«Ատչոտների» շրջան Լոռիում

«Ատչոտների» շրջան Լոռիում
Թեեւ Լոռու մարզում ՀՀԿ-ն ԲՀԿ-ից կրկնակի շատ ձայներ է ստացել, բայցեւայնպես կուսակցության ղեկավարությունը գոհ չէ ընտրության արդյունքներից: Ըստ ԿԸՀ տվյալների, այնտեղ գրանցվել է քվեարկությանը մասնակցության ոչ բարձր մակարդակ, ինչը ներկայումս ներքին վեճերի եւ տարաձայնությունների թեմա է մարզի չորս առանցքային դեմքերի միջեւ` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ոստիկանության պետ Անուբախ Համբարյանի, թիվ 29 ընտրատարածքում մեծամասնականով հաղթած  Դերժավայի Արկադիկի եւ մեկ այլ ՀՀԿ-ականի` Հովհաննես Սահակյանի, ով իշխող կուսակցության «ինտերվյու» տվողներից է եւ իր վերջին հարցազրույցներում առիթը բաց չի թողել Սերժ Սարգսյանի հասցեին քծնողական արտահայտություններ անելու: Իսկ Հանրապետականի վերնախավի ներկայությամբ նա հաճախ է դժգոհություններ հայտնում Արկադի Համբարձումյանից: Օրինակ, հայտարարում է, որ վերջինս կուսակցության հաղթանակի համար այնքան էլ քրտնաջան չի աշխատել: Դերժավայի Արկադը հակասություններ ունի նաեւ ոստիկանապետի հետ:



Գնդապետ Համբարյանի եւ նրա միջեւ վերջերս լուրջ սկանդալ է հասունանում՝ կապված գազի բիզնեսի եւ լիցքավորման կայանների վերահսկողության հետ: Թե լցակայանների բիզնեսի առումով, թե «լծակների», նրանք գործադիրում «տանիքների» խնդիր ունեն: Այս իմաստով Արկադի Համբարձումյանի հույսը մարզպետ Արթուր Նալբանդյանի բարեհաճությունն է մնում: Վերջինս էլ վաղեմի մտերմություն ունի Էդուարդ Շարմազանովի հետ:



Բայց ընտրությունների անակնկալ ընթացքը հօգուտ մարզպետի չէր, եւ հիմա նա պետք է ապացուցի, թե ինչու են Լոռիում ընդդիմությանը շատ ձայներ տվել: Մարզպետին «ատչոտների» ծանր շրջան է սպասվում: Մարզի կարկառուն դեմքերը պետք է ապացուցեն ՀՀԿ «մեծերին», թե ով մեղքի ինչ բաժին ունի նման զարգացումների համար, եւ իհարկե, ապացուցման ընթացքում իրար վրա «բոչկա» կգլորեն:



Ներքին հաշվետվությունների գործընթացին զուգահեռ, Լոռիում ակտիվացել են խոսակցությունները նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին այդ պաշտոնին վերադարձնելու մասին: