Մեռնող գյուղերում ընտրությունները խաղաղ են

Մեռնող գյուղերում ընտրությունները խաղաղ են
Ընտրություններից առաջ Մոզրովում Հանրապետականի դրոշակները գյուղացիներից շատ էին: Այդ ճերմակ, քամուց ծածանվող լաթի կտորներն աշխուժություն էին հաղորդում Վայոց ձորի այս կորած անկյունին: Բայց Մոզրովն օրինապաշտ գյուղ է, եւ մայիսի 6-ից հետո բոլոր դրոշները հավաքեցին: Մոզրովի փլված քարանձավից էլ բարձր այս գյուղում ծվարել է չարքաշ կյանքով ապրող մոտ 15 ընտանիք: Մի 40-45 մարդ ապրի, թե չէ: Երիտասարդ տղաներ չկան: Հենց հասունանում են, փախչում են Ռուսաստան: Աղջիկները չգիտեն, թե ում հետ ամուսնանան: Բայց, դատելով ընտրությունների արդյունքներից, իշխանություններին այս գյուղում սիրում են: Նախագահական ընտրությունների ժամանակ 90 տոկոսը Քոչարյանին էր ձայն տվել: «Ախր դա խիղճ չի, մի քիչ էլ էս կողմը դրեք, չէ՞ որ վերջը էս մարդիկ էլ են ձայն ստացել: Հասկացանք, կեղծել, բայց էսքա՞ն»,- ասում է մոզրովցի մի կին, ով 2008-ին տեղամասային հանձնաժողովի անդամ է եղել: Հիմա էլ միամտաբար մեզ է պատմում այս մասին եւ զգուշացնում է. եթե գյուղապետն իր անունն իմացավ, խայտառակություն կլինի:



Այս անգամ կեղծիքների կարիք էլ չկար: 114 մարդ մասնակցեց ԱԺ ընտրությանը՝ ցուցակներում նշված 158 հոգուց: Մեծ մասն այստեղ ուղղակի գրանցված է, բայց վաղուց բնակվում է Եղեգնաձորում, ներքեւի գյուղ Արփիում, Երեւանում: Մայիսի 6-ին բացակաները մեքենաներ են նստել եւ, կռիվ տալով գալարապտույտ սողանքային գրունտահողի հետ, որը չի կարելի ճանապարհ անվանել, եկել-ընտրել են միասնաբար: 79 մարդ ՀՀԿ-ին տվեցին ձայները, 17 հոգի՝ ԲՀԿ-ին: 114 հոգուց ՀԱԿ-ին ձայն տվեց ընդամենը 4 հոգի:



«Հենց տեսանք, որ ՀԱԿ-ը 4 ձայն է ստացել, հասկացանք, թե ով կարող էր լինել: Դա մի ընտանիքի անդամներ են, բայց ստեղի բնակիչ չեն: Նրանք, կարծեմ, Եղեգնաձորում են ապրում»,- պատմում է Աննա Մկրտչյանը, որը հանձնաժողովի անդամներից էր ու նաեւ գյուղի երիտասարդ ակտիվիստներից: Նա համալսարանի իրավաբանականն է ավարտել, բայց հիմա գործ չունի: Հայրն է պահում նրան, ինքն էլ պահում է իր նշանածի հաշմանդամ մորը: Նշանածը զոհվել է ավտովթարից, Աննան սեւ է հագնում: «Ես խոսք էի տվել, որ տեր կկանգնեմ նրա ծնողներին»:



Աննայի հիմնական պահանջն ինտերնետն է: Ամեն անգամ, երբ Եղեգնաձորից մոտիկ մարդ է Մոզրով գալիս, գյուղացիները խնդրում են, որ հետը մի մոդեմ բերի, որ գլոբալիզացվող աշխարհին գոնե համացանցի միջոցով միանա: Ինտերնետը գյուղացու գրպանին հասանելի չի`ամիսը 4 հազար 500 դրամ է պետք, իսկ փող Մոզրովում չկա: Ինչպես չկա խանութ, տրանսպորտ, ջահելություն, դպրոցի շենք:



«Մեզ չեն փոխելու, ուզում ա աստված գա, թեւերը փռի, ասի` թռեք, մենք նույնն ենք, մեր հողն ա, մեր անասունը, ուղղակի գալիս են, խոստումներ են տալիս, գնում են: Եթե ինձանով լինի, ես ոչ մեկին էլ չեմ ընտրի: Նախագահն էլ եմ ես, պատգամավորն էլ, գյուղապետն էլ ես եմ մեր ընտանիքի, մեզանով մենք ապրում ենք, լավ հասկացրի՞» ,- Ելենա Մանուկյանն է ասում՝ մի չաղ ու աշխատասեր կին Մոզրովից: Նրա ամուսինը` Աբոն, իր «Վիլիսն» աչքի լույսի պես է պահում, բայց խանութ գնում է ձիով: Բենզինը թանկ է, իսկ մեքենայի վրա գազի համակարգ տեղադրելու փող չկա:



Գյուղի երկու դպրոցականները` Էրիկն ու Մյասնիկը, դաս են անում գյուղապետարանի շենքում: Մեկը, ինչպես գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանն է ներկայացնում, վիրավոր ազատամարտիկի երեխա է: Մյուսն էլ նրա հորեղբոր տղան է: Երկուսն էլ՝ Ավետիսյան: «Ձեր գյուղը սիրո՞ւմ ես»,- խոսեցրի վիրավոր ազատամարտիկի որդուն: «Այո», - պատասխանեց: «Ինչո՞ւ, հեռու չի՞»: «Հեռու է»,- հազիվ դուրս եկավ Մյասնիկի բերանից, մեկ էլ գյուղապետը վրա եկավ: «Ասա՝ որովհետեւ հեռու է: Դրա համար էլ սիրում եմ, որ հեռու է: Բայց ումի՞ց է հեռու: Երեւանի՞ց: Ասա՝ գուցե դուք եք մեզանից հեռու»: Բայց երեխան չասաց ու գլուխն ավելի կախեց:



Գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանն ուրախանում է, որ հաջորդ տարի մի ընտանիք էլ է գալու գյուղ` աշխատանքի տեղավորման գործակալության ուղեգրով: «Ի՞նչ գործ է անելու» հարցիս գյուղապետը խորհրդավոր պատասխան է տալիս. «Անասնապահության բնագավառում աշխատելու համար»: Այդ ընտանիքում դպրոցահասակ երեխա կա, եւ հաջորդ տարի Մոզրովի դպրոցը երեք աշակերտ կունենա, որոնք կսովորեն կողք կողքի միեւնույն դասասենյակում:



8 կմ դեպի սահման գտնվող Գնիշիկ գյուղի համար Մոզրովն աշխարհի կենտրոնն է: Սահմանամերձ գյուղը վաղուց որսատեղի է դարձել: Ոչ միայն աշակերտ, դպրոց էլ այս հին գյուղում չկա: Փուլ է եկել: Կիսաքանդ եկեղեցին է ինչ-որ հրաշքով կանգուն, թեպետ ոչ պատ ունի, ոչ տանիք: Երկու տղամարդ է մնացել Գնիշիկում: Մեկը գործերով գյուղից դուրս է գնացել: Մյուսն ահա՝ կիսաքանդ եկեղեցու խորանում նստած:



37 տարվա չոբան Վանիկ Հայրապետյանը հին եկեղեցու միակ պահապանն է: «Վախտին լիքն էր ստեղ, մոմ էին վառում, աղոթում: Եկեղեցին մարդկանց տեր էր կանգնում: Հիմա եկեղեցուն է տեր պետք»,- ասում է Վանիկը: Վանիկն է դիմավորում եկող-գնացողին, բայց երկար ժամանակ է, ինչ որսորդներից  բացի այս կողմերում մարդ չի երեւացել: «Ստեղ ոչ մինն էլ եկել չի: Էսօր ա, որ ժողովուրդ ա երեւացել, նոյեմբեր, դեկտեմբեր, մենք ստեղ մարդ չենք տեսել: Մենակ ձմեռը մի տրակտորիստ ա եկել, ճամփեն բացել: Ժամանակին ստեղ 150 տուն ա եղել, բոլորը քոչել են: Ղաչաղը մենք ենք»:



Վանիկն ու նրա կինը` Լիդան, Գնիշիկի քար լռությունը վայելում են երկար տարիներ: Նրանք այնքան են մերվել մեկը մյուսին, որ վաղուց իրար հետ չեն խոսում եւ հաղորդակցվում են հայացքով ու ժեստով: Ինչքան խնդրեցի, որ նկարվելուց Վանիկը ձեռքը Լիդայի ուսով գցի, չհամաձայնեց: Տարեց մարդիկ այստեղ անհարմար են զգում միմյանց նկատմամբ սիրո դրսեւորումներից:



Մեռնող գյուղում իրենց կյանքը Վանիկն ու Լիդան ազատ աքսոր են անվանում, որին վաղուց համակերպվել են: Տան կահույքից սեղան, երկու աթոռ ու երեք մահճակալ ունեն: Մեկը` ամուսինների մեջտեղում դրվածը, ղոնաղի համար է: Լիդան ամաչում է, երբ հարցնում եմ. «Որտե՞ղ եք լողանում»:  Պարզվեց՝ տան մեջ ջուր չկա: Լողանում են տան հետնամասում: «Էսքան տարի աշխատել ենք, սա է մեր վաստակը»,- ասում է Լիդան:



Անգամ այս տխուր նախադասությունն արտասանելիս այս կինը տարօրինակ ժպտում է եւ ծալում ծնկները, կարծես վախենում է, որ իր տունը ղոնաղին դուր չի գա: Նրա բարի ու կնճռոտ դեմքն ավելի է կնճռոտվում, երբ հարցնում եմ ընտրություններից: «Չեմ գնացել»,- ջղայնանում է ու էլի  ժպտում: «Կով ունենք, ապրանք ունենք, ո՞վ պահի դրանց: Մենակ գնալ-գալը ոտքով 8 ժամ է: Էն տարի մեզ տարան ընտրելու, թողեցին գյուղումը: Չէինք կարա գանք: Տղիս զանգեցի, եկավ ավտոյով բերեց-քցեց գյուղ, մուննաթով, գնաց: Էլ չեմ գնացել»: Այստեղ ոչ մի թեկնածու չի եկել: Քարոզարշավ չի անցկացվել: Պաստառներ, դրոշներ, նկարներ չեն փակցրել: Մեռնող գյուղերում արշալույսները խաղաղ են: Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները չեն փոխում դրանց մահվան դանդաղ ընթացքը: