Դատեցին եղբոր փոխարեն

Դատեցին եղբոր փոխարեն
Անցած տարի ամռանը Ալավերդին ցնցած սպանության գործով դատավարությունն ավարտվեց: Երեկ ժամը 15:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մուշեղ Հարությունյանը հրապարակեց դատավճիռը, որով Սպարտակ Մանուչարյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Սպարտակ Մանուչարյանը մեղադրվում էր Կարեն Սոխակյանին սպանելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարվա հուլիսի 1-ին, Ալավերդի քաղաքում: Ժամը 2:00-ի սահմաններում «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայում ավտոմատից արձակված 17 կրակոցներից սպանվել էր կրկին  Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանը:



Սպանությունից հետո Սպարտակ Մանուչարյանը ինքնակամ հանձնվել էր իրավապահներին: Թվում էր՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է. սպանություն է եղել, եւ մարդասպանը հոժարակամ հանձնվել է ոստիկաններին: Սակայն Կարեն Սոխակյանի սպանությունից գրեթե 5,5 ամիս անց՝ այս տարվա հունվարի 14-ին, Ալավերդիում գրանցվեց հերթական սպանությունը, որն անմիջականորեն կապված էր հուլիսի 1-ի դեպքի հետ: Ալավերդու Սայաթ-Նովա հրապարակի հարեւանությամբ գտնվող պուրակում հրազենային կրակոցներից  ծանր վիրավորվել էր Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբայրը՝ Վահե Մանուչարյանը, ով այնուհետեւ մահացել էր հիվանդանոցում:



Ապա պարզվեց, որ Վահեին սպանել էր ալավերդցի Էդիկ Միրաքյանը, ով Կարեն Սոխակյանի կնոջ քեռին է: Ինչեւէ, երեկ հանգուցալուծվեց այս աղմկոտ սպանությունը՝ Սպարտակ Մանուչարյանին դատապարտելով 13 տարվա ազատազրկման: Սակայն ասում են, որ Սպարտակը բնավ էլ մեղավոր չէ, նա ընդամենը իր վրա է վերցրել եղբոր կատարած հանցանքը: Դատական մի նիստից հետո Սպարտակի եղբայրը՝ Արթուր Մանուչարյանը, լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ Սպարտակը մեղավոր չէ, Կարեն Սոխակյանին սպանել է իր մյուս եղբայրը՝ Վահեն:



Սակայն, քանի որ Սպարտակն իր նախնական ցուցմունքում ասել էր, որ ինքն է սպանել Կարենին, եղբոր սպանությունից հետո այդպես էլ չկարողացավ ապացուցել իր անմեղությունը: Երեկ զրուցեցինք Սպարտակի հոր՝ Հենրիկ Մանուչարյանի հետ. «Սպարտակիս անմեղ տեղը դատեցին: Դատարանը 13 տարի տվեց, բայց մենք կբողոքարկենք վերաքննիչ դատարանում: Իմ էրեխեն, որ սկի խաբար էլ չի էդ գործից, 13 տարի են տվել: Եղբոր խաթր գնաց-բռնվեց: Մենք չկարողացանք ապացուցել, ոչ մեկը վկա չկանգնեց»: Ի դեպ, սպանության ժամանակ ընդամենը մեկ վկա է եղել, մի աղջիկ, սակայն նա հարցաքննությունից հետո Հայաստանից «անհետացել է» ու դատարանում այդպես էլ վկայություն չի տվել, թե ով է իրականում սպանել Կարեն Սոխակյանին:



«Մենակ մի աղջիկ կար գործով վկա, էն էլ փախցրին արտասահման, որ վկայություն չտա»,- ասաց Սպարտակի հայրը: Ի դեպ, Սպարտակի բախտը փաստաբանի առումով, կարելի է ասել, չի բերել: Սկզբում նրան պաշտպանում էր Արթուր Աթաբեկյանը, սակայն դատավարության վերջում Սպարտակը հրաժարվեց նրա ծառայությունից, եւ վճռի հրապարակման օրը նա դատարանում առանց փաստաբանի էր: