Ինքնասպանություն, թե սպանություն. Ոստիկանի մորը սպանողը հանկարծամահ է եղել

Ինքնասպանություն, թե սպանություն. Ոստիկանի մորը սպանողը հանկարծամահ է եղել
2010 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 1974 թվականին  ծնված  Սլավիկ Ոսկանյանը։ Նա ձերբակալվել էր սպանության կասկածով, ըստ մեղադրանքի՝ 2010թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 20։30-ի սահմաններում Վանաձորի Զաքարյան 8 հասցեում սպանել էր  խանութի վաճառող, սեփականատեր Սվետլանա Կազազյանին՝ սուր ծակող-կտրող գործիքի օգնությամբ կտրելով պարանոցը։  Հիշեցնենք, որ սպանվածը Վանաձորի ոստիկանության կապիտան Մովսես Իսկանդարյանի մայրն էր։



Սպանության փաստով նույն օրը հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով։ Սպանությունից ժամեր անց Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Հալաբյան փողոցում ժամը 00։10-ի սահմաններում  կատարվել է ավազակային հարձակում.  ձախ արմնկային շրջանի եւ աջ թիակային շրջանի պատռված վերքով եւ ծոծրակի շրջանի սալջարդ վերք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 1957 թվականին ծնված Աստղիկ Աղաբեկյանը։ Տուժողը  հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Վանաձորի Հալաբյան փողոցում՝ թիկունքից հարձակվել են իր վրա։ Ավազակային հարձակման հետ կապված եւս նույն օրը հարուցվել էր քրգործ՝ քրեական օրենսգրքի 175 հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով։



Լոռու ոստիկանությունը նախ  բացահայտել էր ավազակային հարձակումը, որից հետո էլ, ըստ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի, ձեռք բերելով համապատասխան ապացույցներ, հանցագործը ձերբակալվել էր, եւ պարզվել էր, որ սպանությունը եւս կատարել է նույն անձը՝ նախկինում 3 անգամ նմանատիպ հանցագործությունների համար դատապարտված Սլավիկ Ոսկանյանը: Երկու հանցագործությունների մասով էլ կատարվում է նախաքննություն։ Սակայն աղմկահարույց 2 դեպքերում էլ վանաձորցիները կարծում էին, որ սպանությունը կատարել է հոգեկան հիվանդ մեկը, վերջին փաստը, սակայն, Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերը հերքում էր։ Քանի որ սպանվածը ոստիկանի մայր էր, առաջ էր քաշվել նաեւ վրեժխնդրության վարկածը։



Իսկ հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կասկածելի հանգամանքներում մահանում է կալանավորված Սլավիկ Ոսկանյանը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով։ Տարօրինակն այն է, որ կալանավորվածը մահացել է հենց քրեակատարողական հիմնարկի բուժկետում: Մեր տեղեկություններով՝ մահացածն իրեն թուք է ներարկել եւ օդի ներարկումից էլ մահացել է։ Պարզ չէ, թե ինչպես է նրա ձեռքում հայտնվել ներարկիչը, եւ նա ինչպես է հենց բուժկետում հասցրել այդ գործողությունները կատարել:



Քննիչ Վաղինակ Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել մահվան պատճառները, սակայն նա հրաժարվեց որեւէ բան ասել, քանի դեռ չեն ստացվել դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Իսկ մեր հարցին, թե գոնե ասեք՝ սա ինքնասպանություն է, թե ոչ, քննիչը պատասխանեց. «Ինքնասպանության համար որեւէ հիմքեր չունենք, նամանավանդ, որ նա մահացել է բուժկետում»: Մենք դիմեցինք ՔԿ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանին, որը մեզ գրավոր հաղորդագրություն ուղարկեց, որտեղ ասված է. «Ըստ բժշկական նախնական ախտորոշման, մահվան պատճառ է հանդիսացել թուք ներարկվելու հետեւանքով առաջացած ձախ ստորին վերջույթի գազային գանգրենան»։ Թե ինչու էր քննիչը փորձում թաքցնել իրականությունը, պարզ չեղավ:



Մեզ հաջողվեց պարզել, որ Սլավիկ Ոսկանյանը տարիներ առաջ դատապարտվել է Վանաձորի անձնագրային բաժնի աշխատակցի սպանության համար։ Նա 4 երեխաների հայր էր, գտնվում էր հոգեկան առողջ վիճակում, համենայնդեպս հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված չի եղել։



ՀԳ - Վանաձորում այնուամենայնիվ խոսում են, որ սպանությունը Ս. Ոսկանյանը չի արել, որ ոստիկանները գտել են մեկին, որը նախկինում սպանություն է արել, եւ գործը կոտրել են նրա վրա: Եվ սա էլ, չկարողանալով ապացուցել իր անմեղությունը, դիմել է ինքնասպանության:



ՀԳ2 - Երեկ, երբ փորձում էինք լուսանկարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի շենքը, հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանը մեզ արգելեց, ասելով, որ  պետք է գրավոր դիմենք իրենց գլխավորին կամ կապվենք մամլո խոսնակի հետ։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանը եւս արգելեց լուսանկարել, ասելով. «Ումից հարցազրույց եք վերցրել, նրա շենքն էլ նկարեք»: Մենք այնուամենայնիվ մեր գործն արեցինք՝ լուսանկարելով շենքը, որը պետական հիմնարկ է, եւ այն լուսանկարելն արգելել ոչ ոք իրավունք չունի: Լավ կլիներ, որ ՔԿՎ մամուլի պատասխանատուն այդ տարրական բանն իմանար: