Ամենավտանգավորն այն է, որ ժողովուրդը դեգրադացվել է

Ամենավտանգավորն այն է, որ ժողովուրդը դեգրադացվել է
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում Վայոց ձորի թիվ 39 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական, ՀԱԿ անդամ Ավետիկ Ավետիսյանը հավաքել է 7 հազար 356 ձայն, հանրապետական Աշոտ Արսենյանը` 20 հազար 833: Աշոտ Արսենյանը ծնունդով Վայոց ձորի Գնդեվազ գյուղից է, եղել է Ջերմուկի քաղաքապետ, իսկ 2003 եւ 2007 թվականներին պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով: Ավետիկ Ավետիսյանը նույնպես ծնունդով այս մարզից է եւ եղել է Եղեգնաձորի  գործադիր կոմիտեի նախագահ: Ավետիսյանը կենսաթոշակառու է: Աշոտ Արսենյանը՝ գործարար, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, որ ընտանիքը տեղափոխել է Գերմանիա, ինքն էլ մեծամասամբ այնտեղ է լինում: Հիմա էլ այնտեղ է:



Մեզ հետ զրույցում Ավետիկ Ավետիսյանն ասաց, որ առաջադրվել էր մեկ պատճառով.  համաձայն է ՀԱԿ բարձրացրած խնդիրների հետ, համամիտ է, որ փոփոխություններ են պետք, եւ առաջադրվել է այս նպատակների համար պայքարելու հույսով: Ավետիկ Ավետիսյանին չի մտահոգել փաստը, թե Աշոտ Արսենյանը 2003-ից պատգամավոր է. «Նախ նա պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով: Եվ հետո, եթե նախկինում ընտրվել է, դա չի նշանակում, թե հավերժ պատգամավոր է լինելու»:



Մեր զրուցակիցը պարտվել է թեժ ընտրապայքարում, Արսենյանը` հաղթել: Բայց Ավետիսյանը վերապահումով է վերաբերում այս ընտրության ելքին. «Նախ ասեմ, որ շնորհակալ եմ այն ավելի քան 7 հազար քաղաքացիներից, ովքեր հալածանքների պարագայում ինձ ձայն են տվել: Իսկ «հաղթել» բառը դարձել է խարդախության, սրիկայության, նվաստացման, կաշառատվության համախումբ: Եթե դա համարում ենք հաղթանակ, որի հականիշը պարտությունն է, ապա այդ հաղթանակի հականիշը հաստատ պարտվելը չի: Դրա հականիշը հաղթելն է: Այս ամենի մեջ ինձ համար ամենացավալին ու վտանգավորն այն է, որ մարդիկ` ժողովուրդը, դեգրադացվել են: Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր բուլգակովյան շարիկովների նման իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, ինչու են անում այն, ինչ անում են: Սրանք այն մարդիկ են, որ հետո երեկոներն իրենց երեխաներին ու թոռներին հայրենասիրության ու ազնվության մասին դասեր են տալիս, խրատներ կարդում: Իրականում նրանք խեղաթյուրում են իրականությունը: Ինչպես Թալեյրանն է ասել՝ դա ավելի վատ է, քան դավաճանությունը, դա սխալ է»:



Ավետիկ Ավետիսյանի համար ոչ պակաս ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդկանց, այդ թվում` նոր 18-ը լրացած եւ առաջին անգամ ընտրող երեխաներին «բեռնատարներով քշում-տանում հանրահավաքների: Ի՞նչ պետք է հասկանա այդ երեխան այս երկրից եւ այս ընտրություններից: Մի արվեստագետ կոչված ժամանակին ասաց՝ թող մարտի մեկին հանրահավաք չանեին ու չսպանվեին: Բա էդ նույն արվեստագետը հիմա ո՞ւր է, ինչո՞ւ չի ասում՝ մայիսի չորսին թող երեխեքին զոռով չտանեին հրապարակ, որ չայրվեին: Հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ ողբերգություն եղավ, ասում են` պետական բյուջեի հաշվին են բուժում ստանում... է, թող իրենց կուսակցության հաշվին բուժեն: Եթե հանկարծ ընդդիմության հավաքի ժամանակ նման բան լիներ, հիմա աշխարհով մեկ կթմբկահարեին»:



Ավետիսյանը վստահ է, որ եթե այսօր ՀՀԿ-ն, լինելով իշխանություն, կարողանում է ժողովրդին կաշառել, վաղը նույն ժողովրդին կկարողանա կաշառել ուրիշ պետություն: Իսկ կուսակցությունները կսկսեն հայրենասիրական քարոզներ, կաղմկեն, թե ինֆորմացիայի արտահոսք կա, շոուներ կսարքեն. «Ամենաշատն իրենք կխոսեն դրա մասին, բայց ոչ ոք չի հիշի, թե դա ինչից, երբ եւ ինչպես սկսվեց»:



Ավետիսյանը շարունակելու է պայքարը Հայ ազգային կոնգրեսի կազմում: Իսկ թե որքանով կհաջողի` ցույց կտա ժամանակը: Նա Սահմանադրական դատարանում չի բողոքարկել ընտրության ելքը, սակայն ՍԴ ներկայացրած ՀԱԿ դիմումում կան նաեւ Ավետիսյանի ներկայացրած փաստերը:



 Արամ ԶԱՔԱՐՅԱՆ