Անհիմն էյֆորիա

Անհիմն էյֆորիա
Միշտ զարմացել եմ, թե ինչպես կարող են նույն տեքստը տարբեր մարդիկ տարբեր կերպ ընկալել: Երեկ ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հարցազրույց էր տվել եվրոպական լրատվամիջոցներից մեկին, որը մեր որոշ լրագրողների ու քաղաքական գործիչների, կարծում եմ՝ անհիմն էյֆորիա էր պատճառել: Մարդն ընդամենը ասել էր այն, ինչ վաղուց հայտնի է բոլորիս: Որ ԼՂՀ շուրջ անվտանգության տարածքները, բացի Լաչինից, հանձնվելու են Ադրբեջանին: Որ մինչեւ հանրաքվեն Ղարաբաղը հատուկ կարգավիճակ է ունենալու: Որ փախստականները վերադառնալու են: Եվ որ կան դեռ չհամաձայնեցված դետալներ՝ ինչպես Լաչինի միջանցքի լայնությունը, ու թե ով է այն այս փուլում վերահսկելու: Ինչպես նաեւ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակը սահմանող հանրաքվեն երբ եւ ինչ տարածքում է իրականացվելու: ԼՂՀ-ն պնդում է, որ դա պետք է Ղարաբաղում անցկացվի, Ադրբեջանը՝ իր տարածքում: Այն, ինչ գերագույն բավականություն է պատճառել մերոնց, վերաբերում է ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին, որն ըստ Կասպրշիկի, չի կարող զիջել այսօրվա եղածին, եւ, ըստ նրա՝ այդ միջանկյալ ժամանակահատվածում միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ-ն: Գուցե դրա մեջ կարելի է դրական բան որսալ. միջազգային հանրությունը կճանաչի ԼՂՀ-ն, մենք էլ կասենք՝ հոպ, արդեն ճանաչել ես, էլ հետդարձ չկա: Բայց եթե այդ ճանաչումից հետո հանկարծ որոշվի, որ x տարի անց վերջնական կարգավիճակը որոշելու նպատակով իրականացվելիք հանրաքվեն անցկացվելու է ողջ Ադրբեջանի տարածքում, քանի՞ կոպեկի արժեք ունի այդ ճանաչումը: Կամ՝ եթե հանրաքվեն անցկացվի Ղարաբաղում, բայց էլի x տարի անց, իսկ մինչ այդ դեմոգրաֆիական պատկերը ոչ հօգուտ մեզ փոխված լինի: Այնպես որ, Կասպրշիկի հայտարարություններից, իմա՝ լվից ուղտ սարքել պետք չէ: Դեռ շատ ջրեր կհոսեն: