Հաղթանակը մոտ է

Հաղթանակը մոտ է
Պարզ է, որ նախագահականում տագնապում են: Ընտրություններից մի քանի ամիս առաջ երկրում բռկվող՝ «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգության դեմ շարժման ընթացքն ու ապագան կանխորոշելն ու վերահսկելը իհարկե հեշտ չէ: Նախագահականի ուշքն ու միտքը շարժումը խաղաղելը, կասեցնելն ու մարելն է, եւ Նեմեցին պատգամավորական մանդատից զրկելը նաեւ դրան միտված քայլ է, որն արվեց, իհարկե, ժողովրդի պահանջի, ճնշումների արդյունքում: Դժվար թե պատգամավորի իր առաքելությունը թողնելը հեշտ որոշում եղած լինի, երեւի Նեմեցի կյանքում ամենաողբերգական ակնթարթներից մեկն էր` նկատի ունենալով նրա գիտակցության մեջ փայլատակող պատրանքների չափն ու տրամաբանությունը, իր տիրոջ թիկունքին ավելի մոտ լինելու վառվող մղումը: Հիմա հերթը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնինն է, հետո կերեւա:



Ազգային ժողովում մեկ օլիգարխի բացակայությունը, փաստորեն, մեծ ձեռքբերում Է: Դարձել է: Էդպես են արել: Բայց մեկ օլիգարխով ավել, մեկով պակաս` երկրում իրավիճակ չի փոխվում, թերեւս իրադրություններ ու քայլեր, որոնք ուղղված են համակարգի տեւումը երկարելուն՝ մինչեւ փափագած նախագահականի ընտրությունները: Սերժ Սարգսյանը Նեմեցի հետ դժվար թե կոպիտ խոսացած լինի, պարզապես ստեղծված իրադրության մեջ խորհուրդ է տվել նրան մի փոքր խոհեմ վարվել եւ գնալ այդ քայլին՝ հանուն մոտ ապագայում սպասվող լուսավոր կյանքի վերահաստատման:



Ընտրություններից առաջ ռեժիմի ներսում տիրող հոգեբանական մթնոլորտի տոնուսը բարձր պահելը ռազմավարական նշանակություն ունի, եւ Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում դա: Իր թիկնապահներից մեկի` Նեմեցի ավանդների, ընտրություններում նրա կարեւորագույն դերի մասին ամենից լավ քաջատեղյակ է հենց ինքը, եւ նրան նեղացնելու աստիճանը ցուցադրական սանդղակի է հպվում: Խնդիրն իրավական հարթակից բարոյական հարթակ տեղափոխելով՝ հանցանքը կրկնվում է: Պետության նախագահը, տեսնելով ստեղծված պայթյունավտանգ վիճակը, մեծ տագնապով պետության Ազգային ժողովի պատգամավորին, իր մերձավոր կուսակցին կանչում է ՄՈՏԸ, հորդորում մանդատը վայր դնել, այսպիսով տերը հիշում է, որ տեր է միայն այն ժամանակ, երբ ցնցվում է իր ստեղծած իշխանության շենքը: Նա կրկին խառնվում է պետության մեջ ծագած խնդրին ու իր «խստաբարո ձեւը» կիրառելով՝ փորձում լուծում տալ: Փողոցային լուծում:



Եվ ով իմանա, թե ապագայում ինչ պաշտոններ են սպասվում Նեմեցին: Ամեն ինչ հնարավոր է, բայց պիտի բացառել հնարավորությունը, պիտի բացառել ու վերջնականապես ջնջել երկրից մահվան այս իշխանությունը, մահվան տեւականությունը: Եվ այդ անում են մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ովքեր ձայն են բարձրացնում, ընդվզում են ու ներկայացնում իրենց արդարացի պահանջը, բոլորը միասին` հավատալով, վստահելով մեկմեկու, որ մոտ է մահվան ավարտի իշխանությունը, որ մոտ է հաղթանակը: