Ասել-խոսելու վարպետները

Ասել-խոսելու վարպետները
Երբ սահմանին անհանգիստ է, ոչ մի կերպ չի հաջողվում մտածել ու գրել մեր ներքին հարցերի մասին: Մի տեսակ անորոշ ու անհասցե անհանգստությունը թույլ չի տալիս կենտրոնանալ մեր պուճուր ու անհեթեթ խնդիրների վրա՝ ով ում չբարեւեց, ով որտեղ հանրահավաք արեց, ով ինչ բոցաշունչ ճառ ասաց, պաշտոնյաներն ինչպես ու ինչքան ստեցին, քծնեցին, թալանեցին… Բանակից ու սահմանից հասնող լուրերը ստվերում են թողնում մեր ճղճիմ կյանքը, ստիպում մտածել միայն սահմանին կանգնած մարդու մասին, ում կյանքը վտանգված է: Ընդ որում՝ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ոչ միայն շարքային, «անտեր» զինվորների կյանքն է վտանգված, այլեւ ղեկավարներինը. վերջին օրերի զոհերից մեկը գնդապետ է, Ղարաբաղում հայտնի մարդ, շտաբի պետ, ով գնացել է զոհվածի դին բերելու ու դիպուկահարի տեղը պարզելու եւ ինքն էլ ընկել է դավադիր կրակոցից: Այս ցավալի, ողբերգական պատմությունների ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարությունը գիտաժողով է անում, քննարկում հարեւանների հետ ծագած կոնֆլիկտի պատմամշակութային արմատներն ու քարոզչական պատերազմի առանձնահատկությունները: Միայն վերնագիրն ինչ ասես արժե՝ «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության»: Անշուշտ, չի բացառվում, որ կարեւոր հարցեր են քննարկում, եւ դրանց մասին խոսելն էլ օգտակար է: Կարող է օգտակար լինել, երբ քննարկած ու լուծած կլինենք մարդկային կյանքը պաշտպանելու, բանակում զոհերի քանակը բացառելու, զինված ուժերը ժամանակակից ու մարդու կյանքի համար անվտանգ դարձնելու խնդիրները: Թե չէ մենք Երեւանում նստած՝ տարբեր թեմաներից ասում-խոսում ենք, իսկ սահմանին մեր տղաներն են զոհվում: Գոնե պաշտպանության նախարարն այս օրերին պետք է ոչ թե Երեւանում լիներ, այլ այնտեղ, որտեղ զինվոր ու հրամանատար են զոհվել: