Փակ պատուհան

Փակ պատուհան
Օր առաջին



Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Ըստ մարդու ստեղծած օրացույցի, ձմեռ էր: Հունվար: Ըստ Աստծո՝ գարնանային ջերմ եղանակ էր դրսում, ու ես նախընտրեցի Աստծո օդը շնչել, որտեղ ժամանակ ու օր չկար, իսկ հունվարը կարող էր նաեւ ապրիլյան օծանելիքի բույր ունենալ... Աղբատար մեքենան խեղճացած նայում էր բակում ցիրուցան եղած ամանորյա աղբին, որն այսօր անտանելի գարշահոտ ուներ... Քիչ առաջ մեր սեղանին դրված, զարդարված պասուց տոլման հայտնվել էր աղբատարի մեջքին, աղցանի մնացորդների, մորթված ու չկերված խոզերի ու դատարկ շշերի հետ: Քիթս բողոքեց: Պատուհանս չփակած՝ նայեցի երկնքին, որտեղից երկրագնդին նայող մի երեխա իր թեւը երկարեց, մատները մխրճեց աղբատարի մեջ ու մի ափ ուտելիք տարավ իր հետ դեպի անհայտը:



Փակ պատուհան:



Օր երկրորդ



Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Վարորդը խնդրեց, որ փակեմ այն... Քամին ծոծրակին էր խփում: Անմիջապես փակեցի: Ձեռքը տարավ ռադիոընդունիչի կոճակին, պտտեց աջ ու ձախ եւ ընտրեց անուն չունեցող մի երաժշտություն, որի ֆոնին հայրենիքիս դրոշի գույները խառնվեցին իրար, հեռավոր դաշտերում տնկված ծիրանենիները ծաղկաթափ եղան, երկինքը փակեց իր զույգ ականջները, ու աղոթքս տեղ չհասավ:



Փակ պատուհան:



Օր երրորդ



Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Հարեւանս՝ հարբած, իր վեց երեխաների մոր հետ զրուցում էր հայհոյերեն: Կինն իր վիզը եզան հեզությամբ կախած՝ սպասում էր ամուսնու մահվանը... Օղին սրբում էր նրա մարմնի ներսում բացված վերքերը, իսկ երկնքից վիսկիի հոտ էր փչում, ու մի հարուստ մարդ իր սիգարի մոխիրն էր անտարբեր թափ տալիս աշխարհի երեսին:



Փակ պատուհան:



Օր չորրորդ



Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Դասատուս կիտեց ունքերն ու հրամայեց պատուհանից դուրս չնայել: Մնացի դասատուիս երեւակայության չորս պատերի մեջ՝ դրսում թողնելով այն ամենը, ինչը չսովորեցի հենց նրա՛ պատճառով: Դասարանում սովորեցի գումարել, հանել, բաժանել ու բազմապատկել, երբ պատուհանից դուրս նայելով՝ կարող էի սովորել-բավարարվել եղածով:



Փակ պատուհան:



Օր հինգերորդ



Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Երկնքում սլացող պատերազմական հրթիռները նման էին մանուկ հասակում պատրաստած իմ թղթե սպիտակ հրթիռներին, որոնք ինչքան էլ ուղիղ նետեի օդում, միեւնույն է՝ անկում էին ապրում:



Արեւելքն ու արեւմուտքը դադարեցին ծառայել նրան, ում անունն էին կրում, արեւը, իր մշտական ճանապարհը կորցրած, Երկիր մոլորակի մեր բակում ընկավ, երկար գլորվեց ու կանգ առավ երեխայիս ոտքերի արանքում, ով, ֆուտբոլ խաղալուց հոգնած, վերցրեց ոսկե գնդակն ու մեծացավ:



Փակ պատուհան:



Օր վեցերորդ



Պատուհանս չկարողացա բացել թարմ օդ շնչելու ակնկալիքով: Օդանավում էի: Ավիաընկերության աշխատակիցը զգուշացրեց, որ օդանավը վայրէջք է կատարելու Երկիր մոլորակում, որին հասնելու համար ես եւ բոլոր ուղեւորները ահագին երկար ճանապարհ էինք անցել:



Հայրերն ու մայրերը սիրել էին իրար, հետո մայրերը մեզ իրենց մեջ էին գրկել ամիսներ շարունակ, որ մեր ծննդով լուսավորվեին աշխարհի բոլոր բնակարանները, որ բացվեին պատուհանները բոլոր,  որ թարմ օդով ողողվեր աշխարհը, եւ որ ո՛չ ոք ծնված լինելու հրաշքից զուրկ չմնար...



Բաց պատուհան:



Վայրէջք:



Օր յոթերորդ



Հանգիստ:



 Նուշիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ