Մինուս-պլյուս

Մինուս-պլյուս
Դե ինչ, օրվա գլխավոր հարցի պատասխանն արդեն ունենք. կոալիցիա չի ձեւավորվում: Ծառուկյանը որոշեց պահպանել իր դեմքը եւ մեծացնել քաղաքական ռեսուրսը: Անկեղծ ասած, անսպասելի որոշում էր, մինչ օրս բազմաթիվ անգամներ համոզվել էինք, որ այս թիմը նախընտրում է իշխանության թեւի տակ ծվարել: Կարելի է ասել, որ հաճելիորեն զարմացած ենք:



Փաստորեն, այս քաղաքական ուժին եւ նրա ղեկավարին թերագնահատել էինք, նրանք իրենց դեմքը պահպանելու, իրենց հեղինակության ու իմիջի վրա աշխատելու ցանկություն ունեն: Ինչ է նշանակում կոալիցիայի չգոյությունը: Նախ, խորհրդարանն ավելի հետաքրքիր կլինի, այնտեղ կդառնա քաղաքական պայքարի թատերաբեմ:



Սա նշանակում է, որ ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ձեւավորվելիք ճահիճը չենք ունենա: Նաեւ առաջիկա 6-8 ամիսներին քաղաքական պրոցեսները չեն մարի երկրում, եւ ՀՀ նախագահի պաշտոնի համար բուռն պայքար կընթանա: Անգամ եթե այդ պայքարի մյուս կողմում կանգնած է լինելու Ռոբերտ Քոչարյանը, միեւնույնն է՝ նման պայքարը շատ ավելի օգտակար կլինի երկրին, քան նախապես որոշված թեկնածուի անարգել հաղթանակը:



Հաջորդը. մեզանում ռեալ ընդդիմություն ձեւավորվելու հեռանկար է բացվում: Թե այդ ընդդիմությունն ինչ տեսք կունենա, ովքեր կմտնեն դրա մեջ եւ ինչքանով կկարողանան հասարակության վստահությունը շահել, այլ հարց է: Բայց կոալիցիայի ձեւավորումը ուժեղ հարված կլիներ ընդդիմության դաշտին ու գաղափարին:



Եվ վերջապես, կառավարման, գործադիր իշխանություն ձեւավորելու ամբողջ պատասխանատվությունը կստանձնի մեծամասնություն կազմող ուժը՝ Հանրապետականը, ինչը կնշանակի, որ հինգ տարի անց կկարողանանք հստակ ասել, թե ով է պատասխանատու երկրի կործանման կամ բարգավաճման համար: Ի վերջո, կբացահայտվի ԲՀԿ կոչվող ուժի իրական դեմքը: