Կամավոր պարտադիր սկզբունքով

Կամավոր պարտադիր սկզբունքով
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված տելետոնին Լոռու մարզի մասնակցությունն արդեն ավանդական է դարձել: Լոռու մարզային դրամահավաք-մարաթոնը տեղի է ունենալու Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, նոյեմբերի 20-ին: Դրամահավաքի կազմկոմիտեն գլխավորում է մարզպետ Արամ Քոչարյանը. «Արդեն իսկ պատրաստվել եւ բաժանվել են շուրջ 1000 շրջաբերական նամակներ՝ թե իրավաբանական եւ թե ֆիզիկական անձանց, առ այն, որ նրանք ակտիվորեն մասնակցեն դրամահավաքին»:



Կազմկոմիտեի քարտուղար Մայիս Խաչատրյանը դժգոհում է. «Նախորդ տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են ակտիվորեն մասնակցում, առավել ակտիվ մասնակցում են պետական ձեռնարկությունները, դպրոցները, մանկապարտեզները, բուժհաստատությունները, մասնակցությամբ ակտիվություն չի նկատվում բիզնեսի եւ առեւտրի ոլորտում»: Սակայն դրամահավաքից դժգոհություններ էլ կան. 9-րդ դասարանում սովորող Աստղիկն ասում է. «Սա եւս դպրոցներում դրամահավաքություն է, բայց ոչ մեկը դեմները չի առնում, հետո էլ ասում են, թե դպրոցներում փող չեն հավաքում»:



Մայիս Խաչատրյանը, սակայն, ասում է. «Սա դրամահավաքություն չէ, քանի որ ունի կոնկրետ հասցեատեր, որն էլ տվյալ դեպքում Շուշիի զարգացումն է»: Պարտադի՞ր է արդյոք մարաթոնին մասնակցելը: «Դա կամավորական սկզբունքով է, պարտադիր ոչինչ չկա, բայց միաժամանակ պետք է բացատրել, թե ինչի համար է գումարը հավաքվում: Նրանք պետք է գիտակցեն, որ այսօրվա բուլկու փողով իրենք մասնակցում են ինչ-որ խնդրի լուծման»: Սակայն աշակերտները բողոքում են, որ ուսուցիչները գրանցում են իրենց անուն-ազգանունները, որ «եթե մեկը գումարը չտա, տանեն տնօրենին ասեն՝ տես, ինքը փողը չի տվել, որ հետո քթներիցս բերեն»: Խաչատրյանի վստահեցմամբ՝ նպատակը ոչ թե գումարի չափն է, այլ ԼՂՀ քաղաքական լուծման խնդիրը. «Թող թշնամիները տեսնեն, որ մենք մեր տներում նստած չենք հանձնել Լեռնային Ղարաբաղը թուրքերին կամ ադրբեջանցիներին»: