Աղմուկ չկայացած փառատոնի շուրջ

Աղմուկ չկայացած փառատոնի շուրջ
Ադրբեջանական ֆիլմերի «Stop» փառատոնը, որ նախատեսված էր անցկացնել դեռ այս տարվա գարնանը, մի քանի անգամ ձախողվել էր եւ ի վերջո ծրագրվել նոյեմբերին, սակայն նոյեմբերին եւս կազմակերպել չհաջողվեց: Ձախողված փառատոնի կազմակերպիչը Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանն է: Նա երեկ ասուլիս էր հրավիրել եւ փորձում էր բացատրել, թե ինչու չի կայացել փառատոնը: Նա ասում էր, որ փառատոնն արգելափակել են՝ դահլիճ չեն տրամադրել, բայց թե ով է արգելափակել՝ այդպես էլ չասաց:



Փառատոնի ձախողման գործում իր մասնակցությունն է ունեցել նաեւ բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մասնակցում էր Գեորգի Վանյանի ասուլիսին եւ հարցեր էր տեղում բանախոսի վրա: Նա կարծում է, որ այդ փառատոնն ի սկզբանե ձախողված միջոցառում էր, որովհետեւ ոչ ժամանակին էր, ոչ էլ տեղին: «Ժողովրդի լեզվով ասած՝ անկապ տեղն էր: Դա զուտ գումար աշխատելու միջոց է, այնտեղ չկա գաղափարախոսություն: Ուզում եք ադրբեջանական ֆիլմեր նայել, մտեք «YouTube» եւ նայեք: Ինչ պարտադիր է, որ մի հատ էլ փառատոն անցկացնենք:



Պետք չէ կեղծ հանդուրժողականություն խաղալ»,-այսպես գնահատեց փառատոնը բլոգերը: Փառատոնը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից, մոտ 10 հազար ԱՄՆ դոլար է տրամադրվել այն անցկացնելու համար: Վանյանը պնդում էր, որ իրեն այդ գումարից ոչինչ չի մնացել, քանի որ ինքը հասարակական գործիչ է, հասարակական կազմակերպություն է ներկայացնում եւ ամեն ինչ անում է հասարակության համար: Ասուլիսին ներկա լրագրողները հիշեցին պարոն Վանյանի հակահայկական ելույթները, հարցազրույցները, որոնք հաճախ են տպագրվում «Day.az», «News.az» կայքերում, նա անգամ իր ելույթներից մեկում ներողություն է խնդրել Խոջալուի դեպքերի համար: «Խոջալուի մասին ես խոսել եմ բազմիցս: Խոսել եմ այն, ինչը ես կարեւոր եմ համարել, որպես իրավապաշտպան եւ հասարակական գործիչ: Մեր մեջ տաբու կա չխոսել Խոջալուի մասին»,-ասաց իրավապաշտպանը:



Լրագրողները Վանյանին հարցրեցին, թե արդյո՞ք ինքը հավասարության նշան է դնում Խոջալուի եւ Սումգայիթի դեպքերի միջեւ: Պարոն Վանյանը մի քանի անգամ հարցից խուսափելուց հետո պատասխանեց. «Այո, ես հավասարության նշան եմ դնում երկու դեպքերի միջեւ, քանի որ երկուսն էլ կազմակերպվել են նույն կենտրոնի կողմից՝ Կրեմլի կողմից, մեր ձեռքերով»,- մարտահրավերի նման ասաց Վանյանը: Նա հրաժարվեց մեկնաբանել իր տեսակետները, թողնելով, որ վերլուծաբանները մեկնաբանեն դրանք: Նաեւ պնդեց, որ ոչ ոք չի համարձակվում դուրս գալ արենա՝ իր հետ բանավիճելու:



Տիգրան Քոչարյանի կարծիքով, Վանյանն  ընդամենը ադրբեջանական պրոպագանդայի ներկայացուցիչն է Հայաստանում: Իսկ Վանյանը պնդում էր, որ իր փառատոնն արգելելուց հետո Թեքեյան կենտրոնում այնուամենայնիվ ադրբեջանական ֆիլմեր են ցուցադրվել: Գուցե խնդիրն այն է, որ պրն Վանյանն այդ ամենն անում է մի տեսակ հրահրիչ ձեւով, ադրբեջանական կողմի շահերի պաշտպանությունը հայկական շահերից վեր դասելո՞վ: Ինչեւէ, փառատոնը ձախողվել է, սակայն կազմակերպիչը հայտարարեց, որ սկսվում են ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման նախափառատոնյան օրեր, եւ ովքեր ցանկություն ունեն դիտելու այդ ֆիլմերը, պետք է հերթագրվեն, գրանցվեն ու ինչ-որ մի լսարանում դրանք կարող են դիտել: Վանյանը ողջ ասուլիսի ընթացքում այդպես էլ չասաց, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվելու, որքան էլ պնդեցին՝ նա չներկայացրեց որեւէ ֆիլմի սյուժե: Կարծիք կար, որ դրանք հակահայկական ֆիլմեր են: Սակայն դա հնարավոր չեղավ ոչ հերքել, ոչ էլ հաստատել:



Անշուշտ, հոգեբանական մակարդակում կարելի է հասկանալ, թե ինչու է մեր հասարակությունն այդքան ծանր տանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության մասին խոսակցություններն ու Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու գաղափարը: Երբ օդում կախված է պատերազմի վերսկսման վտանգը եւ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել տասնյակ տարիների ընթացքում կուտակված թշնամությունը, երբ հակամարտության զոհերի շիրիմները դեռ թարմ են եւ հիշողությունները ցավ պատճառող, չի կարող «Ադրբեջան» բառի եւ դրա հետ կապված ցանկացած հիշատակում վրդովմունք չառաջացնել: Սակայն չէ որ մեր երկրի սահմաններից դուրս մենք շփվում ենք թուրքական եւ ադրբեջանական ցանկացած ապրանքի, երեւույթի, ազգի ներկայացուցիչների հետ: Չէ որ պարզ է, որ մի օր պետք է կարգավորվի այս խնդիրը եւ հարեւանության սկզբունքները պետք է աշխատեն: Արդյո՞ք գեղարվեստական ֆիլմերն ու ընդհանրապես արվեստն այն ասպարեզն է, որտեղ պետք է արտահայտվի մեր թշնամանքն ու չարությունը: Ի վերջո, ինչո՞վ կարող են վտանգել մեզ, մեր ազգային ինքնությունը այդ ֆիլմերը, որոնց դեմ պայքարի միակ միջոցը, փաստորեն, մնացել է դրանց ցուցադրման համար դահլիճ չտրամադրելը: Ի վերջո, Գեորգի Վանյանին հերոսացնելու եւ այս փառատոնի շուրջ աղմուկ սարքելու այս գործընթացն ի՞նչ իմաստ ունի՝ արտերկրին ցույց տալ մեր վայրենությո՞ւնը: Իսկ գուցե այդ ֆիլմերն ընդհանրապե՞ս հանդիսատես չունենային, եւ դա մեր վերաբերմունքի լավագույն դրսեւորո՞ւմը լիներ: