Երկու ճշմարտություն

Երկու ճշմարտություն
Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում կարելի էր միանգամայն հաջողված համարել եւ անգամ ողջունել, եթե չլինեին որոշ բացթողումներ, որը, համոզված եմ, մեր հանրությունն «ականջի ետեւ» չի գցի: Խոսքը հարցուպատասխանի մասին է: Խոսելով խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ հասկացությունների մասին, ՀՀ նախագահն ի լուր աշխարհի հայտարարեց. «Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ապա առավելություն կստանա Ադրբեջանը, քանի որ այն իր ժողովրդին քսան տարի պատրաստել է պատերազմի»: Անշուշտ, սա ճշմարտություն է, եւ ես, ամեն դեպքում կողմ լինելով ճշմարտության հրապարակմանը, ուրախ եմ, որ այն հնչել է երկրի առաջին դեմքի շուրթերից: Բայց ինչո՞ւ ԵԽԽՎ ամբիոնից եւ ինչո՞ւ այժմ: Երբ տարիներ շարունակ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, կերակրել են տարրական ու ամոթալի ստով, թե՝ մենք հզոր ենք, ինչպես երբեք: Թե՝ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է: Թե՝ եթե պատերազմը վերսկսվի, Բաքուն կգրավենք ու Կասպից ծովը «կսարքենք արյան ծով»: Վերջապես ե՞րբ են մեր քաղաքական գործիչները հասկանալու, որ չի կարող լինել երկու ճշմարտություն՝ մեկը ներսի սպառողի համար, մյուսը՝ դրսի: Մեկը՝ յուրայինների համար, մյուսը՝ օտարների: Կարելի է պատկերացնել, թե մեր ազգայնականներն այսօր եւեթ ինչ աղմուկ են բարձրացնելու, ինչպես են անարգանքի սյունին գամելու Սերժ Սարգսյանին այս «պարտվողականության», «թշնամուն ուրախացնելու», մեր հաղթանակները քամուն տալու համար: Իսկ եթե չեն անելու՝ տարբեր գեներալներ ու ազատամարտիկներ՝ ավելի վատ: Ուրեմն սրանց պոռոտախոսությունն ընդամենը քաջնազարություն է, եւ նրանք իշխանությունից կառավարվող հերոսներ են: Այնուամենայնիվ ի՞նչ է սպասվում Ղարաբաղին: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը՝ կազանյան հանդիպման շեմին: