Կանայք 5-6 տարով ավելի կապրեն

Կանայք 5-6 տարով ավելի կապրեն
ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով՝ 1970-ականներից սկսած՝ աշխարհի միայն 9 երկրում է կյանքի միջին տեւողությունը նվազել։ Ուշագրավ է, որ այդ շարքում աֆրիկյան երկրների հետ միասին նաեւ հետխորհրդային երեք երկիր է ընդգրկված: Իսկ մնացած երեքը Բելառուսը,  Ուկրաինան եւ Ռուսաստանն են։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի զեկույցում նշվում է, որ շատ երկրներում կյանքի տեւողությունը երկարել է։ Ըստ այդմ,  այսօր ծնված երեխաներն ավելի երկար կապրեն, քան նախկինում էին ապրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ կյանքի միջին տեւողությունն ավելացել է նվազագույնը 6  տարով (Չիլի) եւ առավելագույնը՝ 18 տարով (Մալազիա):



Աֆրիկյան երկրներում կյանքի տեւողության կրճատումը  բացատրվում է ՁԻԱՀ-ի  համաճարակով։ Իսկ նախկին խորհրդային երկրներում կրճատվել է հիմնականում տղամարդկանց կյանքի տեւողությունը։ Օրինակ, ռուս տղամարդկանց կյանքը կրճատվել է մոտ 7 տարով։ Իսկ ինչպիսի՞ն է կյանքի միջին տեւողությունը Հայաստանում: Առողջապահության նախարարության տրամադրած տվյալներով՝ Հայաստանում կյանքի սպասվող միջին տեւողությունը 2004-2008 թվականների ընթացքում չի փոփոխվել՝ մնալով 73-74 տարի մակարդակի վրա: 1990 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 3,1 տարով: Աճի տեմպը բացատրվում է այն հանգամանքով, որ նվազել են մանկական մահացության դեպքերը, ինչը  մեծ ազդեցություն ունի կյանքի տեւողությունը հաշվելու վրա:



Հետաքրքիր է, որ վերջին տասը տարիներին կանանց կյանքի սպասվող տեւողությունը 5-6 տարով գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը, այդ տարբերությունը էլի կմեծանա:  Առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժնի պետ Դիանա Անդրեասյանն այս հանգամանքը մի քանի պատճառներով բացատրեց: Նախ՝ առկա է ֆիզիոլոգիական գործոնը, բացի այդ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի շատ են դիմում բժշկի եւ հետեւում իրենց առողջության պահպանմանը:



Ի դեպ, այս միտումը բոլոր երկրներում է նկատվում: Ինչ վերաբերում է Հայաստանում կյանքի տեւողության վրա ազդող գործոններին, Դիանա Անդրեասյանի խոսքով, մեր երկրի համար լուրջ խնդիր են ոչ վարակիչ հիվանդությունները՝ սրտանոթային համակարգի, ուռուցքային, շաքարային դիաբեդը: Սրտանոթային համակարգի հիվանդությունները ընդհանուր մահացության ցուցանիշի 49 տոկոսն են կազմում, իսկ ուռուցքայինը՝  մոտ 20: Այս տեսանկյունից նա կարեւորեց ռիսկի գործոնը: Խոսքը ֆիզիկական ոչ ակտիվ կյանքի, գիրության, անառողջ սննդի, ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահման մասին է:



«Մեր երկիրը 1988 թվականից գտնվում է պերմանենտ սթրեսի ազդեցության տակ: Այս բոլոր գործոնները նպաստում են նրան, որ մեզ մոտ ոչ վարակիչ հիվանդությունների աճ է նկատվել, սակայն 2002 թվականից իրավիճակը մի փոքր բարելավվել է: Կտրուկ աճ չունենք, բայց կայունացել է մահացության ցուցանիշը, որը չի գերազանցում ծնելիության ցուցանիշին»,-ասաց մասնագետը: Կյանքի տեւողության վրա իրենց հետքն են թողնում նաեւ սոցիալ-հոգեբանական գործոնները՝ բարեկեցություն, երկրի սոցիալ-տնտեսական վիճակ, սթրեսներ, ինչի պակասը, ցավոք, հայաստանցին չունի: