Մտավորականությունը աջակցում է սիրիահայերին

Մտավորականությունը աջակցում է սիրիահայերին
Երեկ «Հայրենադարձություն եւ սիրիահայության աջակցություն» նախաձեռնող խումբը Հայաստանի գրողների միությունում կազմակերպել էր մտավորականության հավաք՝ «Սիրիայում ապրող հայության համար ստեղծված տագնապահարույց դրությունը եւ Հայաստանի կողմից համակարգված աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը» թեմայով: Հավաքի մասնակիցներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Սիրիայում ապրող հայության վերաբերյալ, որ անկանխատեսելի զարգացումներով քաղաքական իրավիճակի հետեւանքով այսօր հայտնվել է տագնապալի եւ վտանգավոր իրադրություն մեջ:



Նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հատկապես նշվում էր. «Մենք՝ քաղաքացիական հասարակության եւ, մասնավորապես, մտավորականության ներկայացուցիչներս, այսօր հավաքվել ենք՝ մեր մտահոգությունը հայտնելու սիրիահայության օրըստօրե վատթարացող վիճակի կապակցությամբ եւ այդ մտահոգությունները ձեւակերպելու եւ ներկայացնելու պետական իշխանություններին»:



Հայտարարությունը պարունակում էր նաեւ երեք կետից բաղկացած առաջարկ, որոնք, նրանց համոզմամբ, շտապ արձագանքման կարիք ունեն:



1. Հրատապ ստեղծել Սիրիայում ապրող հայության աջակցության աշխատանքների համակարգման միջկառավարական հանձնաժողով՝ մի քանի օրում մշակելով արագ արձագանքման գործողությունների ծրագիր:



2. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է կազմակերպի արտահերթ հեռուստամարաթոն՝ ստեղծելով Հայաստանում սիրիահայերի աջակցության հիմնադրամ, որը կօգտագործվի ըստ նրանց կարիքների:



3. «Զվարթնոց» օդանավակայանը եւ «Արմավիա» ընկերությունը պետք է ժամանակավորապես դադարեցնեն շահույթ ստանալ սիրիահայերից՝ ինքնաթիռի տոմսի արժեքը հավասարեցնելով ինքնարժեքին եւ ավելացնելով չվերթները ըստ պահանջարկի:



Այն, ինչ չի անում պետությունը, փաստորեն, փորձում է անել մտավորականությունը՝ ընդգծելով, որ այսօր մենք կանգնած ենք ազգային համաձայնության եւ համերաշխության հասարակություն ստեղծելու հրամայականի առջեւ: Մտավորականները չեն դիմում իշխանությանը, որպեսզի սիրիահայերի հայրենադարձությունը կազմակերպվի միջպետական մակարդակով, այլ պայմաններ ստեղծվեն այն հայերի համար, ովքեր չեն ցանկանում քաղաքական իրադարձությունների հետեւանքով բնակվել Սիրիայում: Նրանց մեջ կան մարդիկ, որ սահմանափակ միջոցներ ունեն եւ չեն կարող վճարել օդանավի տոմսի արժեքն ամբողջությամբ: Բացի այդ, հավանաբար Հայաստանի իշխանության անտարբերությունն է պատճառը կամ ոչ գրկաբաց վերաբերմունքը, որ սիրիահայերը գերադասում են Լիբանան կամ Արեւմուտք արտագաղթել, քան հայրենադարձվել:



Հավաքի վերջում տեղի ունեցավ ստորագրահավաք, որը հայտարարության տեքստի հետ կփոխանցվի իշխանությանը:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ