարանից այս տարի ոչ ոք չի եկել։ Բացի գարշահոտությունից բնակիչները ստիպված են հանդուրժել  նաեւ տարբեր տեսակի կրծողների ու թափառող կենդանիների ներկայությունը։ Գրիբոյեդով 6 շենքը 3-րդ կարգի վթարային  է, այն օրեցօր քանդվում է։ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Գրիշա Պառավյանը մեր ներկայությամբ կապվեց «Բազում» համատիրության նախագահի հետ, եւ միասին պայմանավորվեցին աղբը հեռացնել ու պարզել, թե ով է աղբ թափում շքամուտքում։



Ի դեպ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, լսելով մեր հարցը, ասաց. «Ես Վանաձորի ամենածայրամասային փողոցում եմ ապրում, եւ ամենալավը մեր փողոցի վիճակն է, եթե մի տեղ մի քանի փոս է  առաջացել, դա չի նշանակում, որ վատ վիճակում է, դա բնակիչների աչքի առաջ է, աղբը քաղաքապետը չի թափում»։ Ապա Դարբինյանը խորհուրդ տվեց ֆիքսել աղբ թափող մեքենաների համարներն ու տալ իրեն, որ ինքը հանձնի «գայի վարչություն»։ Երբ հիշեցրինք, որ աղբը որտեղ ասես թափում են, պատասխանեց. «Եթե փոսերի կողքին աղբ են թափել, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, գումար ենք տրամադրում ինչ-որ կազմակերպության, որ գնա աղբը փոսը լցնի եւ հարթեցնի»։