Պատճառը Ղարաբաղն է

Պատճառը Ղարաբաղն է
Երեկ քաղաքական գործիչներից մեկը հետաքրքիր վերլուծություն արեց իշխանություն-ընդդիմություն երկխոսության վերաբերյալ, որը նաեւ տեղավորվում է տրամաբանության շրջանակներում ու կարծես թե մոտ է ճշմարտությանը: Ըստ այս վարկածի, վերջին 10-15 օրում ինչ-որ բան է փոխվել բանակցային գործընթացում: Վերջին ամիսներին իշխանությունը զգում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման մոտալուտ հեռանկարը եւ ջանք չէր խնայում դրան նախապատրաստվելու համար: Քանի որ ԼՂՀ հարցի վերաբերյալ ցանկացած փաստաթղթի ստորագրում ուղեկցվում է իշխանական սարսափով եւ իշխանափոխության հավանականությամբ, ուստի հարկավոր էր ներքին ֆրոնտում աջակցություն ապահովել: Դրան էին ուղղված քաղբանտարկյալների ազատ արձակումը, ընդդիմության մյուս պահանջների կատարումը եւ երկխոսության պատրաստակամությունը: Սակայն թերեւս մի 10-15 օր առաջ ինչ-որ շրջադարձ է տեղի ունեցել: Իշխանության համար պարզ է դարձել, որ ոչ մի փաստաթուղթ էլ հունիսի վերջին Կազանում չի ստորագրվելու: Հնարավոր է, որ պատճառն ադրբեջանական կողմի դեմ լինելն է կամ մի նոր նյուանս, ինչից մենք անտեղյակ ենք, բայց այն փոխել է դեպքերի սպասվող ընթացքը: Այս պարագայում երկրի ներսում զիջումների գնալը, կասկածելի հետեւանքներով երկխոսություն սկսելը, ընդդիմության պահանջները կատարելը պարզապես դառնում է անիմաստ: Դրանք իմաստ կունենային, եթե այս ամիսը շրջադարձային լիներ Ղարաբաղի հարցում եւ իր մեջ ներքաղաքական ընդզվումի սպառնալիք պարունակեր: Այնպես որ, հայտարարված երկխոսությունը, ապա դրանից անսպասելի նահանջելը կարող են կապված լինել արտաքին գործընթացների հետ: Դա նշանակում է, որ իշխանությունը ոչ թե քաղաքական կատեգորիաներով է առաջնորդվում, այլ սոսկ սեփական շահով ու աթոռները պահպանելու պրիմիտիվ տրամաբանությամբ: