Մեր դպրոցում նման դեպքեր չեն լինում

Մեր դպրոցում նման դեպքեր չեն լինում
Ավագ դպրոցների ներդրումն իր հետ բերեց նաեւ լրացուցիչ խնդիրներ: Այն մի կողմից հարվածեց հիմնական դպրոցներին, քանի որ դպրոցները հիմնականում ֆինանսավորվում են աշակերտների թվով, խնդիրներ են առաջանում` կապված ուսումնական ծրագրերի հետ: Սակայն դրանցից առաջնայինը աշակերտների փոխհարաբերություններն են, քանի որ ավագ դպրոցներում իրար գլխի են հավաքվում տարբեր դպրոցներից, տարբեր բնավորությամբ ու հետաքրքրությունների տեր աշակերտներ: Եթե 10 տարի շարունակ նույն դասարանում սովորող աշակերտների մեջ են պարբերաբար խնդիրներ առաջանում, ապա ինչ կլինի, եթե մի դասարանում հավաքվեն մի քանի դպրոցներից եկած աշակերտներ:



Մեր տեղեկություններով՝ այս առումով խնդիրներ շատ հաճախ առաջանում են Երեւանի թիվ 29 ավագ դպրոցում, որտեղ գործում է 15 ավագ դասարան, իսկ տարբեր դպրոցներից այստեղ է տեղափոխվել 330 աշակերտ: Ասում են՝ այդ դպրոցում անգամ աշակերտներն առանձին խմբերի են բաժանվել՝ հներն առանձին են, նորեկները՝ նույնպես, եւ շատ հաճախ այս երկու բեւեռները բախվում են իրար: Սակայն դպրոցի տնօրենը հերքեց տեղեկությունը՝ վստահեցնելով, որ իր դպրոցում երբեք նման խնդիրներ չեն առաջացել:



«Մենք չունեցանք այդպիսի խնդիր, որ դրա մասին մտահոգված խոսեմ: Երեւի դպրոցում մթնոլորտն այնպես ձեւավորվեց, որ երեխաների ինքնահաստատման, վարքի հետ կապված կոնֆլիկտներ չունեցանք: Նույնիսկ միջադեպ, որպես այդպիսին, չունեցանք: Այդ առումով հանգիստ եմ: Եթե կան, օգնեք՝ ես էլ լսեմ: Լսելով չի լինի: Կոնկրետ դեպքեր ասեք՝ քննարկենք: Ես որեւէ կոնկրետ դեպքի մասին չգիտեմ, իսկ այս դպրոցում ինչ լինում է՝ ես գիտեմ: Մի դեպք եղել է սկզբից միայն, երբ մի նորեկ աշակերտ մտել էր դասասենյակ եւ վատ էր արտահայտվել դասասենյակի մասին, եւ մեր դպրոցի աշակերտներից մեկն էլ պատասխանել էր նրան: Բայց ամեն ինչ հարթվեց, ու հիմա նրանք ընկերներ են»,-ասաց տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը:



Չնայած նա համոզված է, որ եթե մի դասարանում հավաքվում են երեխաներ՝ տարբեր կրթական մակարդակով, տարբեր ունակություններով ու հնարավորություններով, ապա, բնականաբար, խնդիրներ կառաջանան: Ըստ նրա՝ խնդիրները հիմնականում կապված են այն բանի հետ, որ նորեկներն անծանոթ են դպրոցին, չգիտեն ինչը ինչպես անեն, ինչն է տվյալ դպրոցում ընդունված, ինչը՝ չէ, չգիտեն, թե իրենց որ արածը կներվի, որը՝ ոչ: «Հիմնականում այսպիսի խնդիրներ են, իսկ որեւէ աղմկոտ դեպք, միջադեպ մեր դպրոցում չի եղել»,- վստահեցրեց տնօրենը:



Ռուզաննա Սարուխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում վերջերս համացանցում հայտնված տեսանյութերին, որոնցում ուսուցիչները ծեծում են աշակերտներին, եւ արդյո՞ք թիվ 29-ում պատահում են նման դեպքեր: «Դրանք բարձրաձայնողները, մեծ շրջանակների համար հասանելի դարձնողները վնաս են տալիս երեխային, ազգին, պետությանը: Բաներ կան, որոնց մասին չի խոսվում, չեն մասայականացվում, ավելի մեծ խորհուրդ ունեն եւ ավելի մեծ օգուտ են տալիս, քան բարձրաձայնելը: Իսկ մեր դպրոցում այդպիսի ուսուցիչներ չկան, ես շատ խստապահանջ եմ»,- ասաց տնօրենը: