Եթե շունը կծում է, ո՞ւմ են դատում՝ շա՞նը, թե՞ տիրոջը

Եթե շունը կծում է, ո՞ւմ են դատում՝ շա՞նը, թե՞ տիրոջը
«Հարսնաքարում» կատարվածը եւ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի մահը վերջին օրերին համախմբեց հազարավոր քաղաքացիների, ովքեր մի շարք բողոքի ակցիաներ անցկացրին նախ «Հարսնաքարի», ապա նախագահականի եւ դատախազության առաջ՝ պահանջելով պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին եւ մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին: Իսկ ի՞նչն է խանգարում, օրինակ, մեր մտավորականներին, ովքեր այնպես համախմբվեցին սերիալների թեմայի շուրջ եւ նամակ ուղղեցին Սերժ Սարգսյանին, միանալ այս պայքարին եւ պահանջել, որ  Ռուբեն Հայրապետյանը պատժվի:



Ժողովրդական դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը թերահավատ է, թե ինչ-որ մեկը կպատժվի, առավել եւս՝ Հայրապետյանը. «Զուր է, աղջիկս, այդ մարդն այնքան զորեղ է, այնքան փող ունի, եւ առաջին անգամ չէ, որ կոծկվում է ամեն ինչ, զուր է, մեզ բանի տեղ դնողներ չկան: Լռել չի լինում, բայց մեռանք խոսելով՝ լսող չկա: Դուք կարծում եք, որ նրան կհանե՞ն պառլամենտից... ոոոչ... արդարացման ձեւ կգտնեն, կասեն՝ նա միայն այդ ռեստորանի տերն է եւ պատասխանատու չէ այդ կռվի համար, նա կարող է անգամ ամբաստանի, ասի՝ հանցանքը մեռնողինն է, ոչ թե մեռցնողինը: Ես ընդհանրապես այդ ռեժիմին դեմ եմ, այդ օլիգարխ կոչեցյալներին, մի մարդու անուն, որ Նեմեց Ռուբո լինի, նա ի՞նչ իրավունք ունի դեպուտատ լինելու, նա ընդհանրապես իրավունք չունի պառլամենտում նստելու... ես միանշանակ բողոքում եմ ու կստորագրեմ: Ուրիշ պատիժ մեր իրավասության տակ չի մտնում, մենք միայն մանդատից կարող ենք իրեն զրկել, բայց չեն զրկի, որովհետեւ նա փողի ուժով ամեն ինչ կանի: Նա այն օլիգարխներից մեկն է, որով մեր պետությունն ապրում է: Իսկ մենք չունենք մտավորականներ, որ ասեն «այո» այսպիսի դեպքերում... Ռոբերտ Ամիրխանյա՞նն «այո» կասի, թե՞ Ռազմիկ Դավոյանը... դրա՞նք են մեր մտավորականները, դա մեր տրագեդիան է, որ չունենք մտավորականներ...»:



Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով այն, ինչ տեղի ունեցավ «Հարսնաքարում», անհանդուրժելի բան է. «Այդ չարիքները տեղի են ունենում այն պատճառով, որ հենց սկզբից դրանց պատասխանները չեն տրվում, Ղարաբաղյան շարժումից սկսած, այն, ինչ որ տեղի ունեցավ Գորբաչովի օրոք, եթե նա բոլորովին ուրիշ գնահատական դներ, այս ամենը շարունակություն չէր ունենա, այսինքն՝ ոչ մի չարիք գլխից չի պատժվում»: Հետաքրքրվեցինք, թե միացե՞լ է Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու եւ մեղավորներին պատժելու քաղաքացիական կոչին: «Ես չեմ կարծում, որ մենք պետք է պահանջենք, որ հանցագործը պատժվի, դա պիտի տեղի ունենա, երբ որ տեղի չի ունենա, այդ ժամանակ նոր մենք դրա մասին կխոսենք»: Այնուամենայնիվ, եթե մտավորականները նամակով դիմեն նախագահին՝ հետամուտ լինել եւ պատժել մեղավորներին, ինքը կստորագրի՞: «Ես սիրում եմ ինքս իմ ձայնը բարձրացնել, ես չեմ սիրում նամակների տակ ստորագրել, բայց եթե դրա կարիքը զգացվի՝ կանեմ»:



Երվանդ Մանարյանի գնահատմամբ՝ մեր հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում ոտքի կանգնել բարոյապես եւ իր իրավունքների տերը դառնալ ու դրա համար «տրամաբանորեն քայլում է դեպի նման երկիր: Մենք տեսնում ենք, թե ինչպես ենք բարոյապես անկում ապրում, սա է խնդիրը: Շատ ափսոս, փառավոր տղա էր, բայց խոսքը միայն մեկ մարդու մասին չէ, համակարգն է այդպիսին, ես չեմ կարծում, որ այս ամենի նկատմամբ հատկապես իշխանության կողմից խելամիտ մոտեցում կա: Եթե մենք մեղավորներին պատժենք, ես կարծում եմ, որ մենք ոչինչ չենք փոխի, որովհետեւ այդ մեղավորները, ովքեր ջահել տղայի մահվան պատճառ դարձան, պարզապես գործիք են, բայց գործիքը գործի են դրել ու ընդ որում գործի են դրել ապաշնորհ ձեւով, որովհետեւ զարմանալի արհամարհանք ունեն հասարակության նկատմամբ»:



«Եթե շունն առանց նամորդնիկի ինչ-որ մեկին կծում է, այդ ժամանակ ո՞ւմ են դատում՝ շա՞նը, թե՞ տիրոջը,- մեզ հետ զրույցում ասում է Ռուբեն Հախվերդյանը:- Եթե օրենքը գիտես, ուրեմն պատասխանն էլ գիտես՝ տիրոջն են դատում»: Իսկ մեր երկրում կդատե՞ն այդ տիրոջը, ինչին Հախվերդյանն այսպես է արձագանքում. «Դուք կարծում եք, որ սա երկի՞ր է... գուցե ապագայում դառնա, չգիտեմ, բայց հիմա դեռ երկիր չի դառել»:



Երգահան Վահան Արծրունու կարծիքով էլ «Հարսնաքարի»  դեպքը ցույց տվեց, որ մենք արդեն եզրագծին ենք հասել. «Երբ «Հարսնաքարի» պատերի տակ մոմավառություն էր, իսկ ներսում՝ «չսառած» գերեզմանի վրա հարսանիք էր, դա շատ խորհրդանշական էր: Սա մաքուր սոդոմ է եւ նշանակում է, որ մարդկային բարքերն ու ընդհանրապես այն կյանքը, որով ապրում է ազգը, կարծես մեղքի ծովի մեջ թաթախված լինի: Այն հոծ բազմությանը, որ ներկա էր մոմավառությանը, ժողովրդական այն ցասումը, որ բարձրացել է անարդարության դեմ, այդ փոխգնդապետի ցանկությունը՝ պայթեցնելու այդ օբյեկտը, աշոտյանների ցինիզմը, նախագահի գնալն ու ֆուտբոլին ներկա լինելը, պաշտպանության նախարարի ցինիզմը, ով ասում է, որ հեռախոսով հետը խոսել եմ ու ինչ որ պետք է, ճշտել եմ... այ քեզ բան... հեռախոսո՞վ եք այդ հարցերը լուծում...., այսինքն՝ սա իրադարձությունների մի շարան է, որը ցույց է տալիս հանրությանը, թե ինչ հրեշավոր իրականության մեջ ենք մենք ապրում:



Իսկ այն մարդիկ, ովքեր հասկանում, գիտակցում են այս խայտառակ իրավիճակը, իրենք պետք է իրենց դրսեւորումը գտնեն, նույնիսկ ծայրահեղ, այնպես որ այդ զինվորականի պայթեցնելու ցանկությունը լրիվ բացատրելի է, որովհետեւ այդ զինվորականն առաջին հերթին առաջնորդվել է պատվի ու արդարության զգացողությամբ: Ի՞նչ ընթացք կարող է ունենալ, եթե ընդհանրապես օրենքը չի գործում, այն, ինչ կատարվում է, դուրս է նորմալ մարդկային բանականությունից: Բնական է, որ յուրաքանչյուր քաղաքացու մոտ այդ հարցն առաջանում է՝ ո՞նց կարելի է զբաղվել քաղաքականությամբ, երբ քո վարժեցրած շները հոշոտում են քաղաքացիներին:



Բայց Ռուբեն Հայրապետյանին դաշտից հանելով՝ ընդամենը տեղի կունենա հերթական սեփականության վերաբաշխումը, որովհետեւ իր ընկերություն-ախպերությունը հիմա նստած հազիվհազ իր թուքն է բերանում պահում, որովհետեւ գիտի, թե ինչ պատառներ են իրեն հասնելու: Այնպես որ նորություն չի կարելի սպասել այս իրավիճակից եւ գուցե քաղաքական փոփոխությունների հաշվին շտկվի, փոխվի: Նախագահը գարանտն է ու պատասխանատուն երկրի ներսում տեղի ունեցող կյանքի: Հիմա ի՞նչ իմաստ ունի մտավորականությանը դիմել նախագահին, որ սերիալներն արգելի կամ էլ «Հարսնաքարի» դիրեկտորին պատժի: Դա մանկամտություն է, դու հոշոտող ախրաննիկին կդիմե՞ս, որ քեզ էլ չհոշոտի: Դա փակ շղթա է, մինչեւ այդ շղթան չկտրվի, մինչեւ այդ պերսոնաժները, ովքեր ապահովում են երկրի կացությունը, չհեռանան դաշտից, ոչ մի որակական փոփոխություն չի լինի երկրում»:



ՀԳ - Երեկ երեկոյան, հակառակ բոլոր կանխատեսումներին, Ռուբեն Հայրապետյանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո, պատգամավորի մանդատից հրաժարվեց: