Վճռորոշ պա՞հ

Վճռորոշ պա՞հ
Վերջին 10 տարիներին հավանաբար հարյուրավոր անգամներ օդում շոշափվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտալուտ հեռանկարը, եւ նույնքան անգամ էլ պարզվել է, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսել: Այս անգամ եւս Մինսկի խմբի համանախագահների հերթական այցից ու երեկվա հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կազանյան հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես համաձայնության են գալու: Ըստ էության, հայտնի են համաձայնության շրջանակները, հայտնի են տարաձայնությունների մանրամասները: Անգամ ասվում է, որ համաձայնության կնքմանը՝ սեղանի վրա եղած սկզբունքներին Հայաստանի իշխանությունները կողմ են, դեմ է Ադրբեջանը: Ակնհայտ է, որ միջնորդների համբերությունը վերջնականապես սպառվել է, եւ բոլորն ինչ-որ փաստաթղթի ընդունում են ակնկալում: Երեկ եւս համանախագահների հայտարարության մեջ անհամբերություն էր զգացվում: Նրանք կոչ արեցին «ձեռնպահ մնալ պրովոկացիոն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին այս վճռորոշ պահին»: Բայց հակամարտությունն այնքան երկար ու այնքան անհուսալի պատմություն ունի, որ ոչ մեկի, անգամ հակամարտության «զոհերի» հավատը չի գալիս, որ այն երբեւէ լուծվելու է: Բայց առավել կարեւոր է այն, որ հակամարտության լուծման անհրաժեշտության գիտակցությունը կարծես թե Ղարաբաղում չկա: ԼՂՀ-ում ոչ ոք չի հետեւում բանակցային գործընթացին, իսկ երբ խոսք է գնում դրա եւ ընդունվելիք փաստաթղթի մասին, ղարաբաղցիները թերահավատությամբ նշում են, որ եթե իրենց կարծիքը հաշվի չի առնվում, ապա դրանից ոչինչ էլ չի ստացվի: Եվ իրոք՝ իսկ եթե փաստաթուղթը ստորագրվի, իսկ ղարաբաղցիները դեմ լինեն, ի՞նչ է սպասվում: Այս մասին մտածե՞լ են: