Կրկին կոտրած տաշտակի առջեւ

Կրկին կոտրած տաշտակի առջեւ
Արտաքին քաղաքականությունը մեկ սերիանոց կինոնկար չի, որ ավարտվի մեկ քայլով, հետեւաբար, սխալ է հայտարարել, թե ՀՀ նախագահի՝ Կիպրոսում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ շեշտադրումները հաստատեցին, որ գործընթացն այլեւս ավարտված է: Երկու հասարակություններն էլ ծայրաստիճան ազգայնական են, եւ, բնականաբար, նման հայտարարությունները տեղին էին մանավանդ Կիպրոսում, որովհետեւ մեզնից ոչ պակաս հակաթուրք են: Հայ-թուրքական հարաբերություններում «ֆուտբոլային դիվանագիտություն» փուլն ավարտվեց, որովհետեւ ավարտվեցին ֆուտբոլային հանդիպումները:



Անկարան ընտրությունների նախօրյակին, բնականաբար, հակահայկական ու ազգայնական հայտարարություններ է անում, ինչը Հայաստանի նախագահը չի կարող անպատասխան թողնել: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո կա փոքր հավանականություն՝ հայ-թուրքական հարաբերությունների ֆորմատի ձեւափոխման, թարմացման, թերեւս ճիշտ կլիներ մեր ընտրությունները եւս ավարտվեին եւ նոր վերսկսվեր այս գործընթացը:



Հայ-թուրքական արձանագրությունների տապալումից Թուրքիան տեսականորեն այդքան էլ շատ  կորուստ չունեցավ, որովհետեւ նա ըստ էության հաստատեց ստախոսի իր իմիջը, որը միջազգային հարաբերություններում այդքան էլ մեծ խնդիր չի առաջացնում, հատկապես, որ Թուրքիան բազում այլ իմիջային ուղերձներ է ի ցույց դնում, այսինքն՝ իր համար «արտաքին քաղաքականություն» ասվածը միայն հայ-թուրքական հարաբերությունները չեն, ի տարբերություն մեզ:



Մեզ մոտ սա ամենահիմնարար զարգացումն էր վերջին հնգամյակի կտրվածքով, որտեղ մենք ցույց տվեցինք, որ այնքան էլ պատրաստ չենք Անկարայի նման դերակատարի հետ հավասարը հավասարի գնալու: Չպատրաստված լինելով հանդերձ՝ իմիջային  հաղթանակը մենք տարանք, աշխարհը տեսավ, որ Հայաստանը պատրաստ է գնալ դրան, եւ Թուրքիայի մեղքով է, որ տապալվեց սա:



Մենք հասկացանք, որ սահմանների բացմանը պատրաստ չենք՝ ոչ տնտեսապես, ոչ հասարակության առումով: Քանի տարի մենք բարձրաձայնել ենք` «ամոթ Թուրքիային», որ փակել է սահմանը, մենք ենթագիտակցաբար հասկանում ենք, որ Թուրքիան նույնիսկ մեզ լավություն է արել սահմանը փակելով, այլապես հնարավոր է զարգացումներն այլ կերպ ընթանային: Կորուստ էր այն, որ հասարակության մեջ լարվածությունը մեծացավ, հասարակությունը բաժանվեց երկու հատվածների՝ փոխադարձ մեղադրանքներով հանդես գալով: Մենք կրկին մնացինք մեր կոտրած տաշտակի առաջ:



Ինչեւէ, ինչքան էլ մենք ասենք՝ փակ սահմաններով մենք զարգացանք, բոլորի աչքը հանեցինք եւ այլն, բայց ամեն դեպքում, եթե լինեին բաց սահմաններ, հաստատ ավելի շատ կզարգանայինք, տնտեսությունն ավելի առողջ կլիներ ու չէինք բողոքի օլիգարխներից ու օլիգոպոլիաներից: Արձանագրությունների տապալումը, սակայն, միանշանակ Անկարայի մեղքն էր:



Արտակ ՇԱՔԱՐՅԱՆ

թուրքագետ- վերլուծաբան