Երեկ` դիտարկում, այսօր` փոխանակում

Երեկ` դիտարկում, այսօր` փոխանակում
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը երեկ Տավուշի մարզում անցկացրեց հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական մոնիտորինգը: Մինչ այդ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ճեպազրույց, որին մասնակցում էին ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժեսլան Նուրտազինը եւ Իմրե Պալատինուսը, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Իջեւանի զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը խոսեց սահմանամերձ գոտում գրանցվող հրադադարի խախտումների մասին, որոնք այս տարի ավելի քիչ են, քան նախորդ տարի: 2009-ին ադրբեջանցիներն ավելի շատ էին գնդակոծում սահմանամերձ բնակավայրերը:



Ավելի շատ կրակ են բացում Բերքաբեր գյուղի ուղղությամբ` տարբեր տրամաչափի գնդացիրներով, նույնիսկ 14,7 տրամաչափի դիպուկահար զենքով, որն ունի անձնակազմի համար շատ վտանգավոր պայթող փամփուշտներ: Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 37 դեպք: «Մեր սահմանապահները հիմնականում զբաղվում են ինժեներական կառույցների ամրացմամբ, եւ հենց զինվորները սկսում են աշխատել, ադրբեջանցիները կրակ են բացում,-ԵԱՀԿ ներկայացուցիչներին տեղեկացրեց գնդապետ Կարապետյանը:-Իսկ երբ իրենք են աշխատում, մենք չենք կրակում»: Նա ասաց, որ ինքն անձամբ է հրաման տվել` ադրբեջանական սահմանապահների գործողություններին պատասխանել համարժեք կերպով:



Իսկ ահա անցած տարի փորձում էին հնարավորինս չենթարկվել թշնամու սադրանքին: Առավել եւս, որ թե ադրբեջանական գյուղն է մեր դիրքերին շատ մոտ, թե Բերքաբերը նրանց դիրքերին: Հակառակորդն ասես նպատակադրված կրակոցներ է արձակում խաղաղ բնակչության վրա: Քանի որ, ինչպես հրամանատարը ձեւակերպեց` «հակառակորդը չափն անցնում է», հայկական կողմը հարկադրված է լինում լռեցնել ազերիներին: Բերքաբերում եւ ոչ միայն այստեղ` սահմանամերձ այլ գյուղերում նույնպես, ադրբեջանցիների կրակոցներից խաղաղ բնակչությունը շատ է տուժում: Հատկապես շատ են կրակում` խանգարելով գյուղատնտեսական աշխատանքներին:



«Սա մարդկանց վրա հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական առումով շատ ծանր ազդեցություն է թողնում»,-ասաց փոխմարզպետը` որպես օրինակ բերելով Չինարի գյուղում կատարված դեպքը, երբ ազերիներն իրենց դիրքերից կրակ էին բացել դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ եւ վարորդը հազիվ էր փրկվել: Գնդապետ Սերգեյ Կարապետյանն ասաց, որ ինքը ադրբեջանական կողմի հրամանատարին մոնիտորինգների ժամանակ մի քանի անգամ առաջարկել է ԵԱՀԿ դիտորդ խմբի միջնորդությամբ եւ ներկայությամբ խոսել դեմառդեմ, քննարկել խաղաղ բնակչության վրա չկրակելու հարցը: Այն կողմում չեն համաձայնել:



Ճեպազրույցից անմիջապես հետո ԵԱՀԿ ներկայացուցիչների գլխավորած խումբն  ուղեւորվեց դեպի Բերքաբերի սահմանահատված` դիտարկման, չնայած նախապես պայմանավորվածություն կար այն իրականացնելու մեկ այլ` Կիրանց-Մազամլի շփման գոտում: Դիտարկման վայրը փոխվել էր ադրբեջանական կողմի ցանկությամբ: Միմյանցից անվտանգության երաշխիքներ ստանալով` կողմերը սկսեցին մոնիտորինգը, որի ժամանակ,  ըստ գործող միջազգային օրենսդրության, զրահաբաճկոններ հագնելու իրավունք ունեն միայն ԵԱՀԿ ներկայացուցիչները: Զինվորականներին նման իրավունք վերապահված չէ: Դիտարկումը տեւեց 10 րոպե եւ անցավ առանց պատահարների:



Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, հայ եւ ադրբեջանցի հրամանատարները 1450 մետր տարածության վրա խոսել են ռադիոկապի միջոցով: Նրանք բանակցել են փոխհրաձգությունների հետ կապված հարցերի շուրջ: Դիտարկման հետ կապված` փոխգնդապետ Ասատրյանն այլ մանրամասներ չբացահայտեց: Ի դեպ, վերջին անգամ այս տարածքում դիտարկում է իրականացվել 2010թ. մարտի 31-ին: Բերքաբերի հատվածում հայ եւ ադրբեջանական սահմանապահները որոշ տեղերում ծառայություն են անցկացնում 40-50 մետր հեռավորության վրա:



Հրադադարի ռեժիմն առաջինը խախտելու մեջ երկու կողմն էլ միմյանց են մեղադրում, բայց այն փաստը, որ մոնիտորինգի պահին սահմանի այն կողմում անասուններ էին արածում, հովիվ էր երեւում, իսկ այս կողմում` ոչ, նշանակում է, որ հրաձգության նախաձեռնողը ադրբեջանցիներն են: Մեր կողմում, փաստորեն, ռիսկային է համարվում սահմանի հարակից տարածքով անցնելը:



Վերջում ավելացնենք, որ այսօր, ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւելյան սահմանում` Իջեւան-Ղազախ ճանապարհին, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ այժմ ՀՀ-ում գտնվող Ադրբեջանի քաղաքացին: Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը տվյալ քաղաքացու անուն-ազգանունը չի հրապարակվում: