ԵՊՀ-ի մթնոլորտի մասին փաստում են ուսանողները

ԵՊՀ-ի մթնոլորտի մասին փաստում են ուսանողները
Երեւանի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ մեր հրապարակումները լայն արձագանք են գտել համալսարանականների շրջանում: Մենք նամակներ ենք ստանում ուսանողական խորհուրդների ղեկավարների գործունեության վերաբերյալ: Հիշեցնենք, որ մեր հրապարակումները վերաբերում էին ուսխորհրդի ղեկավար մարմնին, որը փորձում է ազդել այս կամ այն ընտրական գործընթացի վրա, զեղծարարություններ անել՝ հօգուտ համալսարանի ղեկավարության, ինչից վրդովված մի խումբ ուսանողներ ստորագրահավաք էին նախաձեռնել կարիերիստների այս կառույցը լուծարելու համար:



Ինչպես նշել էինք, երիտակտիվին հովանավորում է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, նախկին պրոռեկտոր Արսեն Քարամյանը: Իսկ ստորագրահավաքը, համալսարանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Արսեն Քարամյան-Արամ Սիմոնյան հակասության հետեւանք է եղել: Ռեկտորը, կասկածներ ունենալով, որ երիտկորիզը ոչ թե իրեն, այլ Քարամյանին է անմնացորդ ծառայում, հրահանգել է խորհուրդը ցրելու պահանջով ստորագրահավաք կազմակերպել:



Երեկ ԵՊՀ ուսանողներից մեկը լրացրել է մեր հոդվածներում տեղ գտած տեղեկատվությունը. «...ԵՊՀ ուսանողական խորհրդի «շարժիչ» ուժերն են` միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԽ նախագահ Ալիկ Սարգսյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին ուսանող, այժմ արդեն արեւելագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ, ԵՊՀ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գոռ Ավագյանը, տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող, ԵՊՀ ՈւԽ քարտուղար Հարություն Ազգալդյանը, մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի ուսանող, ԵՊՀ ՈւԽ քարտուղար Նարեկ Մելքոնյանը, իհարկե, Ցոլակ Ակոպյանի՝ ԵՊՀ ՈւԽ նախագահի գլխավորությամբ:



Անգամ չեմ ուզում խոսել այն մասին, որ այս հինգը բավականին մասնագիտացված են ֆակուլտետի ՈւԽ նախագահի ընտրություններ կեղծելու եւ այլ զեղծարարություններ կատարելու գործում եւ իրենք են որոշում, թե ով է այս կամ այն ֆակուլտետում ՈւԽ նախագահ լինելու: Այս ամենին վերջերս գումարվել է ուսանողության համատարած ՀՀԿ-ացման գործընթացը, որը կատարվում է հիմնականում տարբեր տեսակի խաբեություններով, համոզելով, ստիպելով եւ աշխատանք խոստանալու պայմանով: Այս ամենի գլխին հիմնականում կանգնած է արեւելագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Գոռ Ավագյանը, որը միջազգային հարաբերությունների ֆակուլտետից տեղափոխվելով՝ մեկ ամսում բոլորին անհայտ կերպով դարձավ այդ ֆակուլտետի ՈւԽ նախագահ, եւ, իհարկե, Ցոլակ Ակոպյանը: Այս երկուսը ԵՊՀ ուսանողներին հանրապետականացնում են տարբեր տեսակի ՈւԽ պաշտոններ խոստանալով եւ վախեցնելով»:



Համալսարանականներից տեղեկացանք, որ օրեր առաջ նույնիսկ արեւելագիտության ֆակուլտետում են ստորագրահավաք կազմակերպել Գոռ Ավագյանից ազատվելու համար, սակայն այն դադարեցվել է վերադասի, մասնավորապես Արսեն Քարամյանի հեռախոսազանգով: Լսեցինք նաեւ թվարկված հերոսներին: Գոռ Ավագյանը հերքեց  կոնկրետ իր դեմ արվող ստորագրահավաքը. «Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես ինքս չեմ առաջարկել որեւէ մեկին մտնել ՀՀԿ, հեռախոսազանգով ստորագրահավաքը դադարեցնելն էլ անհեթեթություն է ինձ թվում»:



Սակայն զրույցի ընթացքում Գոռը հանկարծ հիշեց, որ ԵՊՀ-ում տեղի ունեցած ստորագրահավաքին իրենց ֆակուլտետից 15 ուսանող է մասնակցել, չնայած մինչ այդ հերքում էին, որ ընդհանրապես նման բան է եղել: Իսկ ՈւԽ քարտուղար Հարություն Ազգալդյանը սփոփիչ է համարում, որ ԵՊՀ մի քանի տասնյակ հազար ուսանողների փոքր հատվածն է ընդամենը դժգոհել: «Համալսարանում կա 15 հազար ուսանող: Եթե այս ուսանողները նամակ են բերել, մենք ուրախ կլինեինք, որ անձամբ հանձնեին ուսխորհրդի սենյակ, այդպիսի բողոք չկա, որ մենք չպատասխանենք»,-ԵՊՀ-ում իրենց դերի կարեւորության բարձր գիտակցումով եզրափակեց ՈւԽ քարտուղարը: