Ինչի՞ եք սպասում՝ կոալիցիոն գլոբալ տաքացմա՞ն...

Ինչի՞ եք սպասում՝ կոալիցիոն գլոբալ  տաքացմա՞ն...
Կոալիցիոն համընդհանուր սեւեռումն ինձ ապշեցնում է, եւ ուզում եմ ասել՝ ինչի՞ եք սպասում... Սրա ու նրա միավորումները ձեզ ի՞նչ պիտի տան կամ երկրին ի՞նչ պիտի տան... Հրաշքների՞ եք սպասում, թե՞ ուզում եք լիակատար վայելել ձեր վերջնական հիասթափությունը... Մի բան պարզ է՝ ինչպես էլ երկուսը գումարեն երկուսի, պատասխանը 4 է լինելու: Կոալիցիոն խմբավորման ինչ տարբերակ էլ կազմեն՝ նախագահական ընտրությունների մաս է կազմելու... Շրջանառության մեջ է՝ ի՞նչ անեն, որ նախագահական ընտրություններն ավելի հարթ անցնեն: Օրակարգում միայն սա է: Իսկ թե նրանց միավորմանն ինչ գնահատական կտա ժողովուրդը, որ կուսակցության մասին ինչ կմտածի, դա նրանց հետաքրքրում է այնքան, որքան ժողովուրդը: Վերջերս պատկառելի տարիքով մի մարդու հետ էի զրուցում. «Մեզ համար ի՞նչ տարբերություն, թե մեզ ոնց են թալանում՝ խմբակայի՞ն, թե՞ կիսախմբակային,- ասաց նա,- թող իրենք մտածեն, թե ոնց հարմար կլինի՝ ավելի օպտիմալ մեր կաշին քերթելու»:



Ժողովուրդը հասկանում է, որ բոլոր կոալիցիաները սեփական խնդիրները լուծելու, կարգավորելու համար են, ինքը պարզապես կոալիցիոն դիտորդ է: Հայրենակիցներիցս մեկն էլ այսպես արտահայտվեց. «Մեղրի կճուճն ընկնողը, չհավատաք, այնտեղից դուրս չի գա, այնքան մեղր կուտի, որ նրան այդտեղից դուրս կհանեն: Թող կշտանան, դեռ լավ չեն կշտացել... Գագիկ Ծառուկյանն իր մեղրի կճուճը թողնում, ժողովրդի թթվի կճուճն էր մտնում, բա ի՞նչ եղավ»...



Հիմա ի՞նչ կոալիցիայի եք սպասում... Նաիրա Զոհրաբյանի գլոբալ տաքացմա՞նն եք սպասում: Չի բացառվում, որ Ծառուկյանը փրկչի դերը շարունակի տանել՝ կոալիցիոն կամ անկոալիցիոն ձեւով, խաղը տաքացնի... Ամեն ինչ հաշվարկվում է, միայն մի բան չի հաշվարկվում՝ այն անդունդի խորությունը, որ առաջանում է ժողովրդի ու իշխանության միջեւ...



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ