Լոռին կրակի ճիրաններում

Լոռին կրակի ճիրաններում
Արդեն ավանդական դարձած հրդեհների ծավալները Լոռու մարզում այս տարի աճել են: Այրվում է լանդշաֆտը, հրկիզվում են չոր բույսերը, թփուտները, անտառները: Բազումի, Փամբակի լեռնաշղթաները երաշտի շրջանում (իսկ դա ձգվում է սեպտեմբերից մայիս) տարբեր հատվածներում մշտապես ծխում են հրդեհներից: Քամուց բռնկված կրակը հաշված րոպեների ընթացքում գրավում է տասնյակ հեկտարներով տարածք` իր ճանապարհին ոչնչացնելով ողջ բուսականությունը, ետեւից թողնելով սեւացած, երկարատեւ ծխացող ամայություն: Այրվում են նաեւ Հալաբի լեռնաշղթայի լանջերը:



«Սիսի բերդ» հատվածում կրակն ամբողջովին ոչնչացրել է մանրանտառը, հսկա ծառերի բներն իսպառ սեւացրել: Բազմաթիվ ծառեր հրդեհների հետեւանքով չորացել-մոխրացել են: Անզուսպ կրակը լափել-ոչնչացրել է կովկասյան մրտավարդի, կեչու, արոսի եւ տեղական այլ տեսակի բուսականության ծաղկաթուփ-ծառախմբերը: Այս ամենից խախտվել է ողջ էկոհամակարգը, եւ այդ բուսատեսակների տեղը զբաղեցրել են փշոտ բույսերը, օրինակ` տատասկը:



Քիմգործարանից հարավ, եթե խորանանք կիրճով, կարելի է տեսնել այրված ծառերի մնացորդներ: Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասից հյուսիս այրվել եւ չորացել են սոճիները, զանազան թփուտներ, տերեւաթափ ծառեր. դրանք տնկովի տարածքներ են: Նախկին անտառը Բազումի լեռնաշղթայի լանջերին  մարդկանց մեղքով վաղուց անհետացել է, մնացել են միայն փոքրիկ բացատներ` ծվարած խանդակներում, որոնք եւս մեկընդմիշտ դատապարտված են: Ժայռոտ տարածքներում` քաղաքային գերեզմանոցից վերեւ, հրկիզում-հրդեհները հասցրել են լրիվ ոչնչացնել կաղնու երկու տեսակները եւ հանգեցրել գիհու, սապիրակի, հոնատի, դրախտածառի, ծորենու եւ այլ բուսատեսակների աճի կտրուկ կրճատման:



Կենդանական աշխարհից այստեղ նախկինում հանդիպում էին կովկասյան ագաման, մախաոն տեսակի թիթեռը, տարատեսակ թռչուններ: Բույսերի եւ կենդանիների բազում տեսակներ, հավանաբար անվերադարձ, մեկընդմիշտ «հեռացել» են այդ վայրերից: Վերջին տարիներին ՄԱԿ-ի ծրագրով (UNWEP) մեծածավալ միջոցներ են հատկացվել անտառատնկման համար: Նույն ժամանակաշրջանում քաղաքի Թագավորանիստի  հատվածում բազմաթիվ հրդեհներ բռնկվեցին, իսկ «Դիմաց» թաղամասից վեր բլրալանջի անտառատնկիները ոչնչացվեցին:



Կարելի է երկար թվարկել դիտավորյալ, պարզապես հաճույքի համար հրդեհված տարածքների դեպքերը՝ իրականացված, այսպես կոչված, մարդկանց կողմից, ովքեր մասուր, սունկ հավաքելուց կամ զբոսանքից հետո բնության հանդեպ որպես «երախտագիտության» նշան` այրում-հրկիզում են չոր խոտերը` հրճվելով անընդհատ տարածվող բոցերից: Հրկիզողների անպատժելիությունը հանգեցրեց այն բանին, որ նույնը սկսեց կատարվել նաեւ հենց քաղաքի կենտրոնական մասերում, ինչն էլ հանգեցրեց դեկորատիվ թփուտների ոչնչացմանը:



Այսպես` «Արցախ»  պուրակում այրվեցին վարդի թփուտներ ու թփուտ-ծառեր: Նույն բախտին են արժանացել «Դիմաց» թաղամասի՝ քաղաքի կենտրոնին կապող կամրջի մոտ, ինչպես նաեւ այլ տարածքներում գտնվող թփուտներ եւ այլ բուսատեսակներ: Ապշեցուցիչ է ոչ միայն հրկիզումների անդադրում եռանդը, քաղաքի բնապաշտպանական կազմակերպությունների եւ տեղական գերատեսչությունների քար անտարբերությունը: Միգուցե նրանց պարտականությունների մեջ միայն աշխատավարձ ստանա՞լն է մտնում կամ թե խելացի կեցվածքով հեռուստաէկրաններից հերթական անտառատնկման պլանների մասին խոսելը: Իսկ որքա՞ն գումար պետք է ծախսվի կանաչապատման վրա:



Ո՞ւր են հասարակական համապատասխան կազմակերպությունները` «Բնության պաշտպանները», շրջակա միջավայրի պահապանները, «Կանաչները», կենդանիների պաշտպանները: Հայտնի է, որ մեծ աղմուկ բարձրացավ Թեղուտի հանքավայրի շուրջ, մինչդեռ դիմահար հրդեհներն այդպես էլ չեն նկատվում:



Հայաստանի բոլոր հեռուստակայանները լուրերի հաղորդման ժամանակ անդադար ցուցադրում են այլ երկրներում բռնկված ծավալուն անտառային հրդեհները, եւ հետաքրքրական է, որ բոլորովին նոր հրշեջ մեքենաներ պատրաստ-կանգնած՝ հրամանի են սպասում, որպեսզի հազարավոր կիլոմետրեր անցնեն` հասնելու հարեւան երկրներ, պայքարելու ամենակուլ հրդեհների դեմ: Ես միանգամայն համաձայն եմ աղետի մեջ հայտնված երկրներին օգնություն ցուցաբերելու հարցում: Իսկ մե՞նք, որ չափազանց փոքր երկիր ունենք, իսկ մեզանում եղած հրդեհների ծավալնե՞րը, որ անչափելի են...



Ռաֆայել ՄՈՎՍԻՍՅԱՆ